Ֆուտբոլասերների ՖԱՖ խումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից:
«Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հավաքականի տղաներին՝ մեր կոչին միանալու, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար:
Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ:
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը միջազգային մամուլը անդրադարձավ «Սա ուղղակի ռումբ է» , «Պայթյուն պարզ երկնքում», նմանօրինակ ու նմանատիպ վերնագրերով: Գործին խառնվեցին նաև միջազգային իրավաբաններ, որոնք խաղերի վաճառելու, առուծախի, պայմանավորված հանդիպումներ հետաքննելու մեծ փորձ ունեն: Միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների միանշանակ կարծիքը հետևյալն էր, որ Ռուբեն Հայրապետյանը այս ամենն անում է, որպեսզի հայ մարզասերի, հանրության ուշադրությունը շեղի հայկական ֆուտբոլի արդիական, լուծում չստացած բազմաթիվ խնդիրներից:
Նա բացեիբաց, ի լուր աշխարհի դավաճան հայտարարեց ՀՖՖ հովանու ներքո հանդես եկող ազգային թիմի որոշ ֆուտբոլիստների՝ չունենալով ոչ մի հիմք ու փաստարկ: Իսկ մեր ազգային թիմի առաջատարների հայտարարությունից հետո, Հայրապետյանը արձագանքեց՝ նշելով, որ դավաճանություն ասելով ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել: ՖԱՖ-ի կարծիքով նման լուրջ ու հեղինակավոր կառույցի առաջին պաշտոնական ներկայացուցիչն ու պատասխանատուն ուղղակի իրավունք չուներ Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում կասկածի տակ դնելով, անպատասխանատու, անհիմն հայտարարություններ անել: Ռուբեն Հայրապետյանը չտիրապետելով իրավիճակին, մեղադրում է բոլորին՝ մարզիչներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին:
ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում»,- ասված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:
***
Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Ալբանիայի հետ խաղում տեղի է ունեցել դավաճանություն, որ հավաքականում չկա թիմային ոգի: Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին խոշոր՝ 0:3 հաշվով, զիջեց Ալբանիային, որն այդ խաղի արդյունքով անցավ եզրափակիչ: «Ցանկացած անգամ [Հայաստան-Ալբանիա խաղը] նայելուց, մի քիչ ֆուտբոլը հասկանալուց, հասկանում ես՝ ինչ է: Հիմա էդ խաղին, եթե անգամ աշխարհի լավագույն մարզիչը լիներ, ի՞նչ պետք է լիներ: Նույն պատկերն էր լինելու»,- ասել էր Հայրապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ինը առաջատար ֆուտբոլիստներ հերքել էին դավաճանության վերաբերյալ ՀՖՖ նախագահի հայտարարությունը: «Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»,- հայտարարել էին ազգային հավաքականի առաջատարները:
Ավելի վաղ ՖԱՖ խումբը երթեր էր կազմակերպել դեպի ՀՖՖ շենք` ներկայացնելով երեք վերջնագիր-պահանջ՝ ազգային հավաքականի համար բերել նոր մարզիչ; արժանի ֆուտբոլիստներ հրավիրել և վերանայել տոմսերի գները: Ֆուտբոլասերները պահանջել էին նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից:
Civilnet











