Գլխավոր Լրահոս

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռուսաստանյան ինքնաթիռ է խոցել (լրացվող)

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռուսաստանյան ինքնաթիռ է խոցել (լրացվող)

Սու-24 ինքնաթիռ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում, ՌԴ ՊՆ արխիվային լուսանկար

Նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու: Թուրքական կողմը պնդում է, որ օդանավը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ ՌԴ ՊՆ-ն հակադարձում է, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Իրադարձությունները ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ:

16:54

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպանության մոտ մի քանի հարյուր մարդ մասնակցել է բողոքի ակցիայի՝ քարեր, հավկիթներ և ներկով շշեր նետելով դեսպանության շենքի վրա: Դիվանագիտական ներկայացուցչության շենքի ապակիները կոտրվել են, մի շարք աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել: Որոշ ցուցարարների ձեռքին կային պաստառներ՝ «Հարված թիկունքից» և «Չեմ գնում Թուրքիա» գրություններով: Ոստիկանությունը չի միջամտել ակցիային:

Ցուցարարները քարեր, հավկիթներ և ներկով շշեր են նետել դեսպանության շենքի վրա:

15:50

Ռուսաստանյան տուրօպերատորները մեկը մյուսի հետևից դադարեցնում են չվերթները Թուրքիա:

15:47

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության հետ պայքարի, նոյեմբերի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպին:

«Իհարկե, այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց այն դեպքին, որը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր այդ ջանքերին», - tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավեվել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է, ինչից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում:

«Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունվեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն», - ասել է նախարարը:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Օհանյանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակում էլ մենք այսօր գործում ենք»:

15:40

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ. Սերգեյ Լավրով

15:38

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն իրեն զանգահարել և ցավակցել է միջադեպի կապակցությամբ: Լավրովի խոսքով՝ թուրքական կողմից պարզաբանումներ էին ակնկալվում երեկ և վելի բարձր մակարդակով, սակայն լավ է ուշ, քան երբեք: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան Անկարայի հետ շփումներից չի հրաժարվում, սակայն լրջորեն վերանայելու է հարաբերությունները Թուրքիայի հետ:

15:26

Անկարան Մոսկվայի հետ կապերի խզում չի ցանկանում. Ահմեդ Դավութօղլու

14:54

Թուրքիան ագրեսիվ կերպով խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ խոցելով ռուսաստանյան ինքնաթիռը, սակայն Անկարայի նման վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ վերջինս երկար տարիներ է՝ կապեր է պահպանում արմատական խմբավորումների հետ. ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլեմը:

14:46

Երդողանը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այսօր քննարկում է ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը:

14:35

Hurriyet Daily News-ը գրում է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Թուրքիան զեկուցել է, որ ՌԴ երկու ռազմական ինքնաթիռ 17 վայրկյանով խախտել են Թուրքիայի օդային տարածքը՝ անցնելով 1,36 մղոն Թուրքիայի սահմանից այս կողմ: Ըստ նամակի՝ ինքնաթիռներից մեկը մի շարք նախազգուշացումներից հետո հեռացել է Թուրքիայի տարածքից, մինչդեռ նախազգուշացումներն անտեսած օդանավը խոցվել է թուրքական F-16 կործանիչով»:

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ այս տարի երկրի օդային տարածքը խախտվել է 114 անգամ, սակայն միջադեպերը արագ հարթվել են: Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ ասված է, որ խախտումների մեծամասնությունը բաժին է ընկնում հունական, իտալական և իսրայելական օդուժին:

«Օդային տարածքի խախտման դեպքեր պատահում են ամեն օր, և լուծվում են միջազգային իրավունքի շրջանակում՝ մի քանի րոպեի ընթացքում»,- ասված է Թուրքիայի ԳՇ հաղորդագրության մեջ:

13:43

Էրդողանը հայտարարել է, որ խոցված ինքնաթիռի մի քանի բեկորներ ընկել են Թուրքիայի տարածքում, ինչի արդյունքում Թուրքիայի երկու քաղաքացի վիրավորվել է: Էրդողանը նաև հայտարարել է. «Մենք լարվածություն ստեղծելու միտում չունենք: Մենք պարզապես ապահովում ենք մեր անվտանգությունը, սակայն ոչ ոք չի կարող ակնկալել, որ լուռ կմնանք այն ժամանակ, երբ խախտվում է մեր ինքնիշխանությունը»:

13:40

Թուրքիայի կողմից ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը սրում է իրադրությունը Սիրիայում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ պետք է անել ամեն ինչ լարվածությունը թուլացնելու նպատակով:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի վարչապետի հետ և նրան կոչ արել գործադրել բոլոր ջանքերը լարվածությունը թուլացնելու համար»,- Բունդեստագում հայտարարել է Մերկելը և վերապահում արել, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքը պաշտպանելու իրավունք ունի:

13:28

Խնդիրը երեկվա միջադեպը չէ, այն շատ ավելի խորն է. Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը երկար տարիներ է՝ իր երկրի իսլամականացմանը միտված քաղաքականություն է վարում, հայտարարել է Պուտինը: Նա սատարել է ԱԳՆ-ի հորդորը՝ ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից:

«Ինչ արած, նման ողբերգական իրադարձություններից հետո, ինչպիսին է մեր ինքնաթիռի ոչնչացումն ու մեր օդաչուի սպանությունը, դա հարկադրված քայլ է, և ԱԳՆ-ն ճիշտ է անում, որ նախազգուշացնում է մեր քաղաքացիներին վտանգի մասին»,- ասել է Պուտինը: Վերջինս խոստացել է օգտագործել բոլոր միջոցները՝ Սիրիայում թռիչքների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

«Տրիումֆ» С-400 համալիր

13:26

Վլադիմիր Պուտինը ընդունել է ՊՆ առաջարկը՝ Հմեյմիմի ավիաբազայում C-400 զենիթահրթիռային համալիրներ տեղակայելու վերաբերյալ: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր C-300 համալիրներ տեղակայելու մտադրության մասին:

13:10

Սու-24-ի ղեկապետը (շտուրման) փրկվել է ՌԴ հատուկ ստորաբաժանումների և սիրիական բանակի ջանքերով, հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Վերջինիս խոսքով՝ հատուկ գործողությունը տևել է 12 ժամ:

12:36

«Մոսկվա» հրթիռային կրեյսերը դիրքավորվել է Լաթաքիայի մոտ մարտական հերթապահության նոր կետում է դիրքավորվել, որտեղ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, պատրաստ է ոչնչացնել ՌԴ ավիացիայի համար պոտենցիալ վտանգավոր ցանկացած թիրախ:

11:48

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն է արվել:

11:36

Al Mayadeen հեռուստաալիքը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Սու-24-ի երկրորդ օդաչուն գտնվել և տարհանվել է սիրիական բանակից կողմից: Ըստ հաղորդագրության՝ օդաչուի հետ կապը վերականգնվել է վեց ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո: Այժմ օդաչուն գտնվում է Հմեյմիմի ՌԴ ավիաբազայում, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա:

11:24

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպը:

«Թուրքիայի իշխանությունների հանցավոր գործողությունները երեք հետևանք են ունեցել. առաջին՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վտանգավոր սրացում, երկրորդ՝ Թուրքիան ցուցադրեց, որ սատարում է Իսլամական պետությանը, երրորդ՝ խաթարվել են Ռուսաստանի և Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասել է Մեդվեդևը:

10:28

Թուրքիայի էներգետիկայի նորանշանակ նախարար Բերաթ Ալբայրաքն ասել է, որ վատատես չէ էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցում:

«Նման թեժ իրավիճակում չունենալով ամբողջ տեղեկատվությունը՝ սխալ կլիներ կտրուկ հայտարարություններ անել: Մենք Ռուսաստանի հետ ունենք սերտ բարեկամական կապեր ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլև տնտեսության մյուս բնագավառներում: Ես վատատես չեմ հեռանկարի հարցում»,- նշել  է Ալբայրաքը: Ի դեպ՝ Թուրքիայում երեկ հաստատվել է նոր կառավարության կազմը:

10:15

Թուրքիան նախազգուշացրել է ինքնաթիռի անձնակազմին իր սահմաններին մոտենալու մասին դեռ այն պահին, երբ այն չէր հատել սահմանը, Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Վերջինս շեշտել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում թշնամանք չի տածում իր հարևաններից որևէ մեկի հանդեպ, սակայն նա ունի իր սահմանները պաշտպանելու իրավունք:

10:05

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ խոցված Սու-24-ը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի արտահերթ նիստի արդյունքներով հայտարարել է. «ՆԱՏՕ-ն ստացել է Թուրքիայից և մյուս դաշնակիցներից տեղեկատվություն, որը համապատասխանում է նրան, ինչի մասին մեզ ծանուցել է Թուրքիան»:

09:25

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են խոցված օդանավի միջադեպը:

09:15

Ռուսաստանյան Մի-8 ուղղաթիռը, որը որոնողական աշխատանքներ է իրականացրել Սու-24-ի անկման վայրում Սիրիայում, խոցվել է այն տարածքներից, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ Գլխավոր շտաբին: Որոնողական աշխատանքների ընթացքում ռուս մեկ զինծառայող զոհվել է:

 

Նոյեմբերի 24

19:37

Ռոստուրիզմը ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից՝ ահաբեկչական սպառնալիքով պայմանավորված:

19:33

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը չի վերաբերում ամերիկյան կոալիցիայի ուժերին. դա Ռուսաստանի և Թուրքիայի գործն է, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

19:07

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրացումից:

18:40

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել է նոյեմբերի 25-ին նախատեսվող այցը Թուրքիա, որտեղ կայանալու էր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

17:59

Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին հրավիրել է քննարկելու տեղի ունեցած միջադեպը. Reuters

17:36

Reuters-ը, հղում անելով պաշտոնատար անձանց, գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Բրիտանիայի դեսպաններին քննարկելու ռուսական օդանավի հետ կապված միջադեպը:

17:32

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այդ կերպ գործելու իրավունք ուներ, քանի որ նրա օդային տարածքը խախտվել էր՝ չնայած մի շարք նախազգուշացումներին:

17:25

Ռուսաստանում Թուրքիայի ռազմական կցորդը կանչվել է ՌԴ պաշտպանական գերատեսչություն, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

17:22

Պուտինը մատնանշել է, որ Թուրքիայի դիմումը ՆԱՏՕ-ի գործընկերներին նման է դաշինքը Իսլամական պետությանը ծառայեցնելու փորձի:

17:15

Սու-24 ռուսաստանյան ռմբարկուն վերադառնում էր Սիրիայում Հմեյմիմի ավիաբազա. ՌԴ ՊՆ

17:10

ՌԴ-ն վաղուց է ֆիքսել Թուրքիային ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից նավթի մատակարարման փաստը. Վ. Պուտին

16:54

Սու-24-ի կործանումը հարված է թիկունքից. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա վստահ է՝ միջադեպը ողբերգական հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների համար: Պուտինն ասել է, որ օդանավը որևէ կերպ չէր սպառնում:

16:07

Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: ՌԴ դեսպանությունը ոչ հաստատել է, ոչ հերքել տեղեկությունը:

15:57

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը ուղերձ է հղել Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներյադկյոյին՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության լիարժեք դադարեցման հնարավորությունը դիտարկելու խնդրանքով՝ հիմնավորելով ռուսաստանյան ինքնաթիռների համար բարձր ռիսկով:

15:53

ՆԱՏՕ-ն միջադեպի հարցով արտահերթ խորհրդակցություններ կանցկացնի:

15:45

Ռուսաստանը Անկարայից կպահանջի սպառիչ պարզաբանումներ՝ կապված միջադեպի հետ. Թուրքիան միջազգային սադրանքի է մասնակցում, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտնագության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:

15:40

Եվրամիությունը ուշադիր հետևում է ռուսական կործանիչի հետ կապված միջադեպին և փորձում է պարզել փաստերը, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը:

15:30

Reuters-ի հետ զրույցում թուրք անանուն պաշտոնյան ասել է, որ ինքնաթիռի կործանումը ուղղված չէր որևէ երկրի դեմ, այլ Թուրքիայի ինքնիշխան տարածքի պաշտպանությանն ուղղված գործողություն էր:

15:05

ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ ուշադիր հետևում է միջադեպին և կապ է պահպանում Թուրքիայի իշխանությունների հետ:14:55

Այս միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շուրջ իրադրությունը, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

14:45

CNN Turk-ը, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ օդանավի օդաչուներից մեկը սպանվել է, մյուսին պատանդ են վերցրել Սիրիայի թուրքմենների զինված խմբավորումները:

14:24

Կրեմլն ունի հավաստի տեղեկություն, որ կործանված ինքնաթիռը գտնվել է Սիրիայի օդային տարածքում, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինս հավելել է, որ ՊՆ-ից դեռ չեն լսել ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը: Պեսկովը նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա միջադեպը ռուս-թուրքական հարաբերությունների համար:

14:16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հանդես կգա հայտարարությամբ:

14:01

ՆԱՏՕ-ն հանդես կգա միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ:

12:15

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սիրիայում խփվել է ռուսական Սու-24 ինքնաթիռ, որը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում, և դա ֆիքսվել է տեսախցիկներով:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ ինքնաթիռը պատկանել է Սիրիայում ՌԴ ավիախմբին: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է:

12:05

Թուրքիայի ՊՆ աղբյուրները Reuters-ին ասել են, որ թուրք օդաչուները մի քանի անգամ փորձել են կապ հաստատել կործանված օդանավի օդաչուների հետ, սակայն ապարդյուն:

11:57

CNN Turk-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում էր, որ ինքնաթիռը խփվել է Լաթաքիայի Յամադի գյուղում, որտեղ ներկայում թուրքմեններ են բնակվում: Երկու օդաչուները, ըստ ականատեսների, օդապարիկով վայրէջք են կատարել:

Թուրքական կողմը հայտարարում է, որ ինքնաթիռը խախտել էր իր օդային տարածքը:

Թուրքական հեռուստատեսության տարածած կադրերում ենթադրաբար օդապարիկով իջնող ռուս օդաչուներից մեկն է:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է միջադեպը: Թուրքիան նաև մտադիր է Սիրիայի հետ սահմանին զարգացումների հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում