Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 16-ին ընդունել է 30 մլն եվրո արժողությամբ Հայաստանի օժանդակության նոր փաթեթը, որն ուղղվելու է Հայաստանում աշխատանքի ավելի լավ հնարավորությունների ապահովմանը, երկրի ֆինանսական կառավարման ամրապնդմանը և որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության բարելավմանը, ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարելով նոր փաթեթի ընդունման մասին` Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է. «Աջակցության այս նոր փաթեթը մեր արևելյան գործընկերոջը թույլ կտա իրականացնել կարևոր բարեփոխումներ: Սա լավ նորություն է Հայաստանի քաղաքացիների համար, քանզի այդ բարեփոխումները` լինեն դրանք հանրային ծառայությունների բարելավում կամ աշխատանքի հնարավորությունների ավելացում, անմիջականորեն նրանց են օգուտ բերելու»:
Փաթեթի շրջանակում նախատեսվում է իրականացնել երեք ծրագիր:
«Ավելի լավ որակավորում, ավելի լավ աշխատատեղերի համար» գործողությունների ծրագիրը, որի արժեքը 15 մլն եվրո է, ուղղված է լինելու Հայաստանում աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատունակությունը բարձրացնելուն` հատուկ ուշադրություն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում:
10 մլն եվրո արժողությամբ «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիրը» ուղղված կլինի Հայաստանում պետական ծախսերի հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը` համապատասխան միջազգային չափանիշներին և փորձին: Ծրագիրը պետք է նպաստի նաև կոռուպցիայի կանխարգելմանը:
«Քաղաքացիական հասարակության ճկունություն» ծրագիրը` 5 մլն եվրո արժողությամբ, պետք է մեծացնի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը` նպաստելով որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներում ավելի արդյունավետ մասնակցությանը:
Civilnet











