Գլխավոր Լրահոս

Սեռական ֆաշիզմ

Սեռական ֆաշիզմ
Երբ Ալեքսանյան Սամվելը կեղծում է օղին ու դեղը, պարզ է, չէ՞, որ բացառում է իմ և իմ երեխայի կյանքը: Ֆաշիզմը բոլորի անպատկառ բացառումն է հանուն մեկի: Լրատվական կայքերը սահմանին զոհվող մեր զինվորների մասին հաճախ գրում են՝ նա ընտանիքի միակ զավակն էր: Կարդում ես նյութը, պարզվում է շարունակություն ունի՝ ընտանիքի միակ զավակն էր, որն ուներ երեք քույր: Բառացի «զավակը» նշանակում է ծնունդ, սերունդ, հետնորդ: Այն ենթադրում է և՛ որդի, և՛ դուստր: Կայքերից մեկում զավակին և երեք քույրերին առանձնացնող լրագրողն աղջիկ է: Էական բան ասելու լրագրողական այս ագահությունը սեռական ֆաշիզմ է: Եվ այս ֆաշիզմով են մեր իշխանություններն «ապրեցնում» մեր հասարակությանը: Այսինքն, անգրագիտությամբ: Ֆաշիզմը անգրագիտության հաղթահանդեսն է մարդու նկատմամբ: Ֆաշիստը, դիցուք, ոչ հավակնոտ ինտելեկտուալին «հաղթում» է այն ընկալումով, որ ինքը գիտի մի բան, որն ինտելեկտուալը չգիտի: Ֆաշիզմը ամեն ինչի հանդեպ հավակնոտությունն է, բայց՝ անխելքությամբ: Ֆաշիզմը նաև գաղափարի անպատկառությունն է: Ըստ էության այն ամենուր կա: Ֆաշիզմը խաղաղության հակառակն է: Շուշան Պետրոսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին չհավանող աղջկան ասում է՝ աչքերդ կհանեմ: Պատգամավոր Առաքել Մովսիսյանը մեկ այլ աղջկա խոստանում է բռնաբարել: Ինչպես, հավանաբար, կվարվեր իր դստերը վիրավորող որևէ տղայի հանդեպ: Կվարվեր ոչ թե դստերը, այլ իր արյան պատիվը պաշտպանելու համար: Առաքել Մովսիսյանի պատգամավոր լինելը ինքնին ֆաշիզմ է: Տեղ-տեղ իհարկե՝ սեռական ֆաշիզմ: Զուտ ֆաշիստական էր ԱԺ փոխնախագահի արտահայտությունը, որ սահմանին զոհվելը մեր անկախության գինն է: Դա նույնն է, որ ասես՝ թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս: Մորը մոռացողը մայրենի լեզվին չի նայի: Սովորական ֆաշիզմ է իշխանության հաճախակի հնչող այն արտահայտությունը, որ պետք է տեսնել նաև իրենց լավ գործերը: Այստեղ արդեն անգրագիտությունը նույնիսկ ֆաշիզմի հետևողական հանճարին է խփում՝ դուք Աստծուց չեք, տղերք, մեզ նման մարդ եք, աշխատավարձ եք ստանում մեր հարկերից և պարտավոր եք անել լավը: Իսկ վատ չանելու համար կանք մենք: Ի՞նչ է ֆաշիզմը: Դա ոչ միայն տարանջատումն է, ասենք, աղջկան տղայից, այլ տղայի մեծարումը «աղջկա վրա»: Երբ սպանվածն ընտանիքի միակ զավակն է, նրա երեք քույրերին կարելի է հանգիստ վերացնել, կամ շան բուն սարքել, լցնել նրա մեջ, որովհետև «միակ զավակը» չկա, իմաստ չունի երեք քույրերին մարդատեղ դնել: Օրինակ, ֆաշիզմի մեր՝ տեղական «խորհրդանիշը» Սերժ Սարգսյանն է, որովհետև հանուն իր իշխանության նա բուծում և խնամում է իր «արիացիներին»՝ Հովիկ Աբրահամյանին, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Միհրան Պողոսյանին և ՀՀԿ-ական ջահելությանը: Ֆաշիզմի էությունը սա է՝ բոլորը պետք է լինեն կամ «արիացի», կամ ոչինչ: Երբ Ալեքսանյան Սամվելը կեղծում է օղին ու դեղը, պարզ է, չէ՞, որ բացառում է իմ և իմ երեխայի կյանքը: Ֆաշիզմը բոլորի անպատկառ բացառումն է հանուն մեկի: Այսօրվա ֆաշիզմին նախորդել է ստրկությունը, սրան հաջորդել է կրոնը, որը հռչակում է, որ այլադավանները (նույնիսկ մեկ կրոնի մեջ) ապրելու, կամ առնվազն, իրենց կողքին գտնվելու իրավունք չունեն: Կրոնին հաջորդեց Հիտլերը: Հիտլերից հետո, դիցուք, Սամվել Ալեքսանյանը նեոֆաշիզմ է: Նա չի հայտարարում իր առավելությունն իմ նկատմամբ: Բայց կեղծելով օղին, Ալեքսանյանն ինձ ոչ միայն թշնամացնում է ավելի լավ օղու կամ դեղի, այսինքն, բնօրինակի հետ,- քանի որ մեր երկրում չկան հստակ, ինստիտուցիոնալ սահմաններ բնօրինակի և կեղծի միջև,- այլև ուղղակիորեն բացառում է ինձ՝ քայքայելով կամ, առնվազն, որևէ կերպ չօգնելով առողջությանս: Իսկ ինքն այնուամենայնիվ շահում է: Նեոֆաշիզմ է Գագիկ Խաչատրյանը: Որովհետև նա գիտի հատուկենտ անուններ, որոնք պետք է հարկեր չվճարեն, ներառյալ ինքը: Մնացածի քթից պետք է բերվի: Նեոֆաշիզմ է Տիգրան Մուկուչյանը: Որովհետև ստում է ընտրությունների կամ հանրաքվեի տվյալների մասին: Ստում է, որպեսզի իր դուստրն ու որդին լավ ապրեն: Մյուսների հերն էլ անիծած: Նեոֆաշիզմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Որովհետև նա էլ Տիգրան Մուկուչյանի, Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի նման չի ասում, թե թքած ունի Հայաստանի Հանրապետություն կոչվող այս մոլորակի վրա իր տեղը գտած մանրամասն սահմաններով պետության վրա: Ոչ միայն չի ասում, այլև դասախոսություններ է կարդում հակառակի մասին: Բայց ինքը պաշտոնյա քույր ունի, ԱԱԾ տնօրենի տեղակալ եղբայր ունի, որդի ունի, որը, եթե չեմ սխալվում մի ժամանակ մարդ էր վրաերթի ենթարկել ու չէր պատժվել: Սա է ժամանակակից ֆաշիզմը, ընկերներ: Եվ այն, ըստ էության, սեռական ֆաշիզմ է, որովհետև երբ մտածում ես քո հարազատի գոյության կարևորության մասին, մյուսների գոյության մասին առաջին «անմեղ» հակազդեցությունդ նրա հասցեին սեռական հայհոյանքն է, ինչն այնքան հարազատ է «հայ» մարդուն: Հայաստանի իշխանությունը հավակնոտ է ոչ թե տեսիլքներով, այլ մղձավանջներով: Եվ նրա փոքրիկ, հարազատ, անխուսափելի մղձավանջիկն է լրագրող աղջիկը, որը հանգիստ խղճով գրում է՝ սահմանին զոհված տղան ընտանիքի միակ զավակն էր, որն ուներ երեք քույր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում