Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնն անհանգստացած է. ՌԴ-ն հնարավոր է՝ նոր ավիաբազա է հիմնում Սիրիայում

Վաշինգտոնն անհանգստացած է. ՌԴ-ն հնարավոր է՝ նոր ավիաբազա է հիմնում Սիրիայում

Ռուսական Սու-24 ռմբակոծիչներ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Ամերիկյան Fox և CNN հեռուստաընկերությունները, հղում անելով պաշտոնատար անձանց, հաղորդել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, Սիրիայի հյուսիս-արևելքում նոր ավիաբազա հիմնելու համար տեղ է ընտրում, և որ նման քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում:

Ըստ հաղորդագրությունների՝ ռուսաստանցի մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ ինժեներներ, Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Կամիշլի քաղաքում այցելել են լքված օդանավակայան: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը վերոհիշյալ այցը «ուշագրավ» է անվանել:  

Ըստ Fox News-ի՝ Կամիշլիի վերոհիշյալ օդանավակայանը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում է ամերիկյան լրատվականը, մտահագություն է առաջացնում փաստը, որ ՌԴ վերահսկողության ընդլայնումը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք նոր լարվածություն կարող է առաջացնել տարածաշրջանում այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Այդուհանդերձ, գրում է կայքը, մինչև այս պահը չկան ապացույցներ, որ Ռուսաստանը զինուժ է կենտրոնացրել Կամիշլիում, սակայն դա կարող է ժամանակի հարց լինել:

Թուրք-սիրիական սահմանին ռուսական ուժերի տեղակայմանն արձագանքել է նաև թուրքական մամուլը: Այսպես՝ պետական Anadolu գործակալությունը հաղորդել է, որ ռուս զինծառայողները կտեղակայվեն Կամիշլիի այն հատվածներում, որոնք գտնվում են կառավարական ուժերի և ոչ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ:

Թուրքիայի հետախուզության աղբյուրները Hurriyet օրաթերթի հետ զրույցում հաստատել են, որ Կամիշլի են ժամանել ռուսական ուժեր՝ նշելով, որ թուրքական ռադարները արձանագրել են ռուս զինծառայողներ տեղափոխող ինքնաթիռ:

Ըստ նույն աղբյուրների՝ սա առաջին դեպքը չէ. նախկինում նույնպես Կամիշլիի՝ Ասադի կողմից վերահսկվող տարածքներում ռուսական զինուժ է նկատվել:

Նույն Hurriyet թերթի հետ զրույցում քրդական ուժերը հերքել են նման հաղորդագրությունները:

Իսկ պաշտոնական Անկարան, ի դեմս կրթության նախարար Նաբի Ավջըի, հայտարարել է, որ, այո, ռուսական զինուժը Սիրիայի կառավարական ուժերի հետ համատեղ գործում է վերջիններիս կողմից վերահսկվող տարածքներում:

«Կամիշլիում վարչակարգի [սիրիական- ՍիվիլՆեթ] ուժերը, ռուս զինծառայողներն ու Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցությունը» [Սիրիայի քրդական կուսակցություն - ՍիվիլՆեթ] միասին են գործում»,- ասել է Ավջըն:

Իսկ ահա Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը կարծում է, որ Կամիշլիում ՌԴ զինուժի կենտրոնացման վերաբերյալ հակասական լուրեր կան, որոնցից «ոչ մեկն էլ ոչինչ չի կարող փոխել»:

«Դա ոչինչ չի փոխի: Անհրաժեշտ է լինել միջազգային կոալիցիայի մաս: Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող հաջողության հասնել՝ դուրս գալով կոալիցիայից: Ահաբեկչության դեմ պայքարելու համար միջազգային համագործակցություն է անհրաժեշտ»,- նկատել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն էլ ասել է. «Կարևոր չէ՝ որքան ռուս զինծառայողներ են տեղակայված Կամիշլիում, նրանք չեն կարող սպառնալիք լինել Թուրքիայի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ է»:

***

Նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու ինքնաթիռ: Թուրքական կողմը պնդում է, որ օդանավը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Միջադեպը մեծապես սրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում