Գլխավոր Լրահոս

Բյուջեով պոռոտախոսները

Բյուջեով պոռոտախոսները

Երեկ Եռաբլուրում թեժ էր լրագրողների համար։ Ով հետաքրքրասեր լրագրող է տեսել, վիրավորել է։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է՝ զբաղվեք ձեր գործով, դավայ։ Ուշադրություն, ոստիկանապետին հարց տվող լրագրողին ասում են՝ զբաղվեք ձեր գործով։ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը լրագրողի մասին ասում է զզվելի։ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորի մասին հարցին հակադարձում է՝ հոգնեցրիք ձեր հարցով։

Տղե՛րք, դուք չեք զգու՞մ, որ դուք ձեր և՛ երազած գողն եք, և՛ ձեր երազած խուժանը, և՛ ձեր երազած չինովնիկը։ Դուք վերջապես ձեզ գտել եք «երեքը՝ մեկում» ֆորմուլայի մեջ։ Էս ի՞նչ լիաթոք անպատկառություն է։ Եվ էդ անպատկառությունը Եռաբլուրում արտահայտվել է այնպես, ինչպես պոետի ստիխն է հանձնվում թղթին։ Էդ ստիխը նրա գլխում կար, ուղղակի դարձավ տեքստ։ Էդ անպատկառությունը ձեր գլխում, ձեր առօրյայում կա, ուղղակի Եռաբլուրում ունեցավ վկաներ։ Եվ այս ի՞նչ համախմբվածություն է այդ անպատկառության մեջ։ Դուք նախ գերեզմանոցում եք, տղերք։ Երկրորդ, հիշեք, որ այնպիսի առիթով եք Եռաբլուրում, որ եթե այդտեղ պառկածներից մեկն իրեն պատերազմի դաշտում էդ անպատկառությունը թույլ տված լիներ, լրագրողների հարցերն արդեն կլինեին ոչ թե ձեր ունեցվածքի, այլ մեր պարտություններում ձեր անձնական դերի մասին։ Մենք այն ժամանակ չենք պարտվել, բայց ինչպե՜ս ենք պարտվում այս օրերին, տղե՛րք, ինչպե՜ս ենք պարտվում։ Կարելի է ասել, որ թեպետ երեկ Բանակի օրն էր, բայց տեղը տեղին պարտված Հայաստանի Հանրապետության օրն էր։ Դուք ձեր Ջիփերով Եռաբլուր բարձրանալիս տեսա՞ք, թե զոհերի ծնողներն էդ ցրտին ինչպես էին հաղթահարում էդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը։ Էս հարցը լրագրողի պոպուլիզմ չէ, տղե՛րք, ձեր մայրերը, ձեր դուստրերը տանն են։ Էս մասին է խոսքը։ Երբ դուք ամենահարմարավետ մեքենայով եք գրոհում Եռաբլուրը, նույնն է, թե տանն եք՝ ձեր մայրերի ու դուստրերի կողքին։ Որովհետև զոհերի շիրմին այցելելու ծիսականությունը ձեր՝ հոգևորականների, ձեր՝ չինովնիկների, ձեր՝ բյուջեով պոռոտախոսների մեջ չկա։

Ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ լրագրողներից հեռու՞ մնաք։ Ասենք՝ մնացիք։ Ոստիկանապետի բառապաշարից «դավայն» ու «մատներդ կկտրեմ»-ը կվերանա՞ն։ Հոգևորական մարդը կասի՝ հոգնեցրի՞ք ձեր հարցով։ ԱԱԾ պետը լրագրողին կասի զզվելի՞։ Հասկացանք, որ դուք արդեն ձեր երազած ամեն ինչն եք, հասկացանք նույնիսկ, որ մենք ձեր երազած ոչինչն ենք։ Տղե՛րք, բայց դա ոտքերով չի, ոտքերով չի, հավատացեք, ոչխարն ու էշը չորս ոտք ունեն և ոչ մի հավակնություն։ Որովհետև բնությամբ են կրում էդ ընկալումը՝ ոտքերով չէ։ Գլխով է։ Սա խիստ մտերմաբար եմ ասում։ Մի բան պիտի՞ ձեզ տարբերի «չորս ոտք՝ ավելի լավ» ընկալումից։ Լրագրողները ձեզ որտե՞ղ բռնեն, որպեսզի իրացնեն Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված տեղեկատվության ազատության իրավունքը։ Դուք ի՞նչ է՝ պետական գաղտնի՞ք եք։ Ձեր անձն արդեն նույնացվել է այս պետության խորախորհուրդ գաղտնիքների՞ն, որոնց մասին լրագրողները ձեզ երբեք էլ հարց չեն տվել։

ԱԱԾ ղեկավար ես, մի անգամ, կյանքում մի անգամ կանգնիր և կարելիության սահմաններում խոսիր էն մասին, թե ինչու բռնեցիք «նոր հոկտեմբերի 27-ի» կազմակերպիչներին և ինչու՞ բաց թողեցիք։ Ձեզ հարցնում են օֆշորի մասին։ Ձեզ հարցնում են հոգևորականի և նրա ճոխ կյանքի քրիստոնեական նպատակահարմարության մասին։ Ձեզ հարցնում են «մատներդ կկտրեմ» արտահայտության էթիկական կողմի մասին։

Դուք էդ ի՞նչ հարց եք լուծել էս պետության համար, որ էդքան, դասականի ասած «ինքներդ ձեզ հերիք եք»։ Ե՞րբ եք որևէ հարցի պատասխանել թոքերի աշխատանքի ամբողջ ազատությամբ։ Կաթողիկոսն ասում է՝ մենք իշխանավորների հավատը քննող չենք։ Ճիշտ է ասում։ Բայց հավատ քննող չես, եթե դու նրանցից ոչ մի կախում չունես, եթե առանց նրանց ինքդ քեզ հերիք ես, հավատ քննող չես, եթե դու առանց նրանց ես գնում Եռաբլուր։ Եվ, ընդհանրապես, կաս առանց նրա։ Հավատ քննող, այսինքն, հավատաքննիչ չես, այո, եթե չինովնիկդ Հովիկ Աբրահամյանն ու Գորիկ Հակոբյանը չեն, իսկ հոգևորականդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէ։

Իշխանությունները շատ լավ գիտեն, որ այս պետության մեջ իրենց միայն մի զենք է մնացել՝ հեռու մնալ լրագրողներից։ Որովհետև մարդուն կաշառելը կա, նվաստացնելը կա, ծեծելն ու խաբելը կա, խաթրով հարիֆացնելը կա, պետության բյուջեն՝ որպես սեփական կնոջ քմահաճույքների շտեմարան կա, ընտրություն ու հանրաքվե կեղծելը կա, նույնիսկ այս ամենը ամբողջ պետության աչքի առաջ անելը կա: Մնում է այս ամենը հեռու պահել թեմա լինելուց։ Մնում է այս ամենը դարձնել պետության օրգանիզմի մաս, այնպես, որ հարցեր չառաջանան։

Չի լինելու, տղե՛րք։ Դուք պետք է փոխեք ձեր տակտիկան։ Դուք պետք է «հավատաքննեք» արդեն ժուռնալիստիկան։ Ավելի ճիշտ՝ տոտալ հավատաքննեք։ Որովհետև դա էլ եք արել։ Մնում է, ժուռնալիստներին հեռու պահեք ձեզնից, նույնիսկ այն մայրերից, որոնք մի քանի կիլոմետր են ոտքով կտրում, որպեսզի հասնեն պատերազմում զոհված իրենց որդիների և եղբայրների շիրմին։ Ես ձեզ իսկապես առաջարկում եմ սկսել տոտալ հավատաքննությունը։ Որովհետև այնպես չէ, որ ձեր «հակահայությունն» անում եք ձեր տան անկողինների տակ։ Եվ այնպես չէ, որ իջնում եք նկուղ ու նոր պոռոտախոսում մարդկանց հասցեին։ Մի բան պիտի անեք՝ էս ժողովուրդը հասկանա, որ երկրից փախչելը չի կտրում վիրավորվածության և զրո օրինականության զգացումը։ Գուցե «համբերության բաժակն» աշխատացնելու համար այս ժողովրդին պակասում է ձեզնից տոտալ տարանջատվածությունը, որում մարդիկ հնարավորություն կունենան ինքնուրույն «ստեղծագործել» Ելքը։ Լրագրողները դեռ կրում են ձեր և հասարակության կապվածության իմիտացիան։ Ազատե՛ք մեզ այդ իմիտացիայից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում