Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար. համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է դեկտեմբերի 17-ի նիստին:
Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝ գումարը կհատկացվի մարզի ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ը [Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը] իրականացնում է սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 մլն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Civilnet











