Փաթեթով մեծամասնականի էությունը

Ընտրական օրենսգրքում տեղ է գտնելու հետսահմանադրական ամենասարսափելի ծուղակը՝ ռեյտինգային համամասնականը, երբ կոնկրետ ընտրատարածքում քվեարկվում է ոչ միայն ցուցակը, այլև ցուցակում տեղ գտած այս կամ այն մարդը։ Այսինքն, ընտրողն ինքն է որոշում, թե ցուցակներում տեղ գտածներից ում է ուզում տեսնել խորհրդարանում։
Դիցուք, Սուրիկ Խաչատրյանը կարող է քվեարկվել Սյունիքում, բայց նրա անունը չի լինի Շիրակի մարզի ընտրատարածքներում քվեարկվելիք համամասնական ցուցակներում։ Հիմա փորձենք հասկանալ, թե որն է այս մտահղացման հրեշավորությունը։ Այն է, որ սա իր բնույթով մեծամասնական է, և բնականաբար ընտրական գործընթացում պահպանում է Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, Մանվել Գրիգորյանի, Գագիկ Ծառուկյանի, Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի, Ռուբեն Հայրապետյանի և քրեական այլ կերպարների դերը։ Էս մարդիկ անձամբ իրենց համար են աշխատելու։ Նրանց ոչ ոք չի պատրաստվում գրողի ծոցն ուղարկել։ Նոր խորհրդարանում Սերժ Սարգսյանի հիմնական խաղադրույքը ՀՀԿ-ական «բացակա մտքի» ներկայացուցիչներն են։ Խորհրդարան մտնող ՀՀԿ-ականների 70-80 տոկոսը լինելու է անկիրթ։ Եվ դա լինելու է «ծրագրային անկրթություն». Այսինքն՝ մտահղացված։ Այսինքն, հենց իրենց անկրթությամբ այդ մարդիկ գործ ունեն անելու։ Ինչու՞։ Որովհետև Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանն ուզում է ստերիլիզացնել քաղաքական մտքից։ Այսինքն, այնտեղ քաղաքական ելույթներ չեն հնչելու, քաղաքական դիրքորոշումներ չեն արտահայտվելու, և բնականաբար իրականանալու է մարգարեի խոսքը՝ մի քաղաքականացրեք քաղաքական ամբիոնը։
Բայց միայն ՀՀԿ-ով դա ապահովել հնարավոր չէ։ Լավ, ՀՀԿ խմբակցությունը ձևավորվեց ավարտված բութերից, հասկացանք, բայց ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վարվելու մերձհհկական զանգվածի կամ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Նրանց մեջ էլ հո կարո՞ղ են լինել քաղաքական տեքստի ներկայացուցիչներ։
Տեսնենք, թե այսօրվա ԱԺ-ում ովքե՞ր են կրում քաղաքական խոսքը։ Առաջինը ՀԱԿ-ն է։ Նոր ԱԺ-ում ՀԱԿ-ի համար մեկ տեղ անգամ նախատեսված է, այն «փոզմիշ» է անելու սերժսարգսյանական ԱԺ-ի տեսքը։ Ուրեմն ՀԱԿ-ը բացառված է։ Հաջորդը Վարդան Օսկանյանն է և նրա պայմանական թևը։ Նրանց ճանապարհն էլ պիտի որ փակվի։ Նրանք նույնքան «փոզմիշ» անողներ են առաքելմովսիսյանական և մանվելգրիգորյանական ԱԺ-ի իմիջը, նրանց վրա Սերժ Սարգսյանը չի կարող խաղադրույք անել։ Ընդհանրապես, քաղաքական կես խոսքն անգամ հաջորդ ԱԺ-ի գործառույթը չի լինելու։ Դրա համար այնտեղ նույնիսկ հսկիչներ են կարգվելու, բացառված չէ հանձին Աշոտյանի, Միքայել Մինասյանի տղաների, Կարեն Ճշմարիտյանի և Դավիթ Հարությունյանի։ Այս մարդիկ ամեն ինչ կանեն, որ քաղաքական խոսքը խեղդեն բնում։ Հաջորդը Դաշնակցությունն է։ ՀՅԴ-ն խնդիր է՝ նա չի կարողանում համատեղել ազգայինն ու քաղաքականը։ Նրա ազգայինը բացառում է քաղաքականը, իսկ նրա քաղաքականը Հայաստանի հետ կապ չունի։ Նշանակում է, ՀՅԴ-ի համար տեղ կգտնվի։ «Ժառանգությունն» ինքն է իրեն թաղել հաջորդ ԱԺ-ի համար, թեպետ Սերժ Սարգսյանի հակաքաղաքական ծրագրերում տեղավորվում է։ ՕԵԿ-ի համար էլ կարող էր տեղ գտնվել, գուցե վառված խաղաքարտ են, գուցե դեռ հանուն Սերժ Սարգսյանի «խաչվելու» պաշար ունեն։ Չէ՞ որ նույնքան ամբոխավարներ են հավաքված այնտեղ։
Երբ ընդդիմադիրն իշխանության հետ խոսելիս որպես քաղաքական հանցանքի հակափաստարկ բերում է «Լֆիկը», էդ ընդդիմադիրին հեշտ է տեղը դնել։ Ինքը դեղին մամուլի նման բան է, կարող են նույնիսկ չնկատել։Վերցնենք նոր ընդդիմադիրներին՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Նոր Հայաստան», նոր ՀՀՇ, «Ազատ դեմոկրատներ»։ Այ նրանք Սերժ Սարգսյանի համար մուրազ են։ Մուրազ են մի քանի պատճառով։ Նրանք կամ իշխանամետ են, հետևաբար, վերահսկելի, կամ արևմտամետ ու ռուսամետ են, այսինքն, կրկին Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն։ Նրանցից ոմանց բառապաշարում քաղաքական խոսքի էլեմենտ չկա։ Նրանք կարող են ԱԺ ամբիոնից կանգնել ու Սամվել Ալեքսանյանին ասել Լֆիկ։ Երբ ընդդիմադիրն իշխանության հետ խոսելիս որպես քաղաքական հանցանքի հակափաստարկ բերում է «Լֆիկը», էդ ընդդիմադիրին հեշտ է տեղը դնել։ Ինքը դեղին մամուլի նման բան է, կարող են նույնիսկ չնկատել։ Նրա պատճառած տհաճությունները ուղղակիորեն Սերժ Սարգսյանին և նրա հակահայաստանյան մտահղացումներին չեն վնասում, ինքը էդ տհաճություններն ուղղորդում է մամուլ, որպեսզի մամուլը մի քանի օր ծամի «Լֆիկը», «Դոդը»։ Միայն թե քաղաքական որևէ խոսք թեմա չդառնա։ ԱԺ-ից հեռացված ՀԱԿ-ը և մյուսները դուրս կմղվեն մամուլից, քանի որ ռեալ լծակ չունեցող քաղաքական ուժերի համար մամուլն ու հեռուստատեսությունն առանձնապես չի ուշաթափվում։ Փոխարենը Մարուքյանի կուսակցությունը կուտվի։ Այս նոր խորհրդարանը լինելու է կեղծ սպառման կուսակցությունների խորհրդարան։
Ահա ինչու է իշխանությունն ընտրում ռեյտինգային համամասնական ընտրակարգը։ Իշխանությունը շատ հարցեր ունի լուծելու։ Դիցուք՝ Ղարաբաղը։ Էս հարցը պետք է լուծվի «գեղական» կարգով։ «Գեղականի» դեմ քաղաքական խոսքը վտանգավոր է, կզրոյացնի ցանկացած հանցավոր մտահղացում։ Միտքը պետք է բացառվի խորհրդարանում, որպեսզի շարքային քաղաքացին չիմանա, թե որ փաստարկից կառչի՝ հասկանալու, թե «որտե՞ղ են քցում իրեն»։ Առաքել Մովսիսյանի դեմ պիտի դրվի, ասենք, ընդդիմադիր Վաղոն։ Վաղոն պիտի օգնի իշխանությանը, որ Ղարաբաղն արժեզրկվի։ «Ղարաբաղը» պետք է արժեզրկվի Հայաստանում, որպեսզի գրավյալ տարածքների վերադարձն անցավ լինի։ Գուցե մտադիր էլ չեն վերադարձնել, բայց անցավության զգացումը պետք է հասունացվի։ Գուցե ուրիշ մի խոշոր հանցանք ունեն այդ մարդիկ Հայաստանի համար։
Նույնիսկ Շանթ Հարությունյանը քաղաքական կերպար է իր ծայրահեղ հեղափոխական վարքով։ Ժիրայր Սեֆիլյանը՝ ոչ։ Նա, սակայն, դժվարամարս է Ղարաբաղի կամ գրավյալ տարածքների հանձնման գաղափարների համար։ Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույց արած Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք ունի առավել քաղաքական տեքստի գոնե ԱԺ ամբիոնից։ Թեպետ երբեմն հենց կետին է խփում։ Եվ նրա պատճառած արտաքաղաքական հայտարարություններն իսկապես տհաճություն են պատճառում իշխանություններին։
Այսօրվա ԱԺ-ում, գիտեք, ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ չկան։ Բոլորը կամ ամբոխավարներ են կամ Սերժ Սարգսյանի տեքստերի կրկնօրինակողներ։ Ամբոխավարը Բաղրամյան-26-ի տիրոջը ձեռք է տալիս, որովհետև ամբոխավարի հետ միջազգային ուժերը չեն խոսի, նրա անձնավորված փաստարկներն ու ածականները քաղաքականություն իրացնող կենտրոններին հետաքրքիր չեն։ Գուցե, թերևս, կուտակեն Վիկիլիքսի կամ այլ «բազարների» համար։ Կա նման բան։ Բայց նրա քաղաքական ճկունությանը չեն կարող ապավինել, նրա տեսլականների հետ դեմ դիմաց կանգնելու տարբերակ չկա։
Սերժ Սարգսյանը դառնում է անայլընտրանք գործիչ։ Ամբողջ աշխարհը Հայաստանում հաշվի է նստում միայն նրա հետ։ Որովհետև նա դառնում է հրապարակային միակ քաղաքական գործիչը։ Իշխանությունը հաջորդ ԱԺ-ի համար, փաստենք, լուծել է իր հարցը։ Մնում է «ընդդիմության» հարցը լուծի։ Իսկ երբ ասում ենք ընդդիմություն, նկատի ունենք ռուսամետներին ու արևմտամետներին, նաև ամբոխավարներին, ոչ թե՝ հայաստանակենտրոն ուժերին։
Մհեր Արշակյան










