Գլխավոր Լրահոս

Բարեփոխվում է դաշնակցական լիդերների նյութական վիճակը

Բարեփոխվում է դաշնակցական լիդերների նյութական վիճակը

ՀՅԴ-Սերժ Սարգսյան համագործակցության կայացումը, հակառակ դաշնակցականների բուռն ցանկություններին, ձգձգվեց: ՀՅԴ-ի ղեկավարության և Սերժ Սարգսյանի՝ կոալիցիոն նոր կառավարություն կազմելու բանակցություններում քաղաքականություն որոնելն անիմաստ է: Նման բան չկա: Կողմերը փորձում են նեղ անձնական և կուսակցական շահերի վրա հիմնված որոշման հանգել, որպեսզի «հա՛մ ոչխարները կենդանի մնան, հա՛մ էլ գայլերը կուշտ լինեն»:

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ բանակցությունների կամ ավելի շուտ «բազարի» ընթացքում 125-ամյա կուսակցության ղեկավարությունը այնպիսի գին է սահմանել, որը մի քանի անգամ ցածր է նրանց շուկայական արժեքից: Շուկան այս պարագայում հասարակությունն է, իսկ գինը որոշվում է տվյալ կուսակցության որակով, պահանջարկով և հեղինակությամբ: 2003-ից տարատեսակ կոալիցիաների մաս կազմող դաշնակցականները հասցրել են հետևողականորեն վարկաբեկել կուսակցությունը՝ նրա վարկանիշը մոտեցնելով զրոյական մակարդակի:

Մյուս կողմից, ներկուսակցական ինտրիգներն ու անձնական շահերի բախումը ՀՅԴ-ի ներսում այնքան խորն են, որ օբյեկտիվորեն դաշնակցականների համար շատ դժվար է կոնսենսուսի հանգել պաշտոնները իրար մեջ բաշխելու հարցում: ՀՅԴ-ում տիրող ներկուսակցական խմորումների մասին շատ լավ տեղյակ են իշխանությունները, որոնք նրբորեն օգտագործում են այդ շահերի բախումը: Ստվերային բանակցություններում և ներքաղաքական ինտրիգներում հավասարը չունեցող Սերժ Սարգսյանը հմտորեն ի ցույց է դնում, թե իրականում ինչ է թաքնված այսպես կոչված «գաղափարական հիմքի, պատասխանատովություն ստանձնելու ու հանուն պետության» տեղի ունեցող ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների հետևում,- պաշտոնների, ռեսուրսների ու հնարավորությունների բաշխման կռիվ և ոչ ավելին: Կռիվ այն թեմայով, թե ով ինչքան մոտ է կանգնելու կերակրատաշտին:

Հերթական անգամ ականատես ենք լինելու քաղաքական տրագիկոմեդիայի: Երբ համակարգային փոփոխություններ պահանջող ՀՅԴ-ն բռնազավթված իշխանությունից մաս է պահանջում և փորձում է հայտնվել հենց այդ նույն համակարգում, օգտվել արատավոր համակարգի ընձեռած «բարիքներից»:

Դաշնակցականները կրկին բացականչելու են, որ իշխանության մեջ ընդդիմություն են, եթե իրենք չլինեն, կառավարումը էլ ավելի խայտառակ բովանդակություն կունենա, իսկ ինչ-որ բան բարեփոխելու համար իրենք լծակներ չունեն: Արդյունքում բացառապես բարեփոխվում է դաշնակցական լիդերների նյութական վիճակը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում