Իրանը պետք է գազը հասցնի մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին:
Թբիլիսին Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու շուրջ, հաղորդել է իրանական Press.tv հեռուստատեսությունը:
Իրանի գազի ազգային ընկերության (National Iranian Gas Company) ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ Իրանը պետք է գազը հասցնի մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին:
Քամելին նշել է, որ Վրաստան մատակարարվող գազի ծավալը կկազմի օրական 300-500 մլն խմ, և այն կուղղվի միայն ներքին պահանջարկը բավարարելուն և չի գնա դեպի Եվրոպա:
Իրանը ներկայում գազ է մատակարարում նաև Հայաստանին՝ էլեկտրաէներգիայի դիմաց: Քամելին ասել է, որ նման պայմանավորվածություն կա նաև Ադրբեջանի հետ:
Ինչ վերաբերում է Եվրոպա գազ մատակարարելուն, իրանական ընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենց համար առաջնահերթ է ոչ թե խողովակաշարերով, այլ հեղուկացված գազի մատակարարումը նավերով:
Տարիներ տևած արևմտյան պատժամիջոցներից հետո, որոնք այժմ վերացվում են, Իրանը սկսում է ընդլայնել իր շուկաները տարածաշրջանում:
Իրանական Press.tv-ի հաղորդմամբ՝ Իրանն իր 34 տրիլիոն խմ գազի պաշարներով աշխարհում առաջինն է, մինչդեռ նրա մասնաբաժինը գազի համաշխարհային շուկայում 1 տոկոսից էլ պակաս է:
Իրանի Նավթի նախարար Բիջան Զանգանեն նոյեմբերին հայտարարել էր, որ Իրանը հավակնում է դառնալ գազի տարածաշրջանային առանցք՝ մատակարարումներ ապահովելով հարևաններին: Նա նշել էր, որ իրենք առաջին հերթին փորձելու են բավարարել տարածաշրջանի պահանջարկը:
Իրանը քննարկում է նաև իր տարածքով թուրքմենական գազի մատակարարումների հարցը, առաջին հերթին՝ դեպի Պարսցի ծոցի երկրներ: Ծոցի բոլոր երկրները, բացառությամբ Կատարի, գազի մեծ պահանջարկ ունեն:
Թուրքմենստանն իր հերթին շահագրգռված է իր գազը նոր շուկաներ հասցնելում: Հունվարի 3-ին ռուսական «Գազպրոմը»՝ թուրքմենական գազի խոշորագույն գնորդը, հայտարարել է, որ 2016-ի տարեսկզբից հրաժարվում է գնել թուրքմենական գազ:
Civilnet











