Որովհետև մարդ չեք, տղե՛րք, ջահել եք, բայց մարդ չեք

Համացանցում հանրաքվեն կեղծող երիտհհկականների ու դպրոցների տնօրենների հպարտ անբարոյականությունն է։ Նրանք ոչ մի բանի հետ չեն փոխի իրենց։ Իսկ եթե հարցնես՝ ու՞մ համար, արդեն խնդիր է։ Որովհետև իրենց մեջ դեպի լույսը ճեղք չունեն, որ կառչեն ու ասեն՝ այ էս լույսի համար։
Դա ի՞նչ նժդեհական եռանդ էր, սպարտական ի՜նչ նվիրվածություն էն կեղտին, որի խնամքի համար ասես մանկուց եք պատասխանատու եղել: Դուք ովքե՞ր եք: Ես ու՞մ ցույց տամ ձեր լուսանկարը ու ասեմ՝ տեսեք, նա մարդ է: Ես համաձայն եմ, որ «հընգերականով» կարող եք սղղացնել պետությունը: Եթե, իհարկե, աշխարհի վերջն է, և, ըստ Դոստոևսկու, բարոյական լինելու պատճառ չիք: Բայց տղերք, ձեզ ինչ-որ մեկն ասել է, որ հեսա-հեսա աշխարհի վերջն է ու մենակ Հանրապետակա՞նն է ողջ պրծնելու: Դուք ձեր կյանքում մեռած մարդ տեսած կա՞ք: Չեք ուզու՞մ մեռնել: Բան չունեմ ասելու՝ մի ուզեք: Բայց դա լինելու գի՞ն է:
Հասկանու՞մ եք, ես հայր եմ: Ես չեմ կարող անջատել իմ ուղեղը և չնկատել ձեր գոյությունը: Որովհետև, էսօր-վաղը դուք «տարածվելու» եք նաև իմ դուստրերի վրա, ես պետք է զգոն լինեմ: Ես չեմ կարող ձեզ՝ երիտհհկականներիդ, կոչ անել ցած նետվել «Հաղթանակ» կամրջից: Չեմ ուզում, որ դուք դառնաք հող: Ես սիրում եմ էդ հողը: Վայ ինձ, եթե էդ հողն իր մեջ կրեց 2008-ից առ այսօր ամենաչնչին կեղծարարությամբ աչքի ընկած ՀՀԿ-ականի: Վայ ինձ: Եվ գուցե վայ մեզ: Մի գեղեցկուհի տեսա տեղամասում, որին երթուղայինով էին բերել: Ժպիտն ուղղակի բազմապատկում էր այդ գրեթե անձեռակերտ գեղեցկությունը: Ինձ միամիտի տեղ եմ դնում. «Ձեզ էլ են բերե՞լ»: «Հա, ի՞նչ ա էլե որ»,- ասաց աղջիկը: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, սիրեցի նրան:
Ես կարող եմ չասել՝ երեխեք, դուք ծնողներ ունե՞ք: Դա նույնն է, որ նրանց դպրոցի ՀՀԿ-ական տնօրենին հարցնեք՝ դուք դպրոցի տնօրե՞ն եք: Որովհետև,- չվերաձևակերպե՞նք դասականին,- եթե կա անդամատոմս, էլ կրթությունն ու՞մ շունն է: Գիտե՞ք, սիրո մասին էի ուզում գրել: Բայց մտքիցս դուրս չեք գալիս, հասկանու՞մ եք։ Դուք մեր ապականության վերջին «ծաղիկներն» եք, ձեզնից հետո գուցե էլ ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին չհերիքի անբարոյականների ուրախ բանակը, որն առաջադրանքները կատարում է ոչ թե գլխով, այլ մի տեսակ՝ ներքին կճղակներով։ Դո՛ւք,այսինքն, ջահելներդ ու ՀՀԿ-ն, ինչպե՞ս եք գտել իրար։ Դա, ըստ երևույթին, սեր է։ Սեր՝ սև խոռոչով, որը ոչ միայն մյուսներին է ներքաշում իր մեջ առանց թողության փոքրիկ անցքի, այլև այս մի հատիկ պետությունը, որն այսօր ոչ միայն սիրելու, այլև անցյալում սիրված լինելու հետքերն է կորցրել։ Ձեր կուսակցությունը,- որն առաջին իսկ առիթով պետք է ոչնչացվի,- ձեզնով է արտահայտում իր ջղագրգռությունը, ա՛յ թարս բուսած մատրոսովներ։
Հայաստանը մեկուսանալու հող չունի, որտեղ ես կարող եմ ձեզնից, ձեր դեմքերից, ձեր «վերարտադրողականությունից» հեռու լինել։ Հայաստանն այնքան աշխարհիկ զբաղմունք չունի, որի մեջ ես կարող եմ խեղդել ձեր գոյության մասին միտքը։ Հայաստանը թմրադեղ կամ նավթ չէ, որ ինքն իրենով ծածկի իմիջի դեմ ձեր անպատասխանատու վարքը։ Հայաստանը ձեր պատճառով հիմա նմանվել է «Իսլամական պետության» ճամբարներում վարժեցված այն 7-ամյա երեխայի ձեռքն ընկած գերյալին, որը չի կարող ապավինել այդ փոքրիկի գթությանը։ Չէ՞ որ երեխան էլ չգիտի, թե ինչու պիտի սպանի։
Հայաստանը մեռնում է ամեն օր։ Պարզ է երևում։ Սա հոգեվարք ապրող պետություն է։ Հարյուր տարի առաջ Անատոլ Ֆրանսն էլ է այս երկրի մասին նման մի բան գրել։ Նա, սակայն, շարունակում է՝ բայց Հայաստանը կվերածնվի։ Այն ժամանակ դուք չկայիք։ Ձեր գոյությունն իսկ չէր ենթադրվում։ Որովհետև մարդ չեք, տղերք, ջահել եք, բայց մարդ չեք։ Ձեզ թվում է, թե թուրքը ազգություն է, որը դուք չեք։ Թուրքն ազգություն չէ, «ազգություն» է էն գաղափարախոսությունը, որը ձեզ էլ, թուրքին էլ, էն անձեռակերտ գեղեցկուհուն էլ դարձնում է պատից կախված հրացան, որը ցանկացած արարում կրակում է առիթ-անառիթ։ Դուք այլևս չեք սիրելու, որովհետև ձեր «լավագույն» «սիրուն»՝ ՀՀԿ-ին, դուք արդեն գտել եք։ Էն անձեռակերտ գեղեցկուհին իր «թուրքին» ասել է իր «այո»-ն։ Կամ ինչպես Բուլգակովն է ասում՝ Անիչկան արդեն թափել է ձեթը։ Եվ ձեզ հետ տեղի է ունենալու անխուսափելին՝ դուք չեք վերածնվելու։ Ձեզնով արտահայտված ՀՀԿ-ի ջղագրգռությունը ձեզ էլ է կուլ տալու Հայաստան պետության վերածնության ճանապարհին։ Եվ երբ նայեք ձեր երեխաների աչքերի մեջ,- ունենալու եք, չէ՞, երեխաներ, «բանակի զինվորներ», ինչպես սիրում են ասել խաղաղության աչքերի մեջ նայել չսովորածները,-տեսնելու եք ձեր խայտառակությունը։ Ձեզ գեղեցիկ չի թվալու կեղծիքը, բայց այլևս չեք ունենա համապատասխան բառերը դա ասելու։
Եթե այս կյանքը գոյության պայքար է, դա ճիշտ է, եթե Հայաստանից դենն աշխարհ չկա։ Դա ճիշտ է, եթե հարազատներ չունեք, կամ բոլորին «սպիսատ» եք արել։ Դա ճիշտ է, մի խոսքով, Սերժ սարգսյանի համար, որը խոսում է ժողովրդավարության հաղթանակի մասին։ Դա ճիշտ է, մի խոսքով, եթե դուք էլ եք մարդասպան կամ ձեզ էլ են սպանել։ Դա ճիշտ է, եթե դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական է, իսկ կրթության նախարարը՝ Աշոտյանը։ Մնացած ոչ մի դեպքում դա ճիշտ չէ, այլապես, ժողովո՛ւրդ, չեմ տեսնում Թումանյանի, Նարեկացու, Դոստոևսկու, Աստվածաշնչի, Դանթեի գրքերով սարքած խարույկները։ Չէ՞ որ ձեր Հայաստանը խարույկներ է պահանջում, ժողովո՛ւրդ, որպեսզի մնանք մենք որպես «Իսլամական պետության» մահապատիժների երջանիկ վկա, դուք, մեկ էլ էն անձեռակերտ գեղեցկուհին, որը կնայի խարույկին և օր ու գիշեր չդադարող լուսավոր դեմքով կասի՝ հա, ի՞նչ ա էլե որ...
Մհեր Արշակյան










