Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 22-ի նիստին 1 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 8.75%:
ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն` 2015թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել 1.2%: ԿԲ-ն նշում է, որ գնաճի նվազումը շարունակում է պայմանավորվել գյուղմթերքների գների ցածր մակարդակով և ներմուծված որոշ ապրանքների գների նվազմամբ:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին` ներքին գների վրա փոխանցելով արտաքին գնանկումային ազդեցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ հունվար-նոյեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: «Չնայած 2015թ. հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում: Այս պարագայում ձևավորված ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, որը, թույլ ներքին պահանջարկի և արտաքին գնանկումային միտումների ազդեցությամբ, հետագայում ևս կպահպանի ցածր գնաճային միջավայր: ԿԲ խորհուրդը կարծում է, որ այսօր արդեն իսկ հիմնականում հաղթահարված են նախորդ տարեվերջից առաջացած գնաճային ռիսկերը, և դրամավարկային պայմանների` վերջին ամիսներին ու ներկայիս կտրուկ թուլացման արդյունքում վերադարձ է կատարվում մինչև 2014թ. նոյեմբերը առկա բնականոն իրավիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, ԿԲ նշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
«Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը հետագայում նույնպես կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` մինչև 9.75%, իջեցրել էր նոյեմբերի 10-ին:
Civilnet











