Գլխավոր Լրահոս

Վերցրե՛ք փողը և քվեարկե՛ք «ոչ»

Վերցրե՛ք փողը և քվեարկե՛ք «ոչ»

Սերժ Սարգսյանի այցը Սյունիքի մարզ, 14.10.2015թ.:

Արդեն ոչ մի կասկած չկա, որ իշխանությունն աննախադեպ կեղծիքների ճանապարհով է անցկացնելու հանրաքվեն, ինքը դրա համար աղետալի շատ պատճառներ ունի՝ «այո-ոչ»-ի հեռուստաշոու, «այո»-ի տեսահոլովակն ինչ-որ սղալած դեմքերով երիտասարդների մասնակցությամբ, Սերժ Սարգսյանի ամառանոցային «բենեֆիսը» մեզ դեռևս անհայտ ծերունու մասնակցությամբ, և, իհարկե, իշխանության հանդեպ արդեն գրեթե պատճառաբանություն չճանաչող ատելությունը, որը մահմեդական երկրներում ցանկացած վայրկյան վերածվում է արյունահեղության (Չաուշեսկուի Ռումինիան էլ՝ ձեզ նվեր)։ Ուրեմն, որո՞նք են այն կեղծիքները, որ քվեարկությունից առաջ և ընթացքում կարող է թույլ տալ իշխանությունը և ինչպես դրանց դեմ կարելի է պայքարել։

Առաջինն ընտրակաշառքն է։ Մարզերում քիչ չեն մարդիկ, որոնց այդ փողը պարտավորեցնում է՝ նրանք, իսկապես, չեն կարող չվերցնել, դրանով նախ կմատնեն, որ մտադիր չեն «այո» քվեարկել և երկրորդ, առաջարկողը կարող է նախկինում նրանց լավություն արած մեկը լինել։ Ուրեմն, վերցրեք փողը և քվեարկեք «ոչ»։ Քվեախցիկում ոչ ոք չի կարող վերահսկել ձեր գրչի շարժումը։ «Ոչ» քվեարկելով՝ դուք նվազագույնը պատասխանում եք այն նվաստացմանը, որ ձեզ են ենթարկել փող վերցնել ստիպելով։ Եթե վերցրել եք հաճույքով, այսպես ասած, «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ, բայց իսկապես ուզում եք «ոչ» քվեարկել ու վախենում եք բռնվել (մտածելով, որ ամբողջ գյուղը կարող է «ոչ» քվեարկել ու դուք մատնվեք), մի անհանգստացեք, ձեր գյուղապետը, նրա տիկինը և կնոջ քույրը ձեր ալիբին են, նրանք որ հաստատ «այո» են քվեարկելու։ Դուք միշտ կարող եք ասել, որ դրանցից մեկը ձեր «այո»-ն է, գնացեք ու գտեք մյուսներին։

Երկրորդ, ձեզ փող են տվել և պահանջում են ապացույցներ, որ դուք փողը «ճիշտ» եք աշխատացրել։ Մի անհանգստացեք, դուք հանգիստ ձեր բջջայինով կարող եք նկարել ձեր «այո»-ն ու միայն դրանից հետո քվեարթերթիկի վրա գրել ձեր «բարեմաղթանքները» իշխանություններին՝ այդպիսով փոզմիշ անելով ձեր և լավամարդ լինելու պարտավորությունը, և՛ նվաստացումը, և՛ ձեր «այո»-ն։ Հավատացեք, կեղծիքի դեմ պայքարի հայկական ուղիներն ավելի բազմազան են, քան՝ բուն կեղծիքները։ Ձեր հիմնական խնդիրն այն է, որ ձեզ որպես ուժ չեք զգում, մտքներովդ չի անցնում, որ մի ամբողջ Հայաստանի Հանրապետություն է ձեզ հետ, բոլորն են ուզում այս իշխանությունների հետ մի վճռական անգամ իրենց հաշիվները փակել-վերջացնել, բայց իրենց ուժ չեն զգում: Ձեր գլխավոր խաբկանքն այն է, որ ձեր գյուղից դուրս աշխարհ չկա: Լիճքը Տաշտունին չի ճանաչում որպես օժանդակ հզորություն, Արմավիրն էլ՝ Էջմիածնին: Բոլորդ դարձել եք ձեր բնակավայրերի «որբերը» իշխանության անպատժելիության դեմ: Ձեզ թվում է, որ եթե բողոքեցիք, մեկը կբամփի ձեր գլխին ու կլռեցնի: Եթե անգամ եղել է նման դեպք, մեղքը բամփողինը չէ, ընկերներ: Եթե դուք դրանից հետո չեք ապավինել Սահմանադրությանը, մեղքը Սահմանադրությանը չէ: Եթե դուք ձեր քվեից չեք սկսվում, ձեզանով հնարավոր չէ սկսել: Քվեախցիկը դուք եք, ձեզ են նկատի ունեցել դա հնարելու համար: Քվեախցիկը, ընկերներ, որբից, անտերից ձեզ վերածում է տիրոջ, որովհետև առանց նրա իշխանությունը ձեզ չի կարող որբացնել: Այսինքն, ձեզ ոչնչացրած ուղարկում է այնտեղ, որպեսզի այնտեղից դուք վերադառնաք դեմքի իսպառ բացակայությամբ: Իշխանությունը ձեզ «գիտի», որովհետև դուք եք դադարել իմանալ ինքներդ ձեզ, դուք ձեզ հանձնել եք իշխանության «իմացությանը»:

Ամենաառաջին նախապայմանն այն է, որ ձեր քվեախցիկն անձեռնմխելի է։ Այնտեղ ոչ ոք չի կարող իր քիթը խոթել։ Հնարավոր է նաև, որ դուք իսկապես չեք ուզում վերցնել ընտրակաշառքը, ոչ մի դեպքում չեք ուզում, որովհետև ձեր «ոչ»-ը պարզապես չի վաճառվում։ Մի՛ շտապեք բղավել այդ մասին։ Դուք կարող եք զուտ բառերով վաճառել ձեր «ոչ»-ը։ Ի՞նչ պետք է անեք։ Ընտրակաշառք առաջարկողին հանգիստ ասեք՝ ես «այո»-ական եմ, ձեր փողն ինձ պետք չէ։ Դուք ցույց կտաք, որ «արժանապատիվ «այո»»-ական եք, դա կշփոթեցնի «այո»-ականներին, ավելի ճիշտ՝ ընտրակեղծարարներին, նրանք կմտածեն, որ ձեզ նմանները շատ են և իրենց հաղթանակն անկասելի է։ Սա շատ կօգնի բթացնել իշխանությունների զգոնությունը։ Ըստ էության հանրաքվեի աղը դուք եք՝ «կեղծ» «այո»-ականներդ։

Եթե ձեզ առաջարկել են կարուսելի մեխանիզմը դարձյալ, այսինքն, քվեատեղամաս մտնելուց առաջ դրսում համապատասխան կեղծարարից վերցնել արդեն «այո» քվեարկած թուղթը և մտնել տեղամաս, հենց այնտեղ կարող եք նույն քվեաթերթիկի վրա գրել «բարեմաղթանքներ» իշխանության կամ նրա ձեզ առանձնապես «հաճելի» դեմքերի մասին, քվեաթերթիկը նետել քվեատուփը, վերցնել մաքուր քվեաթերթիկը և դուրս գալ։ Կարուսելն անխափան մեխանիզմ է միայն վախկոտի կամ քաղքենու գլխում: Եվ ընդհանրապես, կեղծիքների մտածման երևակայությունը միշտ կարող է բախվել դրանց կանխարգելման երևակայությանը: «Ոչ»-ի հեռուստաքարոզիչները հենց ընտրակեղծարարության դեմ պայքարի դեղատոմսերով հանդես գան հեռուստատեսությամբ: Նրանք պետք է մարզային բնակչին վերջապես կարողանան սովորեցնել, համոզել, որ ընտրատեղամասում ինքը անպաշտպան չէ դրսում իրեն սպասող գիշատչից, որը պահանջում է «արդյունավետ» քվե:

Կեղծարարի գլխավոր «ներշնչանքի» մեջ իրենից բացի ոչ ոք չկա, հետևաբար, նրանք, ովքեր չեն ուզում, որ կեղծարարը հաղթի, պետք է հենց նրա հետ աշխատեն, այսինքն, նրան «ուսուցանեն» կեղծիքների անարդյունավետությունը: Ուսուցանվելու համար կեղծարարը պետք է տեսնի իր փոքրամասնությունը, պետք է հասկանա, որ իր չնչին տեղով մի ամբողջ գյուղի, համայնքի ուզում է հիմարի տեղ դնել, կեղծարարի համար սոցիալական վատ օր չկա, իրենը քվոտան է՝ կեղծեցիր, մինչև հաջորդ ընտրություններ կկարողանաս օգտվել այս կամ այն արտոնությունից, կարող ես մարդ ծեծել, չես կարող՝ մեզ կասես, մենք կծեծենք: Իշխանությունը նրանց միջոցով է ցույց տալիս կեղծարարության «իմաստալից» ջանքը: Իսկ որպեսզի փոքրամասնությունը մի օր վերջապես հասկանա, որ չնչինությունը պոզով-պոչով չի լինում, այլ՝ հենց իր դեմքով, պետք է տեսնի քվեարկության արդյունքները: Որովհետև, եթե տեսավ, որ պարտվել է, բացարձակապես չնչին կամք անգամ չի ունենա գյուղացուց փոխհատուցում պահանջելու: Նախ իր փողը չի պահանջելու, այլ՝ ավելի մեծ կեղծարարների միջոցով իրեն «վստահված» փողը, երկրորդ, այդպես էլ չի ունենա ապացույց, թե հատկապես ո՛ր գյուղացին է ձախողել «փողը», երրորդ, ինքը արդեն փող չի պահանջելու, այլ իրեն ձախողած գյուղացիների ողորմածությունը: Որովհետև դեռ պետք է հարմարվի նոր միջավայրին, որտեղ, իր կարծիքով, գուցե դարձյալ իր կարիքն զգացվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում