Համաշխարհային բանկը Հայաստանին 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ է տրամադրում. ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով տրամադրվել է վարկը, դեկտեմբերի 10-ին ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում:
Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին` արտոնյալ:
Ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի խոսքով` «ծրագիրը միտված է Հայաստանի մակրոտնտեսական կայունության և ճկունության ամրապնդմանը՝ առավել շեշտադրելով հիմնական ոլորտներում ֆինանսական ինքնաբավությունը և անորոշ արտաքին միջավայրի համատեքստում շարունակելով մրցունակության բարելավման ուղղությամբ ջանքերը»:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասնեյակի հաղորդագրության համաձայն` ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող մի շարք բարեփոխումների և դրանց շարքում մասնավորապես կարևորում է միասնական հարկային օրենսգրքի մշակումը՝ հարկման բազայի մեծացման, դրույքաչափերի ռացիոնալացման, հարկային քաղաքականության թափանցիկության բարելավման ու գործող օրենսդրության առկա բացերը շտկելու ճանապարհով: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի նաև սոցիալական ծառայությունների մասին նոր օրենքի գործարկումը, թափոնների վերամշակման մասով իրավական դաշտում փոփոխությունների կատարումը:
«Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև արդիականացման աշխատանքներ մաքսային ձևակերպումների ընթացակարգերում՝ փոստային ծառայությունների էլեկտրոնային առևտրի մասով, կներդրվի բիզնեսի ծանուցման սկզբունքը՝ վերանայելով լիցենզավորման ընթացիկ գործընթացը, ավիացիայի ոլորտում կբարելավվի իրավական ու ինստիտուցիոնալ դաշտը՝ մեծացնելով Հայաստանի կապն աշխարհի հետ, կմշակվի բանկերի նկատմամբ կոնսոլիդացված վերահսկողության իրավական ու կանոնակարգման դաշտը, ինչը կնպաստի ֆինանսական կայունությանն ու թափանցիկությանը, որն էլ կմեծացնի ներդրողների վստահությունը»,- ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2,2 մլրդ դոլարին համարժեք գումար:
Civilnet











