Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանին խնդրել են ՀԷՑ-ը գնել

Սամվել Կարապետյանին խնդրել են ՀԷՑ-ը գնել

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RBC daily պարբերականին, որում որոշ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գնման վերաբերյալ:

- Աշնան սկզբին հայտարարվեց, որ դուք «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ից գնում եք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ինչո՞ւ է Ձեզ պետք այդ ակտիվը, չէ՞ որ այն շատ պարտքեր ունի:

- Այո, ընկերությունն ուներ պարտքեր` մոտ $220 մլն: Ակտիվը գնեցինք, որպեսզի մարենք այդ պարտքերը:

- Ինչպե՞ս հասկանանք: Դա բարեգործությո՞ւն է:

- Ոչ, իհարկե, հասկանալի է, որ դա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը լավ ընկերություն է և երկարատև ակտիվ է, իսկ մեր կառավարման ներքո այն շատ ավելի լավը կդառնա:

- Վնասաբեր ընկերությունն ինչո՞վ է լավ:

- Մենք ընկերությունը ստացանք շատ ծանր վիճակում: Այն վնասաբեր էր, բայց կդառնա շահութաբեր:

- Ո՞վ Ձեզ դիմեց գնման առաջարկով:

- «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ում առաջարկեցին:

- Կոնկրետ ո՞վ` խորհրդի նախագահ Բորիս Կովալչո՞ւկը:

- Բնականաբար, առանց պարոն Կովալչուկի այդպիսի ակտիվը չէին վաճառի: Ակտիվի գնման առաջարկով մեզ դիմեց «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի խորհրդի անդամներից մեկը: Վերջնական որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ դրա մասին խնդրեցին Հայաստանի իշխանությունները:

- Գնման մասին Ձեզ կարծես թե խնդրում էին և´ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և´ նախագահ Սերժ Սարգսյանը այն բանից հետո, երբ Երևանում ցույցեր սկսվեցին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Նրանք մտավախություն ունեին, որ մարդիկ կարող են վերահսկողությունից դո՞ւրս գալ:

- Այո, խնդրել են Հայաստանի իշխանությունները: Մի կողմից` մենք ցանկանում ենք ընկերությունը կարգի բերել, մյուս կողմից` հասկանում ենք, որ այն ռազմավարական ակտիվ է հանրապետության համար, որն ազդում է երկրում ներդրումային մթնոլորտի վրա: Վստահ եմ, որ մենք կկարողանանք այն փոխել:

- Գումարային գործարք եղե՞լ է:

- Այո: Մեզ այդ ակտիվը ոչ ոք չի նվիրել:

- Որքա՞ն է այն արժեցել Ձեզ:

- Մենք առայժմ չենք բացահայտում գործարքի պայմանները:

- Դուք հիշատակեցիք, որ ընկերությունը Ձեզ է հասել $220 մլն պարտքային բեռով: Կարելի է գոնե իմանալ, թե պարտքի որքա՞ն մասն եք մարել:

- Մոտ 20%-ը:

- Դուք տեսե՞լ եք հայկական մամուլի ենթադրությունները առ այն, որ այդ ակտիվը գնել եք քաղաքական նկատառումներով, որպեսզի Ձեր եղբայր Կարեն Կարապետյանը` Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, երկրի վարչապետ դառա:

- Տասը տարի է` այդ մասին գրում են, սակայն այս ողջ ընթացքում նա Հայաստանի վարչապետ չդարձավ: Ինչ վերաբերում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի գործարքին, ապա դրա հետ այն ոչ մի կապ չունի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գնումը մենք համալիր ենք դիտարկում` որպես բիզնես և որպես օգնություն հայրենիքին:

- Ընկերության որքա՞ն մասնաբաժինն եք գնել:

- Մենք գնել ենք 100%-ը:

- «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի հաշվետվությունում առայժմ ցույց է տրված 25%-ի գնումը:

- Համաձայնագրի կառուցվածքն այնպիսին է, որ մասնաբաժինները մեզ մի քանի փուլով են անցնում: Ներկա պահին մեզ արդեն պատկանում է ակտիվի բաժնետոմսերի 50%-ը:

- Ինչպե՞ս եք ծրագրում շահույթ ստանալ էլեկտրացանցերի հաշվին: Այդ շուկան չափից շատ կարգավորված է, անգամ Ռուսաստանում բոլոր էներգետիկները դժգոհում են:

- Դա ճիշտ է: Էներգետիկան շատ խոցելի բիզնես է, շատ բան կախված է ոչ միայն կարգավորողներից, այլև սպառողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, էլեկտրականության համար մարդիկ վճարում են կանոնավոր կերպով, կանոնակարգված: Այժմ բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարումը կազմում է մոտ 99,8%:

- Այնուամենայնիվ, որտեղի՞ց եք ստանալու շահույթը:

- Մենք առայժմ չենք մտածում շահույթի մասին, առաջիկա հինգ տարիներին հաստատ չենք մտածի դրա մասին: Սա երկարատև ակտիվ է` մշտական:

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

***

ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն էր: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:

«Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը սեպտեմբերի 30-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին պայմանագիրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում