«Ինեկոբանկը» ձեռք կբերի «Պրոկրեդիտ Բանկը», այս մասին ասված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածած հաղորդագրությունում:
«IFC-ն «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստան» ընկերության ձեռքբերման նպատակով 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում հայաստանյան «Ինեկոբանկին»՝ դրանով իսկ առաջին անգամ նպաստելով Հայաստանի բանկային հատվածի՝ շուկայով պայմանավորված համախմբմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության խթանմանը»,- ասված է հաղորդագրությունում:
«Պրոկրեդիտ Բանկը» բանկերի ProCredit Holding-ի անդամ է, որի կենտրոնակայանը Գերմանիայում է: ProCredit Holding-ը բաղկացած է Արևելյան Եվրոպայում գործող 11 բանկերից, Գերմանիայում գործող մեկ բանկից և Լատինական Ամերիկայում գործող տարբեր ֆինանսական հաստատություններից:
«Ինեկոբանկը» մասնագիտացած է մանրածախ վարկային ծառայությունների ոլորտում:
Ավելի վաղ հայտարարվել էր «Հայէկոնոմբանկի» կողմից ղազախական կապիտալով «ԲՏԱ Բանկ Հայաստանի» հնարավոր ձեռքբերման մասին:
Ներկայում Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: Այս միավորումների արդյունքում դրանց թիվը կկրճատվի երկուսով:
Civilnet











