Գլխավոր Լրահոս

Թուրքիան իր դեսպանին հետ է ուղարկում Վատիկան

Թուրքիան իր դեսպանին հետ է ուղարկում Վատիկան
Թուրքիան հայտարարել է, որ որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին, որը հետ էր կանչվել մոտ տասը ամիս առաջ` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում վկայակոչում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունը` թվագրված փետրվարի 3-ով: «Մենք Սուրբ Աթոռի մամուլի տարածած հաղորդագրությունը որպես դրական զարգացում ենք դիտարկել: Նշված հաղորդագրությունում ասվում է, որ մեր պատրաստակամությունը` բացելու արխիվները պատմաբանների և հետազոտողների համար` 1915թ. իրադարձություններին վերաբերող պատմությունն ու տառապանքը ավելի լավ հասկանալու նպատակով, այսինքն` Պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, գնահատվել է: Նաև նշվում է, որ դատապարտվում են բռնությունն ու ահաբեկչությունը` հիշատակելով Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Տահա Ջարըմին, որը նահատակվել է 1977թ.: Այս ծիրում որոշվել է, որ Սուրբ Աթոռում մեր դեսպանը` Մեհմեթ Փաչաջըն, որը խորհրդակցությունների համար Անկարա էր կանչվել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015թ. ապրիլի 12-ի պատարագից հետո, կվերադառնա իր պաշտոնին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը վկայակոչել է Թուրքիայի ԱԳՆ-ն, այլ համատեքստի վերաբերող ձևակերպումներ են: Նշվում է, որ փետրվարի 3-ին Ռինալդո Մարմարան [պատմաբան, որը մասնագիտացած է Թուրքիայում Հռոմի կաթոլիկ (լատինական) համայնքի պատմության մեջ - խմբ.] Պապ Ֆրանցիսկոսին է ներկայացրել 1657թ. Դարդանելի երկրորդ ճակատամարտի մասին իր գիրքը: «Նախօրեին այս գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը հայտարարել է, որ իր նպատակը Վատիկանի արխիվների և Վատիկանի գրադարանի կարևոր արխիվային նյութերը թուրք պատմաբանների և հետազոտողների համար հասնելի դարձնելն է եղել: Գիրքը, չնայած պատմության ցավալի հիշողություններին, լուսաբանում է գիտական հետազոտությունների և պատմական ուսումնասիրության համար արխիվները բացելու կարևորությունը` հանուն ճշմարտության և համագործակցության ու փոխըմբռնման կամուրջներ կառուցելու: Այս լույսի ներքո նկատվում և գնահատվում է Թուրքիայի հետևողական պատրաստակամությունը` հասանելի դարձնելու իր արխիվները շահագրգիռ կողմերի պատմաբանների և հետազոտողների համար` պատմական իրադարձությունները և պատերազմի ու հակամարտության բոհում հայտնված բոլոր կողմերին`անկախ կրոնական և էթնիկ ինքնությունից, բաժին ընկած ցավն ու տառապանքը, այդ թվում 1915թ. ողբերգական իրադրաձությունները համատեղ ավելի լավ հասկանալու նպատակով: Պատմության ցավալի իրադարձությունները չպետք է մոռացվեն. հակառակը` դրանք պահանջում են մանրամասն ուսումնասիրություն և դատապարտում, որպեսզի հանգեցնեն ամոքման և հիշողության մաքրման, որն այնչափ կարևոր է մարդկանց և ժողովուրդների հաշտեցման ու ներման համար: Ե´վ հեռավոր, և´ ավելի մոտ անցյալի (ինչպես 1977թ. հունիսին ահաբեկչական խմբի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Տահա Ջարըմի սպանության դեպքում) տառապանքի ու ցավի հիշողությունը մեզ հորդորում է նաև ճանաչել ներկայի տառապանքը և դատապարտել բռնության ու ահաբեկչության բոլոր գործողությունները, որոնք շարունակում են զոհերի հանգեցնել այսօր: Հատկապես անտանելի ու վիրավորական է բռնությունն ու ահաբեկչությունը, որն իրականացվում է Աստծո կամ կրոնի անունով: Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած իր այցի ընթացքում Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապն ասել է. «Քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ ու քույրեր են... Մենք պետք է միասին ոչ ասենք ատելությանը, վրեժխնդրությանը և բռնությանը, հատկապես այն բռնությանը, որն իրականացվում է կրոնի կամ Աստծո անունով»: Թող այս խոսքերը ոգեշնչեն բարի կամք ունեցող բոլոր մարդկանց` հիշելու և հաստատելու իրենց եղբայրությունը, համերաշխությունը, կարեկցանքն ու համընդհանուր մարդասիրությունը և վերահաստատելու բռնության դեմ իրենց ընդհանուր դիրքորոշումը»,- ասված է Վատիկանի հաղորդագրությունում: *** 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն ստանալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ էր կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում