ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին:
Այսօր Երևանում անցկացվում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստը:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, կարևորելով Իրանի հետ հարաբերությունները` Սերժ Սարգսյանը նշել է, որ «երկու երկրների միջև հաստատված անկեղծ երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը ենթադրում են բարձրաստիճան փոխայցերի դինամիկայի պահպանում՝ համագործակցության երկկողմ օրակարգն ավելի ընդլայնելու և զարգացնելու նպատակով»:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և այդ ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանն ու Համիդ Չիթչիանը քննարկել են Հայաստանի և Իրանի համար մեծ կարևորություն ունեցող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքն ու նոր նախագծերի, փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի: Այդ համատեքստում նրանք կարևորել են, որ իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: «Իրանի էներգետիկայի նախարարի կարծիքով` Երևանում երեկ կայացած հիշյալ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուների քառակողմ հանդիպումը կարևոր և արդյունավետ քայլ էր տարածաշրջանի այդ երկրների համերաշխության տեսանկյունից և նոր որակ է հաղորդում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:
Civilnet











