Գլխավոր Լրահոս

Մեր պատկերացրածը...

Մեր պատկերացրածը...
Մեր պատկերացրած Եվրոպան էթիկայի դարբնոց է՝ շուտով այնտեղ «սեքս» բառն արգելվելու է ի շահ իմպոտենտների: Մեր պատկերացրած հեղափոխությունը չի իրականանում, որովհետև մեզ մոտ կան սովածներ և կուշտեր, իսկ հեղափոխությունն անում են կիսասովածները: Նրանք գիտեն, թե ինչ է հացը, որը պակասում է: Մեր պատկերացրած Աստվածը պիտի կռիվ ունենա տերտերների հետ: Այդպես չէ: Աստված սահմանափակված է ողորմածությամբ: Մեր պատկերացրած ընտրությունը մեր փոխարեն կարող է ուրիշն էլ անել: Մեր ընտրությունը «հայի հետին խելքով» է: Մեր պատկերացրած գազանը նա է, ով հարձակվում է մարդու վրա: Մինչդեռ գազանությունը մարդուց կենդանի և մարդուց մարդ հարաբերության մեջ է: Կենդանին չի կարող լինել գազան: Նա հաշվետու չէ: Մեր պատկերացրած ճոխությունը միշտ իրերի մեջ է: Որովհետև իրերը մեր պատվախնդրության հայելին են: Մեր պատկերացրած հրաշքի մեջ մի քիչ մեռելի հարություն կա: Որովհետև չմեռնելը հրաշք չէ: Մեր պատկերացրած քաղաքականությունն անբարոյականություն է: Իբր անբարոյականներն էլ մենք չենք: Մեր պատկերացրած սերը մեզ հետ երբեք չի պատահի: Որովհետև սերը նույնպես մեր պատվախնդրության հայելին է: Մեր պատկերացրած կինը պիտի ոչ մի խանութի տեղը չիմանա: Որովհետև, երբ նա ասում է, որ պայուսակ չունի, նշանակում է՝ չունի 31-րդը: Մեր պատկերացրած պատմությունը հերոսական է: Որովհետև ոչ ոք այդ պատմության ժամանակակիցը չէ: Մեր պատկերացրած ճշմարտությունը արդարությունն է: Մինչդեռ այն արդարության հետ կապ չունի: Արդարությունը կապ ունի հավասարության հետ: Առանց բաշխման արդարություն չկա: Մեր պատկերացրած խիղճը «արտահայտվում» է մեզ վերաբերող սպառնալիքներից դուրս: Մենք տեսարանների մարդն ենք: Մեր պատկերացրած թուրքը մեզ վրա ատամ է սրում: Որովհետև դա ատամների օրինաչափ փոխհարաբերություն է: Մեր պատկերացրած կռիվն ուրիշի հետ է: Որովհետև ուրիշից է սկսվում «թուրքը»: Մեր պատկերացրած աղոթքը պահանջում է սևեռուն «հայացք առ Աստված»: Ի դեպ, նույն «հայացքն» է «խնամում» կազմակերպված հանցագործությունը` առավել կենտրոնացվածություն: Մեր պատկերացրած ազատությունը ձեռնաշղթաների հակառակն է: Տիեզերքը նույնպես ձեռնաշղթա է: Մեր պատկերացրած ճակատագիրն Աստծով իրականանալիքն է: Մինչդեռ իր իմացության մեջ Աստված սիրում է մեր Կամքը: Մեր պատկերացրած հույսը սիրված լինելն է: Որովհետև ուզում ենք լինել մյուսների հույսը: Մեր պատկերացրած մահը պիտի որ մեզ չվերաբերեր: Որովհետև մեր պատկերացրած հույսը սիրված լինելն է: Որովհետև մեր պատկերացրած ճակատագիրն Աստծով իրականանալիքն է: Որովհետև մեր պատկերացրած ազատությունը ձեռնաշղթաների հակառակն է: Որովհետև մեր պատկերացրած աղոթքը պահանջում է սևեռուն «հայացք առ Աստված»: Որովհետև մեր պատկերացրած կռիվն ուրիշի հետ է: Որովհետև մեր պատկերացրած թուրքը մեզ վրա ատամ է սրում: Որովհետև մեր պատկերացրած խիղճը «արտահայտվում» է մեզ վերաբերող սպառնալիքներից դուրս: Որովհետև մեր պատկերացրած ճշմարտությունը արդարությունն է: Որովհետև մեր պատկերացրած պատմությունը հերոսական է: Որովհետև մեր պատկերացրած կինը պիտի ոչ մի խանութի տեղը չիմանա: Որովհետև մեր պատկերացրած սերը մեզ հետ երբեք չի պատահի: Որովհետև մեր պատկերացրած քաղաքականությունն անբարոյականություն է: Որովհետև մեր պատկերացրած հրաշքի մեջ մի քիչ մեռելի հարություն կա: Որովհետև մեր պատկերացրած ճոխությունը միշտ իրերի մեջ է: Որովհետև մեր պատկերացրած գազանը նա է, ով հարձակվում է մարդու վրա: Որովհետև մեր պատկերացրած ընտրությունը մեր փոխարեն կարող է ուրիշն էլ անել: Որովհետև մեր պատկերացրած Աստվածը պիտի կռիվ ունենա տերտերների հետ: Որովհետև մեր պատկերացրած հեղափոխությունը չի իրականանում, որովհետև մեր մոտ կան սովածներ և կուշտեր, իսկ հեղափոխությունն անում են կիսասովածները: Որովհետև մեր պատկերացրած Եվրոպան էթիկայի դարբնոց է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում