Յոթ տասնամյակ շարունակ ամեն տարի նոյեմբերի 29-ը Խորհրդային Հայաստանում նշվել է մեծ շուքով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով, Արամ Խաչատրյանի օրհներգով ու Լենինի հրապարակով անցնող տողանցով, նշվել է որպես Հայաստանի խորհրդայնացման օր (իրականում Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդայնացվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, երբ իշխող ՀՅԴ-ն առանց կրակոցի իշխանությունը զիջեց Հայհեղկոմին՝ հայ բոլշևիկներին, այլապես քեմալական ու կարմիր բանակների հարվածները ավելի կործանարար կլինեին Հայաստանի ու հայ ժողովրդի համար):
Այդ 70 տարիներին մենք, որպես Խորհրդային Միության մաս կազմող միավոր, իսկ 1936-ից որպես Խորհրդային Հայաստան միութենական հանրապետություն, ունեցանք հաջողություններ ու ձախողումներ, թռիչքի ու վայրէջքի պահեր, ստալինյան տեռոր ու հայրենադարձություն, կուլակաթափություն ու համեմատաբար բարեկեցիկ հայ գյուղ, 1965, Արարատ-73 ու 1988:
Այդ յոթ տասնամյակները չեն եղել սև ու սպիտակ: Այո, տասնյակ հազարավոր հայերի, նաև՝ սփյուռքահայերի համար, ավա՜ղ, եղել են կտտանքների ու մահվան, Գուլագի, եղել են մղձավանջի սև տարիներ:
1921թ. 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայերի թիվը շուրջ 800 հազար էր, 1991թ.՝ շուրջ 3.5 միլիոն:Այդ յոթ տասնամյակները, ինչպես Անկախության այս 25 տարիներն ու Հայաստանի Առաջին Հանրապետության 1000 օրերը եղել է մե՛ր պատմությունը:
Արդեն մի քանի տարի ես ամեն օր իմ ժամանակի մի մասը նվիրում եմ Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունների պատմության ուսումնասիրությանը:
Այդ 70 տարիները, ինձ համար և իմ ընկալումով, նաև աննախադեպ հայահավաքի տարիներ էին:
1921թ. 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայերի թիվը շուրջ 800 հազար էր, 1991-ին՝ շուրջ 3.5 միլիոն:
Այսինքն՝ 70 տարիներին հայ բնակչության թիվն իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա ավելի քան քառապատկվեց:
Այսինքն՝ ամեն տարի Խորհրդային Հայաստանի բնակչությունը միջին հաշվով ավելացել է 40 հազարով:
Երրորդ հանրապետության, այսինքն՝ անկախ Հայաստանի բնակչությունը ամեն տարի միջինը պակասում է ավելի քան 40 հազարով:
Պատկերացնո՞ւմ եք:
Այս կարճ գրությունը ձոն չէ Խորհրդային Հայաստանին, իմ ազնվագույն կոմունիստ պապիկին, նոյեմբերի 29-ին:
Սա կարոտախտի գիր չէ:
Նոյեմբերի 29-ը կամ դեկտեմբերի 2-ը, կոմունիստական յոթ տասնամյակները մեր պատմության մի մասն են:
Թաթուլ Հակոբյան











