Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց մեծ եղեռնն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Վատիկանն աշխատում է Հռոմի պապի՝ Հայաստան հնարավոր այցի կազմակերպման ուղղությամբ. այդ երկիրն անցյալ տարի ոգեկոչել է «Մեծ չարիքի» հարյուրամյա տարելիցը, գրում է իտալական La Stampa թերթը:
Պարբերականը նշում է, որ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում կանգառներ են նախատեսվում նաև Վրաստանում և Ադրբեջանում:
Ինչպես գրում է La Stampa-ն, Պապի կովկասյան այցի նախնական ժամկետ էր սահմանվել հունիսը, սակայն այդ ժամանակահատվածում Կրետեում կայանալու է ուղղափառ եկեղեցիների սինոդը, ուստի այցը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու սեպտեմբերին:
«Պապի՝ Հայաստան հնարավոր այցը, բավական զգայուն հարց է՝ մասամբ պայմանավորված Սուրբ Աթոռի և Թուրքիայի հարաբերություններով: Այդ հարաբերությունները կարգավորվել են այն բանից հետո, երբ Թուրքիան օրերս Վատիկան է վերադարձրել իր դեսպանին»,- նշել է թերթը:
***
Փետրվարի 3-ին Թուրքիան հայտարարել էր, որ որոշել է վերադարձնել Վատիկանում իր դեսպանին. վերջինս խորհրդակցությունների նպատակով Անկարա էր հետ կանչվել մոտ տասը ամիս առաջ` ի նշան բողոքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի և Հայոց ցեղասպանության դատապարտման:
Պարզաբանելով դեսպանին Վատիկան վերադարձնելու որոշումը` Թուրքիայի արտգործնախարարությունը վկայակոչել էր Սուրբ Աթոռի մամուլի ծառայության` փետրվարի 3-ին տարածած հաղորդագրությունը` դիտարկելով այն որպես դրական զարգացում:
«Նշված հաղորդագրությունում ասվում է, որ մեր պատրաստակամությունը` բացելու արխիվները պատմաբանների և հետազոտողների համար` 1915թ. իրադարձություններին վերաբերող պատմությունն ու տառապանքը ավելի լավ հասկանալու նպատակով, այսինքն` Պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, գնահատվել է: Նաև նշվում է, որ դատապարտվում են բռնությունն ու ահաբեկչությունը` հիշատակելով Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպան Տահա Ջարըմին, որը նահատակվել է 1977թ.»,- ասված էր Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը վկայակոչել է Թուրքիայի ԱԳՆ-ն, այլ համատեքստի վերաբերող ձևակերպումներ են: Նշվում է, որ փետրվարի 3-ին Ռինալդո Մարմարան [պատմաբան, որը մասնագիտացած է Թուրքիայում Հռոմի կաթոլիկ (լատինական) համայնքի պատմության մեջ - խմբ.] Պապ Ֆրանցիսկոսին է ներկայացրել 1657թ. Դարդանելի երկրորդ ճակատամարտի մասին իր գիրքը:
«Նախօրեին այս գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը հայտարարել է, որ իր նպատակը Վատիկանի արխիվների և Վատիկանի գրադարանի կարևոր արխիվային նյութերը թուրք պատմաբանների և հետազոտողների համար հասնելի դարձնելն է եղել: Գիրքը, չնայած պատմության ցավալի հիշողություններին, լուսաբանում է գիտական հետազոտությունների և պատմական ուսումնասիրության համար արխիվները բացելու կարևորությունը` հանուն ճշմարտության և համագործակցության ու փոխըմբռնման կամուրջներ կառուցելու:
Այս լույսի ներքո նկատվում և գնահատվում է Թուրքիայի հետևողական պատրաստակամությունը` հասանելի դարձնելու իր արխիվները շահագրգիռ կողմերի պատմաբանների և հետազոտողների համար` պատմական իրադարձությունները և պատերազմի ու հակամարտության բոհում հայտնված բոլոր կողմերին`անկախ կրոնական և էթնիկ ինքնությունից, բաժին ընկած ցավն ու տառապանքը, այդ թվում 1915թ. ողբերգական իրադրաձությունները համատեղ ավելի լավ հասկանալու նպատակով: Պատմության ցավալի իրադարձությունները չպետք է մոռացվեն. հակառակը` դրանք պահանջում են մանրամասն ուսումնասիրություն և դատապարտում, որպեսզի հանգեցնեն ամոքման և հիշողության մաքրման, որն այնչափ կարևոր է մարդկանց և ժողովուրդների հաշտեցման ու ներման համար»,- ասված էր Վատիկանի հաղորդագրությունում:
ՀՀ արտգործնախարարությունը, արձագանքելով զարգացումներին, հայտարարել է, որ «թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»: Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել @Pontifex-ի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է։https://t.co/zbFXjLSSsf
Civilnet











