Գլխավոր Լրահոս

ՀՅԴ-ն ոտքը դնում է միջուկային ռումբի վրա

ՀՅԴ-ն ոտքը դնում է միջուկային ռումբի վրա

Մտնել ՀՀԿ-ի հետ համագործակցության, նշանակում է, չհավատալ, որ Հայաստանն այլ ճակատագրի է արժանի և նշանակում է ստորագրել սեփական անհավատության տակ:

Դաշնակցությունը կարծես թե ՀՀԿ-ի հետ մտնում է կոալիցիայի։ Կամ՝ համագործակցության։ Սա շատ վտանգավոր է ՀՅԴ-ի համար։ Ոչ միայն այն պատճառով, որ ինքն իր վրա է վերցնում այն ամբողջ անբարոյականությունը, որով այս տարիներին ՀՀԿ-ն հարստացրել է Հայաստանը։ ՀՅԴ-ն, հավանաբար, շատ լավ գիտի, թե ինչ ճակատագիր է վիճակված ՀՀԿ-ին իշխանությունը կորցնելուց հետո։ Դրա լավագույն օրինակը ՀՀՇ-ն ու ՕԵԿ-ն են։

«Մայր» ՀՀՇ-ն ի վերջո գնաց անվանափոխության, ինչն ի դեպ ժամանակին պնդում էր Վանո Սիրադեղյանը, իսկ ՕԵԿ-ն արդեն նոր անուն է հնարել իր համար իշխանությունը կորցնելուց հետո։ ՕԵԿ-ը մարտի 1 էր «հեղինակել» և պետք է վճարեր դրա համար։ Այսօր այդ կուսակցությունն անբարոյականությունից զատ այլ ընկալումներ չի առաջացնում։ ՀՀՇ-ին չներվեց նախ ՀՅԴ-ի փակումը, այնուհետև 1995-ի և 1996-ի կասկածելի ընտրությունները։ Այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանն անձամբ էր մարմնավորում այդ տարիների տնտեսական և ոստիկանական խնդիրները։ Եվ այնպես չէ, որ ՀՀՇ-ն վատ էր կառավարում։ Եվ այնպես չէ, որ ժամանակները ՀՀՇ-ին ավելի լավ կառավարելու այլընտրանք էին թողնում։ Սակայն տականքի թարախապալարը ՀՀՇ-ում կար։ Իշխանության մեջ շատ էին կոմունիստներից ժառանգված քաղքենիները, որոնց «գահակալը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էին։

Արթուր Բաղդասարյանը նույնպես ՀՀՇ-ի տարիներից մեզ մնաց նվեր։ Տականքի կենսունակությունը հստակ գաղափարախոսությամբ և պետության տեսլականով իշխանության եկած ՀՀՇ չէր ճանաչում։ Ահա թե ինչու նրանց պատճառով ՀՀՇ-ն վճարեց նախ իշխանափոխությամբ, այնուհետև, ի վերջո, անվանափոխությամբ։ Թեպետ անվանափոխության հիմքում նաև քաղաքական նոր մարտահրավերներն էին։ ՀՀԿ-ական տականքի հետ հնարավոր չէր խոսել այլևս չընկալվող «ՀՀՇ»-ով, որի մեծ մասն արդեն ՀՀԿ-ական էր։

Դաշնակցությանն անվանափոխություն չի սպառնում։ Ու հենց դա է, որ այս կուսակցությանը ՀՀԿ-ի հեռանալուց հետո դարձնելու է աննախադեպ անախրոնիկ։ Տականքի հետ համագործակցությունը չի կարող «կերցվել» ՀՀ-ին վերագրվող մարտահրավերներով։ Քաղաքական այդ ուժը գիտի, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն սոսկ անեծքներով չի պրծնի, դասականն է ասել, որ «նրանց կծեծեն դալաններում»։ Ինչքա՞ն կարելի է կռիվ տալ 5 տոկոս տեղի համար։ Եվ ինչքա՞ն կարելի է քաղաքական ուժի անվան տակ անընդհատ պայքարել երկրորդ կամ երրորդ ջութակ լինելու համար։ Անզեն աչքով է երևում, որ Դաշնակցությունը չի էլ մտածում ամբողջական իշխանություն վերցնելու մասին։ Գուցե ճիշտ է անում, գուցե գիտի, որ դա ոչ միայն հնարավոր չէ, այլև ճիշտ չէ։ Սակայն ՀՅԴ-ն պետք է հիշի, որ հենց ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ, ի տարբերություն ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՀՇ-ի, ինքը՝ ավելի քան հարյուրամյա այդ ուժը, հարվածի տակ է դնում Դաշնակցության տեղն ու դերը նաև դրսում։ Որովհետև, եթե այստեղ նրանց էլ սկսեն ծեծել «դալաններում», Սփյուռքին դժվար կլինի բացատրել, թե դա ինչ «մարտահրավեր» է։

Դաշնակցությանն անվանափոխություն չի սպառնում։ Ու հենց դա է, որ այս կուսակցությանը ՀՀԿ-ի հեռանալուց հետո դարձնելու է աննախադեպ անախրոնիկ։
ՀՀԿ-ի համար ի՞նչ տարբերություն թե ում հետ կհամագործակցի։ Նրա համար բոլոր քաղաքական ուժերը այն «սատանան» են, որոնք միայն կարող են լեգիտիմացնել իրեն։ Ես ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի համագործակցությանը քաղաքական աչքով չեմ նայում, այլ, ներողություն անհամեստության համար, գուշակի։ Պետությունն այնպես է ներծծված ՀՀԿ-ական տականքի «սխրանքներով» ու հակադիմադրողականությամբ, որ, բացառված չէ, ՀՅԴ-ն, որպես իշխանության մաս, նրանում չնկատվի էլ։ Բայց շատ ծիծաղելի կլինի, եթե դա լինի Դաշնակցության հաշվարկը։ Որովհետև հարցերը միայն կուտակվում են։ Եվ էդ հարցերը աջ ու ձախից հնչելու են, երբ իշխանությունը փոխվի։ Եվ եթե ՀՅԴ-ի ականջին շշնջացել են, որ ՀՀԿ-ական տականքը 100-ամյա կենսունակություն ունի, ուրեմն ավելի վատ Դաշնակցության համար, այդ տականքն իրեն էլ կուտի։

Վերջին մեկ տարում ՀՀԿ-ի հետ գործակցող ԲՀԿ-ն դիակից 5 պակաս է, ՕԵԿ-ն արդեն դիակ է։ ՀՅԴ-ին դա չի սպառնում զուտ այն պատճառով, որ այդ կուսակցության իմիջն ու գործիքներն ուրիշ են։ Ինքն ամբողջ կազմով կարող է խնդիրներ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, բայց կուսակցությունը շարունակի ընկալվել։ Գուցե քաղաքական փորձառությունից, գուցե մեզ անհայտ կամ հայտնի այլ պատճառներով։ Քրեական իրավունքի պատմության մեջ կա «հանցավոր գործակցություն» տերմինը։ ԱԱԾ-ն մոտ ամիս ու կես առաջ ինչ-որ խմբի ձերբակալելով շրջանառության մեջ դրեց «հանցավոր համագործակցություն» ձևակերպումը։ «Համագործակցությունը», ընկերներ, հանցավոր չի լինում։ Դաշնակցությունը փորձում է «համագործակցել» Հայաստանի համար աննախադեպ հանցավոր մի խմբավորման հետ, որի մոտ «Դրոն», Նաիրի Հունանյանի խումբը և վերջերս բացահայտված ՚ահաբեկիչների» խումբը մի ուրիշ ձևի ծաղիկներ են։ Դաշնակցությունը ոտքը դնում է ոչ թե ականի, այլ ատոմային ռումբի վրա։

Ուզենք, չուզենք, այդ կուսակցությունն արժանիքներ ունի ի տարբերություն ՀՀԿ-ի, այդ կուսակցությունում իսկական հայրենասերների թիվը մեծ է, ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ կես հայրենասեր անգամ չկա։ Եվ այդ հայրենասերների անունից մտնել ՀՀԿ-ի հետ համագործակցության, նշանակում է, չհավատալ, որ Հայաստանն այլ ճակատագրի է արժանի և նշանակում է ստորագրել սեփական անհավատության տակ։ Չէ՞ որ քաղաքականության մեջ ալքիմիան չի աշխատում, որտեղ մեկ գրամ ազնվությունը կամ հրաշքի ընկալումը կարող է փոխել 99 տոկոսանոց տականքի դեմքը։ Մտածեք այս մասին, ընկերներ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում