Գլխավոր Լրահոս

2016թ. բյուջեի դեֆիցիտը կավելանա 68%-ով

2016թ. բյուջեի դեֆիցիտը կավելանա 68%-ով

2016թ. պետական բյուջեի նախագծով՝ եկամուտները կկազմեն 1,186 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5 մլրդ դրամով, իսկ ծախսերը կկազմեն  1,376 մլրդ դրամ՝ ավելանալով 6%-ով՝ 77 մլրդ դրամով: Դեֆիցիտը կկազմի 191 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով՝ 68%-ով։ Այս բացը պետությունը պետք է լրացնի կա՛մ արտաքին, կա՛մ ներքին աղբյուրներից:

Ըստ 2016թ. պետական բյուջեի նախագծի կանխատեսման՝ հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 5,444 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ի աճը՝ 2%: Սա չափավոր գնահատական է 2015թ. համար կանխատեսված 4% աճի համեմատ։ Դիտարկենք, թե պետական բյուջեն ինչ մուտքեր է ունենալու և ինչպես են դրանք ծախսվելու:

Եկամուտներ

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1,129 մլրդ դրամի չափով, նախորդ տարվա 1,139 մլրդ-ի փոխարեն: Այսինքն, հարկային մուտքերի դեպքում նույնիսկ նախատեսվում է նվազում: Ինչպես և նախորդ տարիներին, հիմնականում հարկային եկամուտը ապահովվում է ԱԱՀ-ի և եկամտային հարկի շնորհիվ:

Եկամուտների մեկ ուրիշ աղբյուր են դրամաշնորհները՝ 30 մլրդ՝ նախորդ տարվա 26 մլրդ-ի փոխարեն։  Որպես դրամաշնորհ Եվրոպական հարևանության ծրագրի ՀՀ-ԵՄ գործողությունների շրջանակում նախատեսվում է ստանալ 13 մլրդ դրամ, իսկ նպատակային օժանդակության  համար Ռուսաստանից՝ 4 մլրդ դրամը ՀԱԷԿ-ի երկրորդ  էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար, Եվրոպական ներդրումային բանկից՝ 1 մլրդ դրամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համար, Համաշխարհային բանկից տարբեր նպատակներով՝ շուրջ 3 մլրդ դրամ և այլն։ Ծրագրում ներկայացված են նաև եկամուտների այլ աղբյուրներ (26 մլրդ դրամի չափով). 9 մլրդ դրամ՝ Հայաստանի ռեզիդենտներին տրամադրված վարկերի գծով, 179 մլն՝ Վրաստանին տրամադրված վարկի տոկոսավճարներից:

Ծախսեր

2016թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1,374 մլրդ դրամի չափ, որը 2015 թ․ համեմատ ավելացել է շուրջ 77 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 91%-ը կամ 1,244 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: Պետական բյուջեի ծախսերի մեծ մասը ուղղված է պաշտպանությանը և սոցիալական բնագավառին:

Այժմ դիտարկենք այն հիմնական ծախսային հոդվածները, որոնք  փոփոխվել են 2015թ. համեմատությամբ: Չնայած ծախսերի ընդհանուր աճին՝ որոշ ծախսերի գծով նկատվում է նվազեցում: Մասնավորապես, գյուղատնտեսության  ոլորտին նախատեսվում է հատկացնել 16 մլրդ դրամ՝ 5.7%-ով քիչ, քան նախորդ տարում, ինչը պայմանավորված է հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման պետական աջակցություն հատկացումների շուրջ 73% նվազեցմամբ՝ 930 մլն դրամով: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է 3 մլրդ դրամի ծախս` նախորդ տարվա նկատմամբ 9 %-ով պակաս: Եվ քաղաքաշինության ոլորտի գծով 2016 թ. նախատեսվում է 9 մլրդ դրամի ծախս` 2015թ. 11 մլրդ դրամի փոխարեն, ինչը պայմանավորված է վարչական, մարզական, մշակութային օբյեկտների և այլնի հիմնանորոգման և շինարարության գծով ծախսերի նվազեցմամբ:

Իսկ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է առողջապահության, պաշտպանության, տրանսպորտի, կրթության և այլ ոլորտների ծախսերի ավելացմամբ:

Տնտեսական հարաբերությունների դեպքում նախատեսվում է ծախսերի առավել քան 33% աճ 2015թ. նկատմամբ, որը հիմնականում պայմանավորված է վառելիքի և էներգետիկ ծախսերի ավելացմամբ ավելի քան 10 անգամ և տրանսպորտի ծախսերի 10% ավելացմամբ:

Էլեկտրաէներգիա ծախսի՝ շուրջ 10 անգամ ավելացումը կարող է պայմանավորված լինել էլետրաէներգիայի թանկացմամբ և անապահով ընտանիքների համար սուբսիդավորման: Հաջորդ զգալի աճը՝ մայրության նպաստի վճարման ծրագրով է, շուրջ 67%-ով, որը պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ՝ կապված չաշխատող մայրերին (30 հազար դրամ անձ) տրվելիք մայրության նպաստի համար նախատեսված 4 մլրդ դրամի հետ:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների  շուրջ 19 հազար  մարդով կանխատեսվող աճի պարագայում նախատեսվում է այս գծով ծախսերի 46% աճ՝ 2015թ. համեմատությամբ:

Պետական պարտքի գործառնությունների հետ կապված ծախսը աճել է ավելի քան 36%՝ 2015թ. նախագծի համեմատ:

2016թ. դեֆիցիտը կանխատեսվում է 191 մլրդ դրամ, որը հիմնականում ֆինանսավորվելու է ներքին աղբյուրներից՝ 68 մլրդ և արտաքին աղբյուրներից՝ ավելի քան 122 մլրդ դրամ: 2016թ.  բյուջեի դեֆիցիտը ծրագրվել է ՀՆԱ-ի 3.5 %-ի չափով: Իսկ դեֆիցիտը ֆինանսավորելու համար օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 183 մլն դոլար կամ 87 մլրդ դրամ:

Ենոք Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում