Գլխավոր Լրահոս

Էրդողանի քննադատության թիրախն այս անգամ ՄԱԿ-ն է

Էրդողանի քննադատության թիրախն այս անգամ ՄԱԿ-ն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին՝ հակադարձելով վերջինիս հայատարարությանը, թե Թուրքիան պետք է բացի իր սահմանը տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների առաջ:

«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, վերածվել է տեղահանման, ցեղասպանության: Ի՞նչ է ասում ՄԱԿ-ը՝ «Բացե՛ք ձեր դռները շեմին կանգնած մարդկանց առաջ»: Այդ դեպքում, դուք ինչի՞ համար եք: Ո՞րն է ձեր օգուտը: Արդյոք դա այդքան հե՞շտ է»,- փետրվարի 10-ին հայտարարել է Էրդողանը:

«Մենք ընդունել ենք 3 մլն սիրիացի և իրաքցի փախստական: Քանիսի՞ն եք դուք ապաստան տվել: Ո՞ր երկիրն է նրանց ընդունել»,- հարցադրում է արել Էրդողանը՝ նշելով, որ ՄԱԿ-ը Թուրքիային տրամադրել է 455 մլն դոլար, մինչդեռ Թուրքիան 2011-ից սկսած՝ փախստականների վրա ծախսել է 10 մլրդ դոլար:

ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հասցեին քննադատություն է հնչեցրել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղը. վերջինս Միացյալ Ազգերին և ամերիկացի պաշտոնյաների մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Նրա խոսքով՝ Արևմուտքն ու ՄԱԿ-ը չեն մեղադրում Ռուսաստանին իր հարվածներով փախստականների մեծ հոսքեր ստեղծելու մեջ, մինչդեռ Թուրքիայից պահանջում են բացել սահմանները:

«Որոշ շրջանակներ մատը մատին չեն տալիս սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար: Ռուսաստանի ավիահարվածները ստեղծում են այդ հոսքերը, և ոչ ոք չի համարձակվում ռուսներին ասել, որ նրանք պետք է դադարեցնեն դրանք»,- ասել է Դավութօղլուն:

Փետրվարի 8-ին Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի քրդերին աջակցելու մեջ, որոնք Անկարայում ահաբեկիչ են համարվում, և հորդորել Վաշինգտոնին ընտրել, թե ով է նրա դաշնակիցը:

Վաշինգտոնը, հակադարձելով Էրդողանին, պատասխանել է, որ ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումը՝ Սիրիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» համարելով դաշնակից, այլ ոչ թե ահաբեկիչ:

Փետրվարի 7-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայում համաձայնության են եկել սիրիացի փախստականների ճգնաժամի հարցում սերտորեն համագործակցելու և այդ ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկելու շուրջ: Կողմերը հայտարարել են, որ հարցը բարձրացվելու է փետրվարի 11-ին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հալեպի հյուսիսում Ռուսաստանի հասցրած օդային հարվածների մասին և նշել, որ հարձակումներից մազապուրծ մոտ 30 հազ. սիրիացի փախստականներ կուտակվել են Թուրքիայի հետ սահմանին:   

***

2015թ. տարվա նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած գագաթաժողովին Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի հաղթահարման պլան, որի դիմաց Անկարան կստանա 3 մլրդ եվրո՝ փախստականների կենսապայմանները բարելավելու և նրանց կարիքները հոգալու համար: Եվրամիությունը վերոնշյալ ծրագրին հավանություն է տվել անցյալ շաբաթ, սակայն մեկօրյա այցով Թուրքիա այցելած Անգելա Մերկելը հրաժարվել է ԵՄ ֆոնդերի տրամադրման հստակ ժամանակացույց ներկայացնելուց:  

Թուրքիան հայտարարում է, որ ընդունել է 3 մլն փախստական, որոնցից 2,5` սիրիացի: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալներով՝ Թուրքիայի կառավարության կողմից գրանցված փախստականների թիվը 1,9 մլն է:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում