Գլխավոր Լրահոս

Մեր «զոհը». Վահան Բաբայան

Մեր «զոհը». Վահան Բաբայան

Հայրենակիցնե՛ր, ուշադիր եղեք ձեզնից ավելի երիտասարդների հանդեպ։ Նրանք կարող են մեծանալ եւ դառնալ Վահան Բաբայան։ Ընդունենք, թե Սերժ Սարգսյանը հրեշ է, բայց ի՞նչն է ստիպել այս երիտասարդին օրը ցերեկով ասել՝ մարզերի գերակշիռ մասը «այո» է ասում։ Ինչ-որ մեկը նրան խոստացել է սպանե՞լ, եթե ինքը նման բան չասի։ Թե՞ այս երիտասարդի պատկերացրած բոլոր մարզերը միասին վերցրած Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակի չափ տարածք ունեն։

Եվ ո՞վ է այս տղայի ականջին «վիժել» այն միտքը, թե քաղաքականությունն անբարոյականություն է։ Ասեք նրան, որ այդպես չէ։ Ասեք նրան, որ բոլոր հասկացությունների թիկունքում մարդիկ են: Որ ստալինիզմը սարսափելի բան չէ։ Սարսափելին Ստալինն էր։ Որ սատանիզմ չկա, կան սատանաներ: Ասեք նրան, որ իշխանամետությունը նույնքան բարոյական զբաղմունք է, որքան՝ ընդդիմությունը: եթե նրանց էության մեջ ընկած է Սահմանադրությունը իբրեւ թաշկինակ չընկալելու մասին միտքը, որ կարելի է փոխել ուզածդ ժամանակ:

Մարզերն ինչու՞ են «այո» ասում: Նույնիսկ հանրապետականն այդքան ինքնավստահ չէ: Հայրենակիցներ, այդ տղան իսկապես մեր ուշադրության կարիքն ունի, մեր խնամքի, հոգատարության, մեր սիրո: Ասեք, որ ոչ ոք չի պատրաստվում սպանել նրան: Ասեք, անպայման ասեք, որ միտքը միայն օգուտներ հաշվարկելու համար չէ: Տարեք նրան մոտակա զբոսայգին, թող մաքուր օդ շնչի: Մարդ եղեք նրա հանդեպ, հայրենակիցներ: Հիշեք, ոչ մի երաշխիք, որ նրա վիճակն ավելի լավ է, քան՝ ձերը, հայրենակիցներ: Որովհետեւ այն ամենը, ինչ նա ասում է, «ես Նապոլեոն Բոնապարտն եմ» մտքի շրջանակներում է: Չի կարելի թույլ տալ, որ նա ի վերջո համոզվի դրանում: Պարզ երեւում է, որ այդ երիտասարդին ոչ ոք չի տեղեկացրել, թե ուր է գլորվում ինքը: Եթե նա պնդի, որ «հասարակության գերակշիռ մասն ընտրում է փոփոխությունների ճանապարհը», ասեք նրան, որ գործող Սահմանադրության թիկունքում էլ էին մարդիկ: Եթե այս Սահմանադրությունը չի աշխատել եւ նրա սիրելի Ծառուկյան Գագիկը դեռ ազատության մեջ է, գործող Սահմանադրության մեղքը չէ: Եթե մարդիկ ոտքի կանգնեցին, գործող իշխանություններին կարելի է դատել նույնիսկ Բուրկինա Ֆասոյի Սահմանադրությամբ: Ասեք նրան, որ ինքը գործող Սահմանադրության «ծնունդ» է քաղաքականության մեջ, ու եթե ինքը համառի, թե ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը, ասեք նրան, որ մենք էլ ենք դա ասում՝ ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը մարդ չլինելու մարդու որակների հետ:

Հայրենակիցներ, եթե տեսնեք այդ տղային, սիրեք նրան, շատ եմ խնդրում, նա այնքան կարիք ունի սիրո: Թափ տվեք ձեր սիրտը եւ այնտեղ տեղ գտեք նրա համար: Եթե նա ասում է «այո», դուք էլ ասեք «այո», մինչեւ նրա հոգեկան ճգնաժամն անցնի: Դա թող լինի ձեր սիրո թերապիան: Ասեք՝ քո ասածն է, սիրելի երիտասարդ. մենք հո չենք կարող վստահ լինել, որ դեկտեմբերի 6-ից հետո նա չի ասի, որ երբեք «այո»-ի կողմնակից չի եղել: Կարեւորը սերը տեղը լինի:

Մենք փրկիչներ չենք, հայրենակիցներ, բայց ընդունեք, որ այդպիսի մարդիկ նույնպես մեր գործն են: Ինչպես նրանք իրենց գործն են համարում մեր անունից իրենց կերակրատաշտը կազմակերպելը: Ի վերջո թույլ չտանք նրանց հասնել այն օրվան, երբ թողության հատորներն անգամ չեն աշխատի: Չեմ ասում՝ մեղք են նրանք, դա մենք չենք որոշում: Բայց օգնենք Վահան Բաբայանին եւ մյուսներին իրենց դնելու 37-ի այն մատնիչների տեղը, որոնք իրենց տեղը չէին գտնում խրուշչովյան ձնհալից հետո: Այն ժամանակ մարդիկ դեռ անաստված էին եւ իրենց կարող էին թույլ տալ թաքնվել իրենց զոհերի տեսադաշտից: Ի վերջո կարող էին իրենց բնակատեղին փոխել: Կարող էին նույնիսկ ինքնասպան լինել: Բայց մենք երաշխիք չունենք, որ Վահան Բաբայանը Աստված չունի: Եթե նույնիսկ չունի, չմտածենք, որ չունի:

Նա եւ նրա կուսակցության 95 տոկոսը մեկ տարի առաջ պատրաստ էր Սերժ Սարգսյանի կոկորդը կրծել հենց սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար, որովհետեւ գիտեին, հայրենակիցներ, այնքան ճշգրիտ գիտեին, որ ամենավատ Սահմանադրությունն անգամ հրեշներ չի ծնում, հրեշներին ծնում ենք մենք: Հիմա մեր «զոհը»՝ Վահան Բաբայանը, ասում է՝ «երբ որ եղավ նախագիծը եւ քննարկումներ եղան», իրենք ասում են «այո»: Ուրեմն, չասենք, որ նրա արածն անբարոյականություն է. այնտեղ, որտեղ «Նապոլեոնների» եւ «Գասպարյան Վովաների» պակաս չկա, անբարոյականներ չեն լինում: Ուրեմն, չասենք, որ մի գիշերում առանց իշխանություն ունենալու ընդդիմությունից իշխանասեր դառնալու այս երեւույթը վահանբաբայանիզմ է: Մեր «զոհը» կենդանի մարդ է, մենք բազմիցս ենք նայել նրա աչքերի մեջ, տեսել ենք նրա ժպիտը եւ մեզ թույլ չենք տվել նրանից սպասել այն, ինչն այսօր նրա բնությունն է՝ տիրոջ փոփոխությունից ուտելու մղումը չի պակասում: Մեր գործը սիրո թերապիան է, նայեք իշխանությունը մարմնավորողների աչքերի մեջ, մի՞թե նրանք սիրո կարիք չունեն:

Չէ՞ որ բացառված չէ, որ նրանք անբուժելի են: Եվ ոչ մի Սահմանադրության փոփոխություն, ոչ մի դիագնոզ, ոչ մի կախարդական էլիքսիր նրանց չի փրկի: Երբեք չմտածեք այս մարդկանց ներելու մասին, հայրենակիցներ, նրանք մեր ներողամտության կարիքը չունեն: Մեկը լինի մեզ ների նրանց իշխանություն թույլ տալու համար: Մենք դրա համար Սահմանադրություն ունեինք: Բայց մենք թույլ տվեցինք: Արդյո՞ք մեր սխալի հետ Սահմանադրությունը կապ ունի: Ոչ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում