Մեր «Իսլամական պետությունը»

ԱԱԾ քննչական պետի տեղակալն ասում է՝ քանի որ խմբի ղեկավարը եղել է Սիրիայում, քննում ենք խմբի կապը «Իսլամական պետության» հետ: Մնացածը կարող են չշարունակել: Մնացածը արդեն «Հենզելն ու Գրետելի» նոր շարադրանք է, ռեմիքս:
Նկատեցի՞ք՝ մեզ մոտ հանցավոր խմբավորում են բացահայտում, մի քանի ժամվա տարբերությամբ Ադրբեջանում կանխում են պետական հեղաշրջումը, դեռ (ներողություն) 8 զոհ էլ՝ վրադիր։ Ադրբեջանցիները ձևականությունների հետևից չեն ընկնում, նրանց իսլամական խմբավորումն էլ է ծրագրում պետական հեղաշրջում, Լեյլա Յունուսն էլ։ Մեզ մոտ առայժմ դժվարանում են նման մեղադրանքներ առաջադրել իրավապաշտպան Վարդան Հարությունյանին։ Բայց խմբավորումը կա։ Ոչ թե հետ չեն մնում Ադրբեջանից, այլև ձեռագրերով եղբայրներ են։ Ուրիշ բան չեն մտածում։ Քանի որ լեգիտիմ չեն, ամեն ինչ դառնում է դավադրություն։
Իրականում ոչնչացնում է մեր ԱԱԾ-ի կամ նրան «ոգեշնչողների» երևակայության իսպառ բացակայությունը։ Էս մարդիկ տատիկ, պապիկ չեն ունեցել, դպրոց չեն գնացել, դասագրքեր չեն բացել, գոնե «Հենզելն ու Գրետելը» չեն կարդացել։ Թե՞ կարդացել են միայն «Հենզելն ու Գրետելը», որը սեփական վախերի միջով, մանկական մարտահրավերների միջով առաջանալու մասին է։ Էս մարդիկ խցանվել են իրենց մանկական սարսափների մեջ։ Սրանից լավ հոտ չի գալիս։ Հանրաքվեին ընդառաջ մարդ էլ կսպանեն ադրբեջանական 8 զոհի բալանսի մեջ տեղավորվելու համար։ Ամբողջ աշխարհում են հիմա սպանում, ո՞վ մեր մի զոհի համար աղմուկ կբարձրացնի։ Ամեն ինչ պիտի անեն, որ մարդկանց ուշադրությունը հանրաքվեից շեղեն։ Ոչ միայն շեղեն: Ավելին, եթե անգամ չշեղեն, գոնե սարսափի դոզան պահեն համապատասխան «կոնդիցիայի» վրա: ԱԱԾ քննչական պետի տեղակալն ասում է՝ քանի որ խմբի ղեկավարը եղել է Սիրիայում, քննում ենք խմբի կապը «Իսլամական պետության» հետ: Մնացածը կարող են չշարունակել: Մնացածը արդեն «Հենզելն ու Գրետելի» նոր շարադրանք է, ռեմիքս: «Խումբը ծրագրում էր հրեշավոր հանցագործություններ»: Դեռ լավ է, որ էդ ձևակերպման տակ խմբի անդամներին չեն ոչնչացրել:
Հիշու՞մ եք, սկզբից փորձեցին կապել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Բայց մեր ԱԱԾ-ն մանր հարցերի համար չէ, Ժիրայրին կպատվազրկեին, բայց հո ՀԱԿ-ը, «Չեք անցկացնի»-ն մնում են: Սրանք էլ հակառակի պես ագրեսիայից իսպառ զուրկ, ճշգրիտ ինտելեկտուալ տղաներ կամ աղջիկներ են, սրանցից զինված խմբավորում ձևավորող կամ ֆինանսավորող դուրս չի գա: Ժողովուրդը այսպես թե այնպես «ոչ» է ասում, էս «ոչ»-ի դեմը «կռուպնիով» պետք է առնել: Եվ ի՞նչ արեցին տղերքը: Գտան «հրեշավոր» հանցանքը: Գտան հանրաքվեի քթի տակ: Որպեսզի ժողովուրդը կորած ոչխարի նման վերադառնա հարազատ տիրոջ գիրկը, «շուն-գել, մեր ՀՀԿ-ն է կամ մեր իշխանությունն է» շարքից:
Մեր ԱԱԾ-ն, խմբի թելը տանում է դեպի «Իսլամական պետություն»: Այդքան էլ ծիծաղելի չէ, գիտե՞ք: Որովհետև դա գլոբալ բոբո է, բոլորը հիմա վախենում են դրանից, Վրաստանում այդ ահաբեկչական կառույցը կողմնակիցներ ունի, Թուրքիայում ունի, Ադրբեջանում, գիտեք, նույնիսկ 8 հոգու սպանեցին, Իրանում արդեն 3-4 ամիս գրեթե ամեն օր հավաքագրողների կամ հավաքրվողների են ձերբակալում: Մենք ինչո՞վ ենք պակաս նրանցից, որ մեր «Իսլամական պետությունը» չունենանք: Եվ ահա շնորհիվ այդ խմբի 21 անդամի, տարածաշրջանում «հպարտանալու» բան ունենք:
Հիմա արդեն Մեղրիից մինչև Աշոցք թող դողան, թող իմանան, որ եթե «ոչ»-ն անցավ, էս երկիրն օդ է ելնելու: Որ առանց ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի, չիք հային փրկություն: Ահա թե ինչ հարց է լուծել ԱԱԾ-ն: Եվ նրան ի՞նչ, որ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացրել, որ տունն ավերվել է առանց լուրջ պատճառների, որ խմբի բոլոր անդամները, բացի Արթուր Վարդանյանից, օպերացիայից առաջ արդեն հագած-կապած կարծես սպասում էին գրոհին, որ գրոհի ընթացքում խումբը գեթ պարսատիկի մեկ քար չի կրակել «Ալֆա»-ի վրա, թեպետ բավականին ժամանակ ուներ: Սրանք հարցեր էլ չեն: Այս գործին ծիծաղելն արդեն չի օգնի, սարսափի Ջինն իշխանությունը բաց է թողել: Ավելին, կարող է պարզվել, որ խմբից միայն Արթուր Վարդանյանը գիտի ամբողջ «բանդայի» կապը «Իսլամական պետության» հետ, բայց փաստ է, որ տասնյակ հազարավոր դոլարներ են շրջանառվել «հրեշավոր հանցագործությունների» համար:
Հասկանու՞մ եք, սպանվելու էին քաղաքական, պետական գործիչներ: Այսինքն, ակնարկում են, որ եթե թիրախ ես դառնում, ուրեմն արդեն իսկ հերոս ես: Եթե ծրագրել են սպանել, ասենք, Էդուարդ Շարմազանովին կամ Հովիկ Աբրահամյանին, ուրեմն Էդուարդ Շարմազանովը կամ Հովիկ Աբրահամյանը հերոսներ են: Այսինքն, պետք է ամեն ինչ անենք, որ նրանք չսպանվեն:
Ժողովուրդ, էդպես չի լինում: Էդ երկուսին հաստատ սպանելու մտադրություն չի եղել, եղել է սցենար, որ՝ ձեզ կբացահայտենք, հետո կասենք, որ դուք ծրագրել եք հրեշավոր հանցագործություններ, որ ձեզ ֆինանսավորել է «Իսլամական պետությունը», մինչև էս տարածաշրջանի կամ էս երկրի վրայով ուրիշ ջրեր կհոսեն, ձեզ բաց կթողնենք միանգամայն անաղմուկ, կգնաք ձեր գործին: Դեռ գոհ էլ կլինեք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների նման չմտանք ձեր փորը թափեցինք ու դուրս եկանք: Նաև՝ շնորհակալ, որ պետական հեղաշրջման հոդված չկա ձեզ վրա, որպիսին կա Ադրբեջանում ցանկացած առիթով ձերբակալվող ցանկացած հանցագործի վրա: Տեսա՞ք, թե ինչ քնքուշ բան է մեր «Իսլամական պետությունը»: Այստեղ ամեն ակնթարթ զոհից կարող ես վերածվել հերոսի՝ այդպես էլ «չճաշակելով» զոհի անհարմարավետ հեղինակությունը:
Հ.Գ.
Ի դեպ, այս ամենում ի՞նչ դեր ունի ՀՀ նախագահի մամուլի ԱԱԾ-ական խոսնակը:
Մհեր Արշակյան










