Գլխավոր Լրահոս

Չլսված, չտեսնված բան հայ ժուռնալիստիկայի պատմության մեջ

Չլսված, չտեսնված բան հայ ժուռնալիստիկայի պատմության մեջ

Նորք Մարաշի ԱԱԾ-ական օպերացիային հաջորդեց մի բան, որը չլսված, չտեսնված բան էր հայ ժուռնալիստիկայի պատմության մեջ՝ լրագրողներն աղմուկ բարձրացրին, թե ինչու օպերացիայից անմիջապես հետո «հրեշավոր» որջը դարձավ հասանելի։ Լրագրողներն այսպես ասած, դժգոհեցին, որ ԱԱԾ-ն չի խոչընդոտել իրենց մուտքը։ Աշխարհի ոչ մի կիսադեմոկրատ, գոնե կես անկախ լրատվամիջոց ունեցող երկրում նման հարց ուղղակի չէր հնչի։ Հակառակ դժգոհություններ շատ էինք լսել։ Օրինակ, անցյալ տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների տանը տեղի ունեցածից հետո ԱԱԾ-ն և ոստիկանությունը մոտ երկու ամիս ոչ մեկին թույլ չէին տալիս ներս մտնել։ Լրատվամիջոցները հրապարակում էին միայն տան դարպասների լուսանկարը կամ տան ներսի թափթփված վիճակը ցույց տվող ոստիկանության տրամադրած լուսանկարները։

Եթե նույնիսկ էդ անփութությամբ ԱԱԾ-ն ինչ-որ հարց էր լուծում, դա լրագրողների հարցը չպետք է լիներ։

Հիմա հարց է ծագում՝ ո՞ր լրագրողը չէր ցանկանա դեպքից հետո առաջինը ներխուժել այդ տարածք և հենց անձամբ անել ինչ-որ լուսանկարներ։ Ո՞ր լրագրողը (մեղա, մեղա) չէր ցանկանա հենց դեպքի պահին ինչ-որ հրաշքով լինել ներսում և ունենալ այսպես ասած դեպքերի «ֆանտաստիկ» պատկերը։ Ու՞մ մտքով կանցներ նրան մեղադրել, որ Պերմյակովի՝ այդ տուն ներխուժելու պահին ինքը՝ լրագրողը տանն է եղել, ո՞վ նրան կմեղադրեր, որ դեպքից հետո կարողացել է շրջանցել ոստիկանական և ԱԱԾ-ական շղթան, մտել ներս և մի քանի լուսանկարներ արել։ Ոչ ոք չէր մեղադրի։

Մյուսներին պարզապես կկրծեր նախանձի որդը, խմբագրերը կհավաքեին այդ գործում տապալված կամ նույնիսկ փորձ չձեռնարկած լրագրողներին, ամոթանք կտային և կփորձեին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են լինել «երկրորդը»։ Քանզի, եթե մեկին հաջողվել է, իրենց ինչու չպետք է հաջողվի։ Քննարկելու էին, չէ՞, ինչ հարաբերությունների մեջ է այդ «հաջողակը» ոստիկանության կամ ԱԱԾ-ի հետ, հանդիմանելու էին, չէ՞, իրենց «բեզըրած» լրագրողներին, որ էդ «հաջողակի» կապերը չունեն։ Հանդիմանելու էին, աշխատավարձ էին պահելու, գուցե գործից հեռացնեին, որովհետև ժուռնալիստիկան շուկա է։ Շուկան զուտ գոյապահպանական երևույթ է, այստեղ մուննաթը հաշիվ չէ, այստեղ հաշիվ է հանուն սենսացիայի անամոթ կամ հնարամիտ լինելը։ Ով որ ձախողում է այդ շուկայում, պետք է դուրս գա։ Սա օրինաչափ է, սա ճիշտ է, եթե, նույնիսկ, հակամարդկային է։ Սա կյանքն է։ Այդ շուկան կա ամենուր և ժուռնալիստիկան առաջին տեղում չէ, ոչ էլ վերջին։ Ժուռնալիստիկան այդ շուկայի տպագիր կամ տեսա արտահայտությունն է։ Լրագրողների մոտ այդպիսի հարց չպետք է առաջանար։ Դա պետք է լիներ բոլորի հարցը, բայց ոչ՝ լրագրողների։ «Թեժ կետը» լրագրողական արտահայտություն է, ոչ թե ոստիկանական։

Եթե նույնիսկ էդ անփութությամբ ԱԱԾ-ն ինչ-որ հարց էր լուծում, դա լրագրողների հարցը չպետք է լիներ։ Հակառակը կարող էր նրանց մտահոգել` ինչու՞ է ԱԱԾ-ն փակ պահում այդ տունը։ Թեպետ փակ պահելու պատճառ ԱԱԾ-ն հաստատ կունենար։ Ի վերջո, հնարավոր է, քննչական գործողությունները վերջացրած չլիներ կամ դրա անվան տակ պարզապես փակ պահեր։ Հավանաբար կհիշեք այն դեպքը, երբ լրագրողը մտել էր ցմահ դատապարտվածների խցիկ և ճոխ սեղանի մոտ լուսանկարվել հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածների հետ։ Այդ լուսանկարը հարցեր առաջացրեց՝ ինչպես, ինչու։ Տրամաբանական հարցեր էին, որովհետև ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո ոչ մեկին այդպես էլ թույլ չեն տալիս հանդիպել այդ գործով դատապարտվածների հետ, իսկ Նաիրի կամ Կարեն Հունանյանների ողջ լինելու մասին ԱԱԾ-ն նույնիսկ կարիք էլ չի զգում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ տալ։ Բայց լրագրողը մտել էր։ Մտել էր մի մարդ, որն ուներ սեփական թերթը և կայքը։

Հիմնական հարցը, որ այդ ժամանակ պետք է առաջանար, այն էր, թե ինչ շահեց հասարակությունն այդ հանդիպումից։ Ոչինչ։ Այդ հանդիպումը հոկտեմբերի 27-ի վրա հավելյալ լույս չսփռեց։ Հասարակությունը այդ հանդիպումից հետո էլ հոկտեմբերի 27-ի մասին գիտի նույնքան, որքան գիտեր հոկտեմբերի 27-ին։ Այդ հանդիպումից մնաց լրագրողի ինքնավստահ դեմքը և ճոխ սեղանը։

Ուրեմն ինչու՞ լրագրողներն այս անգամ աղմուկ բարձրացրեցին։ Աղմուկի պատճառն ըստ իս ոչ թե ԱԱԾ-ի հակապրոֆեսիոնալությունն էր (նրանք գիտեն, թե երբ և ինչպես «լինել» հակապրոֆեսիոնալ), այլ լրատվական աշխարհում մրցակցության ընկալման բացակայությունը կամ, որ նույնն է, լրատվության միակենտրոն կառավարումը։ Բոլոր առաջատար «միակենտրոնները» խոսեցին այս մասին, մյուսները, որոնք այդ մասին չէին էլ մտածել, ընկան նրանց ջուրն ու սկսեցին նույն թելը թելել՝ իսկապես, ինչու ԱԱԾ-ն մեզ ներս թողեց։ Լավ արեց, ներս թողեց։ Ուրախացեք, որ ներս թողեց։ Երբ որ չի թողնի, էն ժամանակ ստիպված կլինեք լինել լրագրող։

Լրատվական դաշտի միակենտրոնությունը ձեզ այնքան է հեռացրել անկախությունից, որ մոռացել եք հիմնականը՝ բարոյական է, թե բարոյական չէ, ներս խցկվելը ձեր գործն էր։ Թեկուզ գիշերը, թեկուզ որևէ ԱԱԾ-ականի ոտքերի արանքից, բայց ներս խցկվելը ձեր գործն էր։ Եթե հիմա աղմուկ եք բարձրացնում, հաջորդ անգամ երկու տարով ձեր դեմ կփակեն դռները նման որևէ օպերացիա իրականացնելուց հետո։ Եվ անիմաստ է մտածելը, թե լրագրողն ԱԱԾ-ի խաղերը չի խաղում կամ չի ուզում խաղալ։ Թեժ կետը կա, կա այդ կետում իրերի դասավորություն, կան փլված պատեր, կա ոչնչացած գույք, կա այդ կետում դեպքերի ընթացք: Համադրե՛ք և հասկացե՛ք, թե ինչ կատարվեց։ Անձամբ իմ կարծիքով ոչ մի բան էլ չի կատարվել, և հենց ոչ մի բանն էլ ցույց տվեց ԱԱԾ-ն։ Եվ իմ գործը, հակառակի պես, էս «ոչ մի բանն» էլ հասկանալն է, որովհետև իմ առջև բացված դռներն արդեն հետաքրքիր չեն։ Բայց այդ մասին ես ոչ մեկին ոչինչ չէի ասի։ Որովհետև հետաքրքրությունը սուբյեկտիվ է, ինձ հետաքրքիր չէ, մյուսին կարող է հետաքրքիր լինել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում