Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա` 11-րդ մեծ մամուլի ասուլիսը: Հարցերի զգալի մասը նվիրված էին միջազգային օրակարգին, այդ թվում` Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, որոնք սրվել են ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Անկարան թաշնամական գործողություն կատարեց` խոցելով կործանիչը, ապա սկսեց թաքնվել ՆԱՏՕ-ի հետևում` ներողություն խնդրելու փոխարեն:
«Խոցվել էր մեր ինքնաթիռը, զոհվել էին մարդիկ, դա բարեկամական գործողություն չէ, այլ թշնամական […] Մի՞թե դժվար էր վերցնել խոսափողը և խոսել, որևէ մեկը ոչինչ չէր էլ ասել: Մենք պատրաստակամություն էինք հայտնել` համագործակցելու Թուրքիայի հետ: Ի՞նչ է` նրանք կարծում էին, որ մենք փախչելու ենք Սիրիայից»,- ասաց Պուտինը:
Դրա համար էլ, նշեց Ռուսաստանի նախագահը, Սիրիայում այժմ այդքան շատ ռուսական սպառազինություններ ու հակահրթիռային տարբեր համակարգեր կան: «Եթե Թուրքիան նախկինում այնտեղ դեռ թռչում էր ու մշտապես խախտում էր Սիրիայի օդային տարածքը, թող հիմա էլ թռչի»,- ասաց նա:
Թուրքիան, Սիրիայում խոցելով ռուսական ինքնաթիռը, հնարավոր է` գործում էր` ԱՄՆ-ին հաճոյանալու նպատակով, սակայն արդյունքում դժվար դրության մեջ դրեց բոլորին, ներառյալ ամերիկացիներին, հավելեց Պուտինը:
Նա նաև նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Թուրքիայի հետ համագործակցել Անկարայի համար շատ զգայուն հարցերով: Ռուսաստանի նախագահն ասաց, որ Անկարան Մոսկվայից աջակցություն է խնդրել այնպիսի զգայուն հարցերով, որոնք հակասել են միջազգային իրավունքին, և Մոսկվան պատրաստ է եղել օգնել: Սակայն նրա խոսքով` Թուրքիայի ներկա ղեկավարության հետ գործնականում հնարավոր չէ համաձայնության գալ, և Ռուսաստանն առայժմ չի տեսնում հարաբերությունները հարթելու որևէ փորձ թուրքական կողմից:
ՌԴ նախագահը խոսեց նաև Սիրիայում Ռուսաստանի գործողության մասին և նշեց, որ այդ հակամարտությունը չունի այլ լուծում` բացի քաղաքականից, և ավելի լավ է` քաղաքական կարգավորման հասնել հնարավորինս շուտ:
«Սիրիայի ապագայի հարցով Ռուսաստանի ծրագիրը հիմնական ասպեկտներով, որքան էլ տարօրինակ է, համընկնում է ամերիկյանի հետ` Սահմանադրության շուրջ համատեղ աշխատանք, ապագա վաղաժամ ընտրությունների վերահսկողության գործիքների ստեղծում, ընտրությունների անցկացում և դրանց արդյունքների ճանաչում` քաղաքական այդ գործընթացի հիման վրա»,- ասաց նա:
Պուտինն ասաց, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական բանակն ունի աջակցության կարիք:
«Մենք վաղուց ասել ենք, որ ավիացիոն հարվածներ կհասցնենք և կաջակցենք սիրիական բանակի հարձակողական առաջխաղացմանը: Մենք դա էլ անում ենք, քանի դեռ սիրիական բանակը իրականացնում է այդ գործողությունները:
Երբ մենք տեսնենք, որ մերձեցման գործընթացը սկսվել է, սկսվել է քաղաքական գործընթաց, և սիրիական բանակն ինքը, Սիրիայի ղեկավարությունը կարծում է, որ վերջ, հարկ է դադարեցնել կրակը, և անհրաժեշտ է սկսել պայմանավորվել, այդ պահից մենք չենք պատրաստվում լինել ավելի սիրիացի, քան իրենք` սիրիացիներն են: Մեր ինչի՞ն է դա պետք: Եվ որքան արագ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ»,- նշեց Ռուսաստանի նախագահը:
Civilnet











