Գլխավոր Լրահոս

Առանց ահաբեկչությանը վերջ տալու քաղաքական անցում չի կարող լինել. Ասադը՝ RAI UNO-ին

Առանց ահաբեկչությանը վերջ տալու քաղաքական անցում չի կարող լինել. Ասադը՝ RAI UNO-ին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել իտալական RAI UNO հեռուստաալիքին և խոսել Սիրիայում քաղաքական անցման, իշխանության ղեկին իր մնալու հնարավորության մասին: Հարցազրույցից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

- Ինչպե՞ս արձագանքեցիք Փարիզից ստացված լուրերին:

- Փարիզի ահաբեկչությունը սարսափելի հանցագործություն էր, և մենք Սիրիայում հասկանում ենք՝ ինչ է դա. մենք դրանից տառապում ենք արդեն հինգ տարի:

Մենք ցավում ենք ֆրանսիացիների, ինչպես նաև լիբանանցիների համար և ռուսների, նկատի ունեմ Սինայում կործանված ինքնաթիռի զոհերին, և թերևս եմենցիների, սակայն արդյոք աշխարհը, հատկապես Արևմուտքը ցավո՞ւմ է այդ մարդկանց համար, թե՞ միայն ֆրանսիացիների: Արդյոք ցավո՞ւմ են սիրիացիների համար, որոնք արդեն հինգ տարի է՝ տառապում են նույնպիսի ահաբեկչությունից: Մենք չենք կարող քաղաքականացնել զգացմունքը, այն ազգության հետ կապ չունի, այն առհասարակ մարդկային է:

- Դրանց հետևում կանգնած է «Իսլամական պետությունը», սակայն այստեղից, Դամասկոսի տեսանկյունից որքա՞նով է հզոր այն: Ինչպե՞ս կարելի է, ըստ Ձեզ, տեղում պայքարել ահաբեկիչների դեմ:

- Եթե ցանկանում եք խոսել ԻՊ-ի հզորության մասին, առաջին հերթին պետք է հարցնեք՝ արդյոք տվյալ հասարակության մեջ այն ունի՞ իրական, բնական ինկուբատոր: Մինչև այս պահը կարող եմ ասել, որ Սիրիայի ներսում ԻՊ-ը բնական, սոցիալական ինկուբատոր չունի:

- Այո, բայց որոշ ահաբեկիչներ վարժվել են այստեղ՝ Սիրիայում, մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ի՞նչ է դա նշանակում:

- Դա արվել է թուրքերի և սաուդցիների, կատարցիների և անշուշտ արևմտյան քաղաքականության օգնությամբ, որոնք ճգնաժամի սկզբից աջակցել են ահաբեկիչներին տարբեր ձևերով, սակայն դա չէ հարցը: Նախևառաջ՝ եթե դու չունես ինկուբատոր, չպետք է անհանգստանաս, և երկրորդ՝ նրանք կարող են ուժեղ լինել այնքան ժամանակ, քանի դեռ հզոր աջակցություն են ստանում տարբեր երկրներից՝ մերձավորարևելյան կամ արևմտյան:

- Պրն նախագահ, Արևմուտքում կան շահարկումներ, ըստ որոնց՝ ճգնաժամի սկզբից Դուք եք աջակցել ԻՊ-ին՝ ընդդիմությանը բաժանելու նպատակով: Ինչպե՞ս եք դրան արձագանքում:

- Իրականում ամերիկացի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը, հայտարարել են, որ Ալ-Կաիդան ստեղծվել է ամերիկացիների կողմից Սաուդյան Արաբիայի վահաբական փողերով և գաղափարախոսության օգնությամբ: Իսկ ԻՊ-ն ու Ալ-Նուսրան Ալ-Կաիդայի ճյուղավորումներն են: Ինչ վերաբերում է ԻՊ-ին, այն ստեղծվել է Իրաքում 2006թ., և դրա առաջնորդն էր ալ-Զարքավին, որն այն ժամանակ սպանվել է ամերիկյան ուժերի կողմից, այսպիսով՝ այն հիմնադրվել է ամերիկյան հովանու ներքո Իրաքում: Իսկ ԻՊ-ի այսօրվա առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին պատիժ է կրել ամերիկյան բանտերում, Նյու Յորքի բանտերում  և ազատ արձակվել նրանց կոմից: Այսպիսով՝ դա Սիրիայում չի սկսվել, այլ Իրաքում, և դա սկսվել է դրանից առաջ Աֆղանստանում, և Թոնի Բլեերը վերջերս դա ասել է, որ, այո, իրաքյան պատերազմը օգնել է ստեղծել ԻՊ-ը: Հետևաբար նրանց խոստովանությունը ամենակարևոր ապացույցն է:

- Նայելով Սիրիայի քարտեզին՝ թվում է՝ սիրիա-իրաքյան սահմաններ այլևս գոյություն չունեն: Սիրիայի ո՞ր հատվածն եք Դուք իրապես վերահսկում այս պահին:

- Եթե Դուք նկատի ունեք աշխարհագրորեն, դա փոխվում է ամեն օր, սակայն ամենակարևոր բանն է, թե որքան բնակչություն կա կառավարության վերահսկողության տակ: Իրականում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասում զինյալները տարհանել են բնակչությանը, կամ մարդիկ ապաստան են գտել կառավարության կողմից վերահսկվող տարածքներում: Հարցն այն է, թե որքան սիրիացի է  սատարում կառավարությանը:

- Անցյալ հանգստյան օրերին երկու կարևոր հանդիպումներ են եղել Սիրիայի հարցով՝ Վիեննայում և Անթալիայում: Շատ երկրներ խոսում են Սիրիայում քաղաքական անցման մասին: Կան տարբեր դիրքորոշումներ, սակայն հիմնականում երկրների մեծ մասը համաձայն է այն մտքի հետ, որ ընտրություններն անցկացվեն 18 ամսից: Խոսվում է նաև այն մասին, որ Դուք հեռանաք: Ո՞րն է Ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ:

- Վիեննայի հայտարարության հիմնական մասն այն է, որ քաղաքական գործընթացին վերաբերող ամեն ինչի շուրջ պետք է համաձայնության գան սիրիացիները: Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այն կախված է սիրիացիների կայացրած համաձայնությունից:

- Հասկանում եմ, սակայն դիտարկո՞ւմ եք իշխանությունից հեռանալու  տարբերակը: Պատկերացնո՞ւմ եք ընտրական գործընթաց առանց Ձեզ:

- Ընտրական ասելով՝ ի՞նչ նկատի ունեք՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական:

- Խորհրդարանական:

- Անշուշտ, լինելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք ցույց են տալու, թե որ քաղաքական ուժն է ազդեցիկ Սիրիայում, սիրիացի ժողովրդի շրջանում:

- Իսկ նախագահակա՞ն:

- Նախագահական… եթե սիրիացիները իրենց երկխոսության արդյունքում որոշեն նախագահական ընտրություններ անցկացնել, չկա որևէ բան, որը կոչվում է կարմիր գիծ:  Սակայն դա իմ որոշումը չէ:

- Ըստ Ձեզ, ո՞րն է ճգնաժամից դուրս գալու իրատեսական ժամանակացույցը:

- Եթե դուք ցանկանում եք խոսել ժամանակացույցից, այն սկսվում է ահաբեկչությունը պարտության մատնելուց հետո, իսկ մինչ այդ որևէ ժամանակացույցի իմաստ չկա, քանզի քաղաքականապես որևէ բանի հասնել անհնար է, քանի դեռ Սիրիայի բազմաթիվ տարածքներում ահաբեկիչներ կան և կլինեն. իրական քաղաքական առաջընթացի գլխավոր խոչընդոտը նրանք են:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում