Գլխավոր Լրահոս

Նամակ ՀՀ քաղաքացուն

Նամակ ՀՀ քաղաքացուն

Պատրանքներ չունենաս՝ այս իշխանությունը քեզ չի սիրում: Այս մարդիկ այլևս Ղարաբաղ չունեն իրենց տեսադաշտում: Համենայնդեպս, այն Ղարաբաղը, որը նրանց բերեց Հայաստան: Այդ պահից նրանք ընդհանրապես Ղարաբաղ չունեն: Եվ «փառք» Ադրբեջանին, որ ձև է անում հասկացնելու, թե «ինչի համար ենք հավաքվել»: Եվ Հայաստան էլ չունեն իրենց տեսադաշտում, որովհետև որևէ պետություն քոչվորի հակառակն է: Այն Հայաստանը, որի խորության աշխարհագրությունից են իրենք, ոչ թե՝ թափառաշրջիկության:

Ի՞նչ է եղել այդ մարդկանց կերակուրը, ո՞վ է եղել նրանց սերը, ո՞վ է մերժել նրանց: Այսքան հայ մի մատ հողի վրա՝ չսիրվա՞ծ: Այդպես չի լինում: Իրենց չարությամբ ու ատելությամբ են նրանք լցրել այս Հայաստանը: Բորենու (մեղա բորենիներին) իրենց բնազդով, խոպանչու իրենց սապոգներով նրանք այստեղ են մտել` «մտահղանալու» վերջին Հայաստանը։ Այս մարդիկ չեն հաշտվելու այն մտքի հետ, որ իրենք էլ են հայ: Իրենք մեզ չեն ներելու «տեսիլք» բառի համար, որ է Հայաստանը: Չէ՞ որ առաջարկելու ոչինչ չունեն այդ բառն ունեցող ժողովրդին: Նրանց տեսադաշտում հիմա փախուստի արեալն է: Կոչնչացնեն, կսպանեն, «բանդաներով» կբեմականացնեն իրենց «դժվարըմբռնելի» «հայրենասիրությունը», մինչև պետություն չի մնա: Նրանք մեզանից յուրաքանչյուրից կերտում են մի Անի, որի բանալիներն արդեն հանձնել են հրոսակներին: Այս մարդիկ ատում են բոլորին: Եվ ըստ այդմ էլ՝ իշխում: Մեզ ատում են` որպես իրենց այդպես էլ լեգիտիմություն չտված ընտրող, թշնամուն՝ որ մեզ ծնկաչոքելու իրենց «առաքելության» մեջ բավարար հետևակ չեն, միջազգային ուժերին՝ որ մեզ ու իրենց հավասար անպատկառության մեջ են ընկալում։ Ի՞նչը պիտի նրանց ստիպի շրջվել Հայաստանի կողմը: Իրենք քեզ՝ ՀՀ քաղաքացի, հիշողությունների ու սիրո տեղ չեն թողնելու: Այս Հայաստանը «գեղեցիկ» է բզիկ-բզիկ անելու և «ամենաբոմժ» թշնամու երախին անգամ մարսելի դարձնելու համար:

Պատրանքներ չունենաս: Կամ՝ Հայաստանը, կամ՝ իրենք: Իրենք արժանապատվություն չունեն, ուստի գրոհել են քո արժանապատվության վրա, իրենք հիշողություն չունեն, ուստի քեզ մեկուսացնում են քո հիշողություններից, իրենք առասպել չունեն, ուստի իրենց են պարտադրում իբրև առասպել: Այս մարդիկ մեր լեզվի ու տեսիլքների հակապատկերն են: Մտքիցդ հանիր, որ սրանք հեռանալու են իրենց չորս ոտքով: Մտքիցդ հանիր, որ սրանք ընդհանրապես ուղղության զգացում ունեն: Մոռացիր, որ տագնապը սրանց բնազդներում կա: Իրենք հողագործ չեն, որն իր արյան մեջ կրում է բնության քմահաճույքների հանդեպ տագնապը: Իրենք շինարար չեն, որն ամեն շենքը կանգնեցնում է աղոթքով և արարմամբ շաղախված ձեռքերով, որոնցում նկատի է առնված երկրաշարժն ու վերին Ողորմածությունը: Իրենք մտքի մարդ չեն: Ուշադիր եղիր, ՀՀ քաղաքացի: Նրանք կռիվ ունեն, որովհետև ոչինչ չեն արարել: Միայն իրենց նման ոչ հայը գիտի, թե ինչ են հասկանում Հայաստան ասելով: Նրանք կժպտան, նրանք կխոնարհվեն, նրանք կասեն հարկավոր բառերը, որպեսզի դու, ՀՀ քաղաքացի, ճանաչես մերձավորին: Բայց դա չարության «անեսթեզիան» է, բարեկամս: Քեզ տրված չէ տեսնելու, թե ինչքան խորն է մտնում դանակը: Ոչ մի ընտրությանն իրենք քեզ օր ու արև չեն տալու. դու նրանց քվեի մսացուն ես: Քո ոչ մի զոհաբերությանը նրանց արյունը չի խառնվելու, նրանցը արյուն չէ, որովհետև արյունը նրանն է, ով տալու բան ունի: Դու տեսե՞լ ես, որ նրանք տան: Այս մարդիկ նույնիսկ անեկդոտի չեն ձգում, որովհետև մեզ իրենց ծուռ նայելու տարածք էլ չեն թողել: Նրանց կգտնես ամենուր` որպես քո վրա թափվող հարազատ կնոջ անեծք, որի մարտի 8-ը նույնացել է մյուս բոլոր անհույս օրերի հետ, որպես «Հաղթանակ» կամուրջ տանող քայլեր, որպես ինքդ քո հետ հաշտ չլինելու միակ միտք:

Նրանք չեն մտել այս երկիր, նրանք խցկվել են: Նույնիսկ եթե այս երկրից են, նրանք, միևնույն է, խցկվել են, որովհետև ո՞ր սիրվածն ու միտք ասած մարդն է այդքան անպատկառ հրվում բոլոր կողմերը, եթե ոչ՝ քոչվորը: Եվ պատմության բոլոր քոչվորներից միակն են, որ հետևողական են մեկ առանձին վերցրած հողի և մարդու հոշոտման գործում: Սրանք ուրիշ են, սրանք գիտեն նույնիսկ ծծել պարապ հողի ծուծքը այնպես, որ մինչև աշխարհի վերջն այնտեղ վերադառնալն իմաստ չունենա: Որովհետև սրանք հողի վրա չեն կանգնած, այլ ունեցվածքի, սրանք մարդու հետ գործ չունեն, այլ խոչընդոտի: Սրանք, ասես, մեր անցյալի մղձավանջներից եկած լինեն` հիշեցնելու գերեզմանների շուրջ մեր համախմբվածության «շնորհքը»: Նրանք եկել են ժամանակը կանգնեցնելու իշխանությամբ: Նրանք եկել են դառնալու մեր կենդանի գոյության վրա պարարտացած ճիճուն: Իրենք զգացողներ չեն, ՀՀ քաղաքացի: Նրանց տեսադաշտում աչքեր չկան: Նրանք ոչ մի մուրացկանի փող չեն թողել: Ո՞վ է նրանց տեսած վերջին մարդը վերջին 25 տարում: Ու՞մ են նրանք պատմել իրենց կասկածները: Նրանք նման են մահվան դատավճռի թղթով քո հետևից եկած կատարածուի, որին ուղեկցում է ժպտացող տերտերը: Նրանք նման են ամեն ինչի, որի հետագիծը անապատն է, ամեն ինչի, որը բնություն չունի:

Եվ այս մարդիկ նոր Հայաստանի գրեթե առաջին օրերի պատմությունն են, այնքան անբովանդակ, որ տիղմի էլ չեն ձգում, որն իր բովանդակությունն ունի, որի մեջ ի վերջո կարելի է խեղդվել դիմադրելով՝ իմաստավորելով և´ տիղմը, և´ քո մահը: Պատրանքներ չունենաս: Պատրանքն իսկ մահ է: Հիմա քո ունեցածը դու էլ չես: Նրանք քեզ թույլ են տվել և էլի թույլ կտան անպայման լինելու անճոռնի մի անգիտության վերածվելու վկան, որպեսզի քո բոլորեքյան պարտությունը քեզ շատ չհամարվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում