Գլխավոր Լրահոս

Հայաստանը վատթարացրել է դիրքը տնտեսական ազատության զեկույցում. Heritage Foundation

Հայաստանը վատթարացրել է դիրքը տնտեսական ազատության զեկույցում. Heritage Foundation

Read more about Armenia Economy.See more from the 2016 Index.

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ցուցիչը (2016 Index of Economic Freedom), որի համաձայն` Հայաստանի տնտեսությունը աշխարհի 178 երկրների շարքում զբաղեցնում է 54-րդ տեղը` 67 միավորով: Այն շարունակվում է համարվել «չափավոր ազատ» տնտեսությամբ երկիր:

Երկրի տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է տասը ցուցիչի հիման վրա. գործարարության ազատություն, առևտրի ազատություն, հարկաբյուջետային ազատություն, կառավարության ծախսեր, դրամավարկային ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունք, կոռուպցիա, աշխատանքի ազատություն:

Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության ինդեքսին համապատասխան խմբավորվում են հինգ խոշոր կատեգորիաներում: Այսպես, ինդեքսում 80 և ավելի կետ ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը` «հիմնականում ազատ», 60-69,9-ը` «չափավոր ազատ», 50-59,9-ը` «հիմնականում ոչ ազատ», 49,9-ից ցածրը` «ճնշված» երկրներ:

Համաձայն 2016թ. զեկույցի` անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,1 միավորով. 2015թ. Հայաստանը 52-րդն էր` 67,1 միավորով: Այն ժամանակ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել էր 1,8 միավորով:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, ինչը համարվում է համաշխարհային և տարածաշրջանային միջինից բարձր ցուցանիշ:

«Տնտեսական բազայի զգալի դիվերսիֆիկացումը մեծացրել է տնտեսական դինամիզմը Հայաստանում: Բիզնես ընթացակարգերի զգալի պարզեցումը ավելի արդյունավետ է դարձրել կարգավորումը: Վերջին տարիների ընդլայնվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ձեռնարկվել են քայլեր` սահմանափակելու կառավարության ծախսերը ավելի շրջահայաց կառավարման միջոցով»,- ասված է զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում:

Զեկույցի հեղինակները Հայաստանի տնտեսության նկատելի հաջողությունների շարքում են դասել բաց շուկաները և հանրային ֆինանսների կառավարումը, իսկ մտահոգությունների շարքում նշել են սեփականության իրավունքը, կոռուպցիան և աշխատանքի ազատությունը:

«Համատարած կոռուպցիան խորացել է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանի անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցությամբ: Հաղորդվում է, որ կաշառակերությունն ու հովանավորչությունը տեղ են գտնում կառավարության պաշտոնյաների շրջանում, որոնք հազվադեպ են քրեորեն հետապնդվում կամ հեռացվում պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Դատական համակարգը տուժում է անկախության և թափանցիկության բացակայությունից: Ոստիկանության համատարած ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով կաղում է իրավապահ մարմինների աշխատանքը»,- ասված է զեկույցում:

Հայաստանը 2016թ. զեկույցում տասը ցուցիչներից չորսով բարելավել է դիրքերը` դրամավարկային, ներդրումային, առևտրային ազատությունների և կոռուպցիայից ազատության մասով: Չորս ցուցիչով` կառավարության ծախսերի, հարկաբյուջետային, գործարար և աշխատանքի ազատությունների մասով Հայաստանը նահանջել է: Սեփականության իրավունքների և ֆինանսական ազատության մասով դիրքերը մնացել են անփոփոխ:

Զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 20 միավոր, «կոռուպցիայից ազատությունը»` 37 միավոր, «հարկաբյուջատային ազատությունը»՝ 83,8 միավոր, «կառավարության ծախսերը»` 80,7 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 77,5 միավոր, «աշխատանքի ազատությունը»` 62,2 միավոր, «դրամավարկային ազատությունը»` 72,8 միավոր, «առևտրի ազատությունը»` 85,6 միավոր, «ներդրումային ազատությունը»` 80 միավոր, «ֆինանսական ազատությունը»` 70 միավոր:

Հարևան երկրների շարքում Վրաստանը 23-րդն է` 72,6 միավորով («հիմնականում ազատ» տնտեսությամբ երկիր), Թուրքիան` 79-րդը` 62,1 միավորով («չափավոր ազատ»), Ադրբեջանը` 91-րդն է` 60,2 միավորով («չափավոր ազատ»), Իրանը` 171-րդն է` 43,5 միավորով («ճնշված»): Անցյալ տարվա համեմատ՝ հարևան երկրներից միայն Իրանն է որոշակի բարելավելում արձանագրել. 2015-ին Իրանը կրկին 171-րդ հորիզոնականում էր` սակայն 41,8 միավորով:

Եվրասիական տնտեսական միության երկրներից Ռուսաստանը զեկույցում 153-րդն է` 50,6 միավորով և ընդգրկված է «հիմնականում ոչ ազատ» տնտեսությամբ երկրների շարքում: Այս շարքում է նաև Ղրղզստանը, որը 59,6 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը: Ղազախստանը զեկույցում 68-րդն է` 63,6 միավորով («չափավոր ազատ»), Բելառուսը`157-րդը` 48,8 միավորով («ճնշված»):

Զեկույցի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան, որոնք ձևավորել են տնտեսապես ազատ երկրների լավագույն հնգյակը: Ամենաանազատ երկրներ են ճանաչվել Թուրքմենստանը, Զիմբաբվեն, Վենեսուելան, Կուբան և Հյուսիսային Կորեան: Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Լիխտենշտեյնում, Սոմալիում, Սուդանում և Եմենում տնտեսական ազատության մակարդակը չի գնահատվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում