Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ։
Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը նոր հնարավորություն են ստեղծում երկու երկրի բանկային համագործակցությունների համար, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:
«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է Ջահանգիրին:
Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։
Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:
Հունվարի 20-ին Գագիկ Բեգլարյանը հանդիպում էր ունեցել Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ: Կողմերը քննարկել էին Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ էին ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:
Civilnet











