Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարությունում նշվում է, որ վերացվում են Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսական բազմակողմ պատժամիջոցները:
ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը վերացնում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունից հետո, որ Իրանը կատարել է միջուկային ծրագրի մասով բոլոր պայմանները: Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների պատժամիջոցները գործում էին 2005-ից՝ այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելուն ուղղված ծրագրի պատճառով:
Համաձայնությունը կայացել է Իրանի և Վեցնյակի երկրների միջև Վիեննայում կայացած բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզմունք է հայտնել, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վտանգը էապես նվազել է:
«Ի պատասխան քայլերի, որ ձեռնարկել է Իրանը՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն անմիջապես կվերացնեն պատժամիջոցները կապված Իրանի միջուկային ծրագրի հետ»,- Վիեննայում հայտարարել է Քերին՝ հավելելով, որ պատժամիջոցների վերացումը իրանցիների համար նոր հորիզոններ կբացի:
Պատժամիջոցների վերացումն ուժի մեջ է մտել ԵՄ մատյանում դրանց պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ կվերացվեն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ միության առանձին անդամների կողմից պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Մոգերինիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարությունում նշվում է, որ վերացվում են Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսական բազմակողմ պատժամիջոցները՝ կապված միջուկային ծրագրի հետ:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ [միջուկային խնդրի] կարգավորման պլանի ընդունման առաջին օրվանից իրենք քրտնաջան աշխատել են փոխադարձ պարտավորությունների կատարման և գործողությունների ընդհանուր պլանը կատարելու ուղղությամբ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանցիներին շնորհավորել է պատժամիջոցների վերացման առթիվ: «Շնորհակալ եմ Աստծուն այս բարեգթության համար և փառահեղ հաղթանակի համար խոնարհվում եմ Իրանի համբերատար ժողովրդի առջև»,- Թվիթերում գրել է նա: #ImplementationDay--I thank God for this blessing & bow to the greatness of the patient nation of Iran. Congrats on this glorious victory!
Ռուսաստանը ողջունել է պատժամիջոցների վերացումը: «Նոր մեծ քայլ է կատարվել Իրանի խնդրի շուրջ վերջնական կարգավորման համար»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Իրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելը քննադատել է գործարքը: «Առանց մեր ջանքերի Իրանը վաղուց արդեն կունենար միջուկային զենք»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Civilnet











