ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրատարակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն դրամ կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ տպարանային ծախսերի համար. համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել դեկտեմբերի 17-ի նիստին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին, մարզպետարաններին, համայնքներին:
***
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվեց դեկտեմբերի 6-ին: Պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»` 421 600 ընտրող:
Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:
Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Civilnet











