Գլխավոր Լրահոս

Դուք թարս Հիսուս եք, տղե՛րք

Դուք թարս Հիսուս եք, տղե՛րք

Ամեն անգամ, երբ որեւէ ընտրակեղծարարի մասին եմ լսում, ուզում եմ նրան հարցնել՝ ես քեզ ի՞նչ եմ արել։ Դու չգիտե՞ս՝ եթե դա կեղծիք է, ուրեմն ինձ վրա էլ է տարածվում։ Դատարանում ընտրակեղծարարն ասում է՝ ընենց էի ուզում «այո»-ն անցներ։ Մագիստրոս տղա ջան, դու ինձ հարցրե՞լ ես՝ ես ուզում եմ, թե ոչ։ Էդ քվեարկությունը հնարել են, որ դու քո փոխարեն պատասխան տաս եւ ոչ թե վեց անձնագիր առած՝ ընկնես ուրիշների բաղերը։

Իմ քվեն, գաղտնիքներ ունեցող իմ ընկեր, անձնական տարածք է, այնտեղ ոչ ոսկե ոտնամանով, ոչ էլ կճղակներով ինձնից բացի ոչ ոք իրավունք չունի մտնելու։ Եթե Աստված էլ լինես, քվեն քո մեջ է լինելու, բայց ոչ՝ քո ձեռամբ։ Ես քո քվեն կեղծե՞լ եմ, տղա ջան։ Դուք, կեղծարարներդ, գիտե՞ք, որ Ճապոնիայում չգիտեն, թե ինչ է ընտրակեղծիքը։ Որովհետեւ ատոմային ռումբ են տեսել։ Գիտե՞ք՝ դա ինչ է՝ երբ ճակատիդ չեն կրակում, երբ նախաքննական կտտանքներ չկան, երբ անծանոթին մեքենայի տակ չես գցում, երբ դպրոցում երեխային չես ասում՝ թուրքը մեր դարավոր թշնամին է, երբ թույնը զոռով չես խցկում քո կյանքը թունավորած կնոջդ բերանը, բայց դուք, միեւնույն է, մի ակնթարթ հետո չկաք։ Հասկանու՞մ եք, դուք ձեր ամբողջ չարությամբ կամ առաքինությամբ ձեր տանը նստած եք, հաշվում եք 6 անձնագրի բերած օգուտները, հնարավոր է՝ սպանություն եք մտմտում, հնարավոր է՝ հենց այսօր մտադիր եք ներել ձեր ընկերուհու պարտքը, ու հանկարծ ռումբն ընկնում է։ Գցողը զոհերից ոչ մեկի աչքերի մեջ չի նայում։ Իրիկունը գնում եք տուն ու տեղեկանում, որ զոհերի թիվը տատանվում է 99-ից 160 հազարի միջեւ։ Այդ օրվանից ճապոնացիները երդվեցին չմտնել մի մեղքի մեջ, եթե զոհի աչքերի մեջ չեն նայել։ Ինքնասպանությունների ամենաբարձր տոկոսն ունեն։ Որովհետեւ իրենց արժանապատվությունից ցածր են համարում ուրիշին մեղադրելը կամ վատություն անելը։

Դուք Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռումբերից սարսափելի եք։ Դուք թարս Հիսուս եք, տղերք։ Դուք մեռելներին հարություն եք տալիս, որ «այո»-ն անցնի։ Հետո գնում եք տուն ու ժպտում ձեր մորը, «ոչ» քվեարկած ձեր հորեղբորը։ Մագիստրոս տղա ջան, դու դատավորի վճիռը լսելուց հետո մտնում ես խանութ եւ չարքաշ մսավաճառողուհուն, որն անկասկած «ոչ» է քվեարկել, որովհետեւ երեխայի ուսուցչուհին «այո»-ի անձնագիր է պահանջել դպրոցում, մեկնում ես «վաստակած» դրամը, որն այդ վաճառողուհին աշխատում է նաեւ քեզ ժպիտով սպասարկելու «կանոնակարգային» պարտավորությունն ուսերին։ Նայում է աչքերիդ մեջ ու մտածում՝ հա, էլի, մագիստրոս է, ի՞նչ վատ բան կարելի է սպասել էս ջահելից։ Մինչդեռ դու բանտում պետք է լինեիր։ Բանտերը, սիրելի մագիստրոս, ամոթի զգացում չունեցողների վանական համալիրներն են։ Որպեսզի դուք եւ ազատ մարդիկ չթունավորեք միմյանց կյանքը, երբ հանցանքն արված է։ Բայց դու քեզ ինչի՞ տեղ ես դրել։

Դո՛ւք, բոլոր ընտրակեղծարարնե՛րդ, որոնք 88 թիվ են տեսել կամ չեն տեսել, որոնք ղարաբաղյան ազատամարտ են տեսել կամ չեն տեսել, որոնք թարմ (կներեք) հանգուցյալներ ունեն կամ չունեն, որոնք արտագաղթած հարազատներ ունեն կամ չունեն, դուք, ի վերջո ի՞նչն եք կեղծում։ Դուք ուզում եք ասել, որ օրենքով սահմանված քարոզչությունն իզու՞ր է, ուզում եք ասել, որ «այո» եք անցկացնում սեփական վարկանիշը ոչնչացնելու հաշվի՞ն։ Ուզում եք ասել, որ ինչ-որ մեկի՝ սեփական քվեն ուժ դարձնելու հույսն անիմա՞ստ է։

Տղերք եւ կանայք, ձեզնից ավելի ազնիվ է այն երիտասարդը, որն օրը ցերեկով հանձնվեց ադրբեջանցիներին։ Նա գնաց ասելու, որ ես թշնամի եմ, ինձ հետ հույսեր չկապեք։ Իսկ դուք մնացել եք, որպես հողի, պետության բարեկամ։ Չեք արտագաղթել, բայց վերջին տականքի պես եք պահում ձեզ։ Դուք ձեր չարության զոհերի դեմքը չգիտեք, թեպետ նրանք ամեն օր ձեր աչքի առաջ են։ Դուք ձեր արարքի անունը դրել եք ատոմային կոճակ, որպեսզի խղճի խայթի զգացում չունենաք։ Դուք ձեզ հանրապետականացրել եք, որպեսզի ձեր վաղը չփչանա։ Որպեսզի սեփական ձեռքերով հողի վրա չաշխատեք, որպեսզի չարարեք մի խոսքով։ Էդ «քվեարկած» հանգուցյալների մեջ գուցե ձեր մայրն էլ կա։ Գուցե ձեր արտագաղթած հայրն էլ կա։ Դուք ինչու՞ եք ձեր վաղը զրկում ապագայից։ Ես կհամաձայնեի կեղծելիս լինել ձեր կողքին, ձեզ հետ, ձեր մեջ։ Առանց քոռ լումայի։ Պայմանով, որ մարդկանց աչքին չերեւամ։ Դուք էդ կեղծիքներն այնքան անամոթաբար եք անում։ Նույնիսկ թքած ունեք մեր ներողամտության վրա։ Դատապարտման մասին չեք էլ մտածում։

Հայաստանի վեց քաղաքացի Ստամբուլում հայ ոսկերիչի է սպանում։ Էդ վեցից մեկի գործատուին։ Որ ոսկին գողանան։ Պատկերացրեք, հայհոյել են էս պետությունն ու հեռացել Թուրքիա լավ կյանքի հույսով։ Գուցե հեռանալուց առաջ կեղծել են։ Գուցե չեն կեղծել։ Հայ ոսկերիչը սրանցից մեկին աշխատանք է տվել։ Ու սա օրերով ընկերների հետ քննարկել է, թե ինչպես իրեն հացի տեր դարձնողի ոսկին գողանա։ Բա, իհարկե, առանց սպանելու ոսկի՞ կուտվի։ Այս մարդիկ, փաստորեն, ապականել են բարեգործությունը։ Դուք էս պետությունն եք ապականում։ Չեք թողում, որ այն որպես իր եւ մեր ապագայի երաշխիք աշխատի։ Ապականում եք անամոթաբար։ Մեր երեսին նայելով։ Մեր քրտինքից զզվելով։ Որպեսզի դուք չքրտնեք։ Հետ եք նայելու ախր։ Ու տեսնելու եք ձեր անցյալը։ Գուցե ձեր գրկին երեխա կլինի։ Ու ձեր այս անամոթությունն ամբողջ քաղաքական դաշտն է բռնել։ Հասկանու՞մ եք: Ձեր տերերի հետ մենք՝ լրագրողներս, խոսում ենք Ղարաբաղից, Թուրքիայից, Ընտրական օրենսգրքից, կոալիցիայից, փոխանակ հասկանայինք, թե ուղիղ մեկ տարի առաջ «չարիքի իշխանությունից» հատկապես ո՞վ Գագիկ Ծառուկյանին սպառնաց «հատ առ հատ» ոչնչացնել ընտանիքը, ո՞վ եւ ու՞մ հրամայեց կրակել մարտի 1-ին, ո՞վ եւ ու՞մ կարգադրեց կեղծել բոլոր ընտրությունները եւ հատկապես ինչու՞ բոլոր այս հանցագործություններն արձանագրվել են այն օրից, երբ Սերժ Սարգսյանը որպես պաշտոնյա ոտք դրեց Հայաստանի Հանրապետություն: Մենք բավարար հանցագործություններ ենք կուտակել, որպեսզի «իշխանություն-ընդդիմություն» հարցը չդարձնենք ժուռնալիստիկայի թեմա: Այսօր կեղծարարը գոյության տարրական այբուբեն է: Սուրիկ Խաչատրյանը հանրագիտարան է «ճիշտ» ապրելու:

Փոխարենն ի՞նչ պետք է արվեր: Ցանկացած կիսագրագետ հայ լսել է «Նեմեսիս» օպերացիայի մասին: «Փառք Աստծո», կրթության նախարարը դաշնակցական է: Այս օպերացիայի հիմքում էր՝ պատժել 1915-ին թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Երեք դավաճանի են սպանել: Այսօրվա կեղծարարներին սպանել պետք չէ: Դա նույնիսկ այն ժամանակ լուծում չէր: Վրեժը երկկողմանի կենդանի հայացք է սիրում: Սակայն նրանց քաղաքացիական ըմբոստ ակցիաներով պետք է հիշեցնել, թե ինչ «ղալաթներ» են արել Հայաստանում: Դա պետք է վերաբերի ընտրակեղծարարներին, օլիգարխներին, հանրապետականներին: Իրենք պիտի հարեւան չունենան, իրենք պիտի չկարողանան խանութներ մտնել ժպիտով, իրենք պիտի թաքնվեն մեզանից, մամուլում պետք է նրանք տեսակետներ չունենան: Իրենք՝ լրագրողները, միայնակ չեն կարող սա անել: Սակայն կարող են ընկնել ակցիայի մեջ, կարող են այս «Նեմեսիսը» դարձնել մեր ժամանակների թիվ մեկ իրադարձություն, մինչեւ 2017-ի ԱԺ ընտրություններում ամեն ինչ կընկնի իր տեղը: ՀՀԿ-ն թատերաբեմից կհամալրի բանտերը եւ թեման կփակվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում