Գլխավոր Լրահոս

Վատիկանը հետքայլ չի կատարել. ՀՀ ԱԳՆ

Վատիկանը հետքայլ չի կատարել. ՀՀ ԱԳՆ
Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է: Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Փետրվարի 3-ին Թուրքիան հայտարարել էր, որ որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին. վերջինս խորհրդակցությունների նպատակով Անկարա էր հետ կանչվել մոտ տասը ամիս առաջ` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման: Պարզաբանելով դեսպանին Վատիկան վերադարձնելու որոշումը` Թուրքիայի արտգործնախարարությունը վկայակոչել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայության` փետրվարի 3-ին տարածած հաղորդագրությունը` դիտարկելով այն որպես դրական զարգացում: «Նշված հաղորդագրությունում ասվում է, որ մեր պատրաստակամությունը` բացելու արխիվները պատմաբանների և հետազոտողների համար` 1915թ. իրադարձություններին վերաբերող պատմությունն ու տառապանքը ավելի լավ հասկանալու նպատակով, այսինքն` Պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, գնահատվել է: Նաև նշվում է, որ դատապարտվում են բռնությունն ու ահաբեկչությունը` հիշատակելով Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Տահա Ջարըմին, որը նահատակվել է 1977թ.»,- ասված էր Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը վկայակոչել է Թուրքիայի ԱԳՆ-ն, այլ համատեքստի վերաբերող ձևակերպումներ են: Նշվում է, որ փետրվարի 3-ին Ռինալդո Մարմարան [պատմաբան, որը մասնագիտացած է Թուրքիայում Հռոմի կաթոլիկ (լատինական) համայնքի պատմության մեջ - խմբ.] Պապ Ֆրանցիսկոսին է ներկայացրել 1657թ. Դարդանելի երկրորդ ճակատամարտի մասին իր գիրքը: «Նախօրեին այս գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը հայտարարել է, որ իր նպատակը Վատիկանի արխիվների և Վատիկանի գրադարանի կարևոր արխիվային նյութերը թուրք պատմաբանների և հետազոտողների համար հասնելի դարձնելն է եղել: Գիրքը, չնայած պատմության ցավալի հիշողություններին, լուսաբանում է գիտական հետազոտությունների և պատմական ուսումնասիրության համար արխիվները բացելու կարևորությունը` հանուն ճշմարտության և համագործակցության ու փոխըմբռնման կամուրջներ կառուցելու: Այս լույսի ներքո նկատվում և գնահատվում է Թուրքիայի հետևողական պատրաստակամությունը` հասանելի դարձնելու իր արխիվները շահագրգիռ կողմերի պատմաբանների և հետազոտողների համար` պատմական իրադարձությունները և պատերազմի ու հակամարտության բոհում հայտնված բոլոր կողմերին`անկախ կրոնական և էթնիկ ինքնությունից, բաժին ընկած ցավն ու տառապանքը, այդ թվում 1915թ. ողբերգական իրադրաձությունները համատեղ ավելի լավ հասկանալու նպատակով: Պատմության ցավալի իրադարձությունները չպետք է մոռացվեն. հակառակը` դրանք պահանջում են մանրամասն ուսումնասիրություն և դատապարտում, որպեսզի հանգեցնեն ամոքման և հիշողության մաքրման, որն այնչափ կարևոր է մարդկանց և ժողովուրդների հաշտեցման ու ներման համար: Ե´վ հեռավոր, և´ ավելի մոտ անցյալի (ինչպես 1977թ. հունիսին ահաբեկչական խմբի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Տահա Ջարըմի սպանության դեպքում) տառապանքի ու ցավի հիշողությունը մեզ հորդորում է նաև ճանաչել ներկայի տառապանքը և դատապարտել բռնության ու ահաբեկչության բոլոր գործողությունները, որոնք շարունակում են զոհերի հանգեցնել այսօր: Հատկապես անտանելի ու վիրավորական է բռնությունն ու ահաբեկչությունը, որն իրականացվում է Աստծո կամ կրոնի անունով: Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած իր այցի ընթացքում Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապն ասել է. «Քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ ու քույրեր են… Մենք պետք է միասին ոչ ասենք ատելությանը, վրեժխնդրությանը և բռնությանը, հատկապես այն բռնությանը, որն իրականացվում է կրոնի կամ Աստծո անունով»: Թող այս խոսքերը ոգեշնչեն բարի կամք ունեցող բոլոր մարդկանց` հիշելու և հաստատելու իրենց եղբայրությունը, համերաշխությունը, կարեկցանքն ու համընդհանուր մարդասիրությունը և վերահաստատելու բռնության դեմ իրենց ընդհանուր դիրքորոշումը»,- ասված է Վատիկանի հաղորդագրությունում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում