Գլխավոր Լրահոս

Անհամատեղելիները

Անհամատեղելիները

Կեղծարարը բութ է՝ լինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, թե Սամվել Ալեքսանյան:

Բնության մեջ անհամատեղելի բնավորություններ չկան: Կենդանական աշխարհում կան բնազդներ, մարդու աշխարհում՝ խելք: Բնավորությունը խելքի բացակայությունն է, բայց բնազդը չէ: Ավելին, բնազդի բացակայությունն էլ է: Երբ ասում են՝ հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են, սա երկու բանի մասին է՝ կամ ասողն անխելք է, կամ նա ուզում է ասել, որ հայերն ու ադրբեջանցիներն անխելք են:

Ամուսինն սպանում է կնոջը ու դատարանում դատավորի քավորությամբ ասում՝ մեր բնավորություններն անհամատեղելի էին: Հենց այստեղ էլ կանգ կառնենք: Քանի՞ տարբերակ կար չսպանելու, եթե արդեն իսկ պարզ է, որ բնավորություններն անհամատեղելի են: Կարող էր բաժանվել, կարող էր ինքնասպան լինել, կարող էր, ինչպես կատակով են ասում, հաշվել մինչև հարյուրը: Ուրեմն համբերություն և խելք ունի այս երեքից որևէ մեկը չանելու, բայց չսպանելու համբերություն կամ խելք չունի: Ի՞նչ է բնավորությունը: Դա մարդու չհղկված վարքն է, էքսպրոմտ արձագանքը կամ հակազդեցությունը: Ինչպիսին, ասենք, աֆեկտն է: Բնավորություն ունենալու համար պարտադիր չէ գիրք կարդալ: Ավելին, կարդալը նույնիսկ հակացուցված է: Այլապես կձևավորվի մարդը, և «ազգովի» խայտառակ կլինենք: Բնավորությունը քո առաջին իսկ արձագանքն է մարտահրավերին: Երբ հայն ու թուրքն ատելությամբ նայում են միմյանց, սա պատմական հիշողության հայացքը չէ, սա երկու անխելքների առերեսումն է: Որովհետև այս երկուսն անձնապես չեն փորձել միմյանց: Այս հայացքներում որտե՞ղ է բնավորությունը: Դեռ միմյանց չեն հայհոյել, դեռ ոտք չեն տրորել, արդեն ատում են: Լինում է, երբ «անհամատեղելի բնավորության» պատճառով կինն է սպանում ամուսնուն: Իբր, կենդանի չենք, մարդ ենք, մենք էլ ներվեր ունենք, հերիք է ներվերս ուտես:

Ըստ այդմ ի՞նչ է բնավորությունը՝ արդարացումը՝ որ մարդ ես: Բայց ո՞վ ասաց: Եթե կնոջդ կամ ամուսնուդ առաջին իսկ օրը չես սպանել, ուրեմն բնավորությու՞ն ունես: Չկա նման բան: Բնավորություն չկա, երբ արդեն մարդ ես: Մարդն ունի հոգեբանություն: Դա ձևավորված մարդու «ունեցվածքն» է: Ինքն իրեն հղկելու ընթացքում է այդ բնավորությունը դառնում հոգեբանություն: Դոստոևսկին իր «բնավորության» հետ կռիվ է տվել «Ապուշ»-ով: Ո՞վ ասաց, որ դա մեր կռիվը չպետք է լինի: Հարբեցողը չի կարողանում դիմադրել օղուն: Նրա մասին ասում են՝ կամքի ուժ չունի: Բնավորությունը դարձավ կամքի ուժ, իբր թույլ մարդ է: Բազմաթիվ հարբեցողներ կան, որոնք արժեքային շշմելի համակարգ ունեն: Բայց կարող են թավալվել փողոցներով: Կարող են, որովհետև կռիվ ունեն: Ճիշտ է, պարտությունն անխուսափելի է, բայց կռիվ ունեն: Եվ կամքի ուժն այստեղ կապ չունի: Իսկ նրանից բաժանվող կինն ասում է՝ մեր բնավորություններն անհամատեղելի էին՝ նրա համար գլխավորն օղին է, իսկ ինձ համար՝ ընտանիքը: Եվ մարդիկ կան, որոնք օղիով են լրացնում որևէ արժեքի ընկալման իսպառ բացակայությունը: Սակայն կինը չի ասի, որ ամուսինս անխելք է: Կասի՝ անհամատեղելի ենք: Սակայն, ընկերներ, անհամատեղելին առանց գլխի չի արտահայտվում: Նույնիսկ շունն ու մարդն են համատեղվում, եթե առաջին տեղում խնամքն է, ճնճղուկն ու մարդն են համատեղվում, վագրն ու այծն են համատեղվում: Որովհետև առաջին տեղում խնամքն է: Թեպետ չես ասի, թե վագրը գլխով է աշխատում: Նրա բնությունը պարզապես «այս աշխարհից» չէ: Ուրեմն, ամուսինն անխելք է: Բայց ինչու՞: Որովհետև ինքն իր հետ կռիվ չունի: Եթե ունի ու դա օղով է խեղդում, նշանակում է վատ գիտի «այս աշխարհը»: Սա դեռ դժոխքը չէ:

Մենք՝ հայերս, մի հիմար արտահայտություն ունենք՝ ներքին թուրք: Հիմա մտաբերենք մեր դպրոցների ուսուցիչներին: Բռնում է, չէ՞: Դե հիմա ասեք, թե ովքեր են դասավանդում մեր երեխաներին: Ներքին թու՞րքը: Ու մենք մեր սեփական ոտքերո՞վ ենք երեխաներին տանում դպրոց ու հանձնում ներքին թուրքին: Համաձայն չե՞ք: Որովհետև ձեր երեխան չի կարո՞ղ ներքին թուրք մեծանալ: Քանի՞ ջահել էր ներգրավված հանրաքվեն կեղծելու գործին: Երևի ամբողջ հանրապետության վստահված անձանց ու դիտորդների եռակին: Բայց նրանք դպրոց են գնացել, չէ՞: Էդ դպրոցներում արդեն 18 տարի ուսուցիչներն ու տնօրենները գրեթե ամբողջ կազմով հանրապետական են: Ընկերներ, նրանք վաղը մարդ էլ կսպանեն: Որովհետև իրենք իրենց հետ կռիվ չունեն և թուրքն այստեղ կապ չունի: Ոչ որպես ներքին, ոչ էլ՝ արտաքին: Բնավորությունը մարդկային է շան դեպքում, որովհետև կա մի բան, որը մենք գնահատել ենք՝ հավատարմությունը: Շունը դրա վրա է «հյուսած»: Շան մեջ «ներքին թուրք» չկա: Շանը չես կարող մեղադրել կամքի ուժ չունենալու մեջ: Շունը կարող է արտասվել,- դա իր բնությունն է,- կարող է չհաշտվել քո բացակայության հետ: Բայց ինքը բազմաշերտ չէ: Այդ ոչ բազմաշերտությունը շան դեպքում մարդկային է, մարդու դեպքում՝ ոչ: Որովհետև մարդը կյանքն ընկալողն է, ոչ թե սոսկ ապրողը: Ինքը բնույթ բաշխող է, շունը շանը չի կարող սովորեցնել, մարդը մարդուն կարող է սովորեցնել սիրել կամ սպանել շանը:

***

Մոտեցանք վերջին օրերի գլխավոր իրադարձությանը: Ո՞վ կարող է ասել՝ Տիգրան Մանսուրյանի և Տիգրան Մուկուչյանի բնավորություններն անհամատեղելի՞ են: Ոչ: Վերջինս կեղծելուց բացի ուրիշ բա՞ն գիտի: Կարդացա՞ծ տղա է Տիգրան Մուկուչյանը: Ոչ, ընկերներ: Նա ոչ միայն կարդացած չէ, այլև նրա հետ իսկ գրազ կբռնեմ, որ ոչ մի տառ չգիտի: Որովհետև եթե ԱՅՆ չես կարդում, ինչը քեզ մարդ է դարձրել, ուրեմն ոչինչ չես կարդացել: Տիգրան Մուկուչյանի կամ դպրոցի տնօրինուհու «հավատարմությունն» օգտագործվում է նրանց տեղամասերի վրա քսի տալով: Դա բնավորությու՞ն է: Այո, եթե ավելին նկատի չունենք: Նույնիսկ շանն ինչ-որ մեկի վրա քսի տալը քո բնույթի մասին է խոսում, որովհետև դու գիտես, որ քսին հավատարմությունն օգտագործելու ձև է: Այստեղ որտե՞ղ է ներքին թուրքը:

Ճշմարտությունն այն է, որ ներքին թուրքեր չկան: Ինչպես անհամատեղելի բնավորություններ չկան: Կեղծարարը բութ է՝ լինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, թե Սամվել Ալեքսանյան: Նրանք նույնիսկ զրո բնություն չունեն, որովհետև ապականված են բթությամբ: Բութ մարդու հետ հատվող կետ չունի նույնիսկ մեկ այլ բութը: Խելոքի մասին չեմ ասում: Նույնիսկ երկու սուպերփիլիսոփաների բնավորությունը չի կարող անհամատեղելի լինել, որովհետև նրանք զինված են հանդուրժողականությամբ: Եթե նրանք ձանձրացնում են միմյանց, հարգանքով կարող են բաժանվել: Հանդուրժողականությունը բնավորության գիծը չէ, այլ՝ հոգեբանության: Որովհետև բնավորությունը «մեծանում» է և դառնում է բնույթ: Մարդիկ այնքան հաճույքով են ասում՝ Սերժ Սարգսյանը խորամանկ է: Այսինքն, ունի բնույթ, որի արտահայտությունը հիացնում է: Այսինքն, իրենք ճանաչել են այս մարդուն՝ թաքնված ինքնահիացմունք: Դա ի՞նչ խորամանկություն է, եթե ինքը երբեք խաղի մեջ չի խորամանկել: Դա ի՞նչ խորամանկություն է, որն առանց հրապարակային կեղծիքների չի հաջողել, դա ի՞նչ խորամանկություն է, որը 10 մարդ է սպանել: Դա ի՞նչ խորամանկություն է, որը ոչ մեկին խաղալու տեղ չի թողնում: Կարող էր, չէ՞, չսպանել 10 հոգու: Ի վերջո, ընկերներ, խորամանկում են հավատի վրայով: Դուք հավա՞տ եք ունեցել նրա հանդեպ: Դուք ձեր հանդուրժողականությու՞նն եք սփռել նրա վրա: Եթե վաղը նա ընկնի ձեր ձեռքը, չեք բզկտելու՞: Բզկտելու եք: Որովհետև ձեզ չեն խաբել, ձեզ ոչնչացրել են: Ձեզ չեն ժպտացել: Ձեզ նայելով ասել են՝ ինչքան ուզեմ, էնքան կխփեմ: Որովհետև մենք նրա անհամատեղելին ենք, նրա արքայության զուգահեռ ոչնչությունը, նրա տեսադաշտի զրոն, որին մեթոդաբար ապականել են ինքն իր հետ կռիվ չունենալու «խաղաղությամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում