Գլխավոր Լրահոս

Անկարա-Մոսկվա. իրական միջադե՞պ, թե՞ «մերկապարանոց քարոզչություն»

Անկարա-Մոսկվա. իրական միջադե՞պ, թե՞ «մերկապարանոց քարոզչություն»

Ռուսական Սու-34 ինքնաթիռներ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում, արխիվային լուսանկար

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են, Թուրքիայի ռազմաօդային ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ ռուսաստանյան Սու-34 ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը:

Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախօրեին ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Միջադեպի կապակցությամբ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է ԱԳՆ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է միջադեպը. «Ռուսաստանը ստիպված է պատասխան տալ հետևանքների համար, եթե խախտումները շարունակվեն»:  

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ երկրի ԱԳՆ-ն կապ է հաստատել Ռուսաստանի հետ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու և միջադեպը քննարկելու նպատակով, սակայն, Էրդողանի խոսքով, ռուսական կողմից պատասխան դեռ չի ստացվել:

Մինչդեռ ռուսական կողմը հերքում է Անկարայի մեղադրանքները և դրանք որակում «մերկապարանոց քարոզչություն»:

«Սիրիայում ՌԴ ավիախմբի ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել: Թուրքական կողմի հայտարարությունները մերկապարանոց քարոզչություն են»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների նոր դրվագին արձագանքել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի: Վերջինս կոչ է արել Մոսկվային ձեռնարկել բոլոր միջոցները նման դեպքեր թույլ չտալու համար և «սատարել Թուրքիայի տարածքային ամբողջականությանը»:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սու-34-ի միջադեպից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իր ստորաբաժանումները բերել է բարձր պատրաստականության, հայտարարվել է սպառնալիքի «նարնջագույն» աստիճան:

***

Սու-34-ի հետ կապված միջադեպը հիշեցնում է 2015թ. նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսաստանյան Սու-24-ի խոցումը:

2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռ: Թուրքական կողմի պնդմամբ՝ օդանավը խախտել է իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Միջադեպը մեծապես սրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:

Մոսկվան իր ինքնաթիռի խոցմանն ի պատասխան դիմել է հակաքայլերի. դադարեցվել են Թուրքիայի հետ շփումները ռազմական ոլորտում, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են թռիչքները Թուրքիա, արգելք է դրվել Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման վրա, ուժեղացվել է վերահսկողությունը Թուրքիայից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի վրա:

Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում