Երեխային լքելը հիվանդություն է

Լուսանկարը՝ Hetq.am-ի
Ուզում եմ անկեղծ լինել՝ երեք ամսականից ես մեծացել եմ մանկատանը։ Երեք տարեկանում տեղափոխվել եմ Գավառի մանկատուն, ապրել մինչև 14,5 տարեկան (1975-1987)։ Այստեղ ես մինչև 14-15 տարեկանը չեմ ընկալել, թե ինչ է «մայրը»։ Գավառում ես, իհարկե, մայրեր տեսել եմ, նրանք գալիս էին, գրկում ամեն ինչից անտեղյակ իրենց երեխաներին ու հեռանում։ Մեկ-երկուսը, սակայն, հետագայում նրանց վերցնում էին մանկատնից։ Հոր մասին ընկալումն ինձ ավելի ուշ է գտել։ Մանկատանն աշխատող ոչ մի տղամարդու մեջ ես հայր չեմ տեսել, կանանց մեջ էլ մայր չեմ տեսել, սակայն նրանք կարողանում էին սրտացավ լինել, նրանք ունեին ողբերգականության զգացում, որը շփոթեցնող էր։ Եթե մայր չես տեսել, չես հասկանում այդ կնոջ, մանկատան դաստիարակի սիրո կամ խղճահարության զգացումների պատճառն ինչն է, ինչ ընդհանուր բան կա ձեր միջև։
Մոր ընկալումն առավել բնորոշ էր նրանց, ովքեր մինչև մանկատանը հայտնվելը տեսել էին նրան։ Այս երեխաները արագորեն էին մերվում անմայրության մանկատան միջավայրին։ «Մայրը» նրանց խորթացնում էր մյուսների մոտ, որոնք չէին տեսել նրան։ Եվ, ի վերջո, իրենք էլ էին դադարում սպասել։ Կամ էդ սպասումներն առանձնապես զգացմունքային չէին։ Մանկատունն ինքնին մոր հանդեպ զգացում ոչնչացնող չէ, քանի որ ինքը չի արգելում, որ մայրերը հանդիպեն իրենց երեխաներին, բայց ինքը որպես երևույթ բթացնում է «մորը», ինչպես վերքն է չորանում։ Նրանք, ովքեր տեսել էին իրենց մորը, առաջին ամիսներին պարծենում էին նրանով, որ մայր ունեն։ Հակընդդեմ նախանձի բացակայությունն արագորեն վերացնում էր այդ հաղթաթուղթը։ Կային, իհարկե, երեխաներ, որոնք համառ էին մոր սպասումների մեջ, կային երեխաներ, որոնք երբևէ չտեսած մորն սպասում էին, ինչպես այսօրվա հավատացյալը՝ Աստծո երկրորդ գալուստին։ Սակայն հիմնականում մայրը մանկատանն ունի նույն ընկալումը, ինչպես՝ Բանգկոկի կրկեսը, որը երբևէ նույնիսկ անորակ լուսանկարով չենք տեսել։
Մանկատանը հնարավոր չէ առանց չարաճճիությունների։ Ինքս մի քանի անգամ թթվասեր եմ գողացել և երբեք չեմ բռնվել։ Սակայն պատուհան կոտրելը, մեկ այլ երեխային խփելը, հագուստը կեղտոտելը չես թաքցնի։ Նման դեպքերին որոշ աշխատակիցներ, որոնք բացառապես կին էին՝ մայրեր, տատիկներ, մեզ անիծում էին հետևյալ բառերով՝ հետ քցողդ շուն դառնա, այսինքն, քեզ ծնածը շուն դառնա։ Այստեղ, ինչպես ասում են, կանգ կառնենք։ Թվում է, թե անեծքն այս շատ է անմարդկային։ Թվում է, թե դրանից հետո պետք է կրծեինք հիշյալ կնոջ կամ կանանց կոկորդը։ Ոչ մի նման հակազդեցություն։ Նախ, մենք առանձնապես վատ կարծիքի չէինք շների մասին։ Ինքներս էինք խնամում փողոցային շներին, մեր ճաշի միսն էինք տալիս նրանց, ես՝ հաճույքով, քանի որ միշտ ատել եմ միսը։ Սակայն հակազդեցության այս բացակայությունը, որի մասին առաջին անգամ մտածում եմ այսօր, մանկության ազնիվ պատասխանն է մի հիվանդության, որը դեռևս ձևակերպված չէ։
Բանն այն է, որ երեխային լքած մոր արարքն իրականում անեծքի բան չէ։ Չեմ ասի, որ լքման հանդեպ մեր ագրեսիվ վերաբերմունքն անբնական է, բայց դա բնական է որպես իր կյանքը հեշտացնել փորձող մարդու հանդեպ վերաբերմունք։ Կան, իհարկե, մայրեր, որոնք երեխային լքում են անակնկալ հղիության ընթացքում ծրագրած գործողությունների շրջանակներում, կան մայրեր, որոնք երեխային լքում են վերջինիս 5-6 տարեկան դառնալուց հետո, երբ մոր հանդեպ երեխայի զգացումները գրեթե հիմնականում ձևավորված են, կան մայրեր, որոնք դա անում են ցինիկաբար, կան մայրեր, որոնք լքում են այնպես, ասես տեսնում են, թե ինչպես են իր երեխային կանգնեցնում գնդակահարության պատի տակ։ Այսինքն, ի խորոց սրտի։
Ըստ իս, երեխային լքելը հիվանդություն է, ոչ թե հանցանք կամ անճարակություն։ Մայրն ըստ էության պատրաստվում է մերժել նրան։ Սրտի ինչ ցավով էլ նա բաժանվում է երեխայից, դա մերժում է։ Մայրը մերժում է իր բնությունը: Որովհետև բնականը երեխային անընդհատ գրկումդ տեսնելն է, առիթ-անառիթ համբուրելը, նրան փորձանքներից հեռու պահելը: Երեխային մի քանի օր չտեսնող մայրը կարող է նույնիսկ խելագարվել, և դա նրա հակազդեցությունն է անբնականի հետ բախումին: Այսինքն, նա հիվանդանում է, որովհետև օրգանական մի բան է խախտվում ներաշխարհում: Որովհետև ինքը չգիտի, թե ինչպես է իրեն զգում երեխան, ինչ ցավեր ունի, ինչ են թաքցնում իրենից, եթե նույնիսկ հեռաձայնում են, որ ամեն ինչ նորմալ է:
Այս մտքերն ինձ այցելեցին այսօր Նոր Նորքի մանկական պոլիկլինիկայում, որտեղ փոքրիկ դստերս տարել էի կարմրուկի դեմ պատվաստումի: Ինքս չեմ կարողանում նայել, թե ինչպես են ծակում նրան: Սա փախուստ է: Սակայն ես գիտեմ, որ մայրը երեխայի հետ է, որովհետև մայրն անվտանգության առաջին պատն է: Մանկատների ձևավորման փիլիսոփայության հիմքում անվտանգության այս առաջին պատն է: Պոլիկլինիկայում ես դարձա իմ մայրը: Այսինքն, ենթադրաբար, մանկատներն օգնում են մայրերին երեխային լքել, այսպես ասած, նրա «ապահովության զգացումից» դրդված: Հիմքում, սակայն, հիվանդությունն է, որովհետև չլքած մայրը երբեք չի հասկանա լքողին: Չի հասկանա, որովհետև իր բնությունը դրա պատասխանը չունի: Ինչպես մենք չունենք պատասխանն այն հարցի, թե ինչու են ոմանք միասեռական, ինչու են ոմանք ընկնավոր կամ լուսնոտ: Այս մարդկանցից էլ վտանգ չկա, թեպետ նրանք էլ կարող են լինել ցինիկ, անտարբեր, ինչ-որ ժամանակ՝ նույնիսկ առողջ: Երեխային լքելը հիվանդություն է և, ըստ իս՝ ոչ անբուժելի: Եթե, իհարկե, պետություն ունես:
Մհեր Արշակյան










