ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը:
34-ամյա Գեորգի Կուտոյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նոր տնօրենի պաշտոնում հայկական լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Մի քանի էլեկտրոնային թերթեր գրեցին, որ Կուտոյանը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ընկերներից է:
«Հայկական ժամանակի» ուշադրությունը գրավեց այն իրողությունը, որ նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը քաղաքացիական անձ, երբևիցե հատուկ ծառայությունների և ուժային կառույցների հետ առնչություն չունեցած Կուտոյանը այս տարվա փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ: Այդ 9-օրյա նշանակումը լուծում էր մեկ հարց. նա ստացավ արդարադատության առաջին աստիճանի խորհրդականի կոչում, որը համարժեք է գնդապետին: Անձը չի կարող կարող ԱԱԾ տնօրեն նշանակվել, եթե չունի գնդապետի ուսադիրներ:
Վերջին 12 տարիներին այդ կառույցը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը (2004-2016): Նրա մասին ասվում էր, որ եղել է իր գործի գիտակը, պրոֆեսիոնալ: Հակոբյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ:
Հակոբյանին նախորդել էր Կառլոս Պետրոսյանը (1999-2004), որին ևս նշանակել էր Քոչարյանը: Պետրոսյանը առնչություն չի ունեցել անվտանգության ոլորտի հետ, աշխատել է ոստիկանական համակարգում: Քոչարյանը Պետրոսյանին աշխատանքից ազատեց, քանի որ, ինչպես հայտնի է դառնում Վիկիլիքսի գաղտնի փաստաթղթերից, նա ներգրավված է եղել մի սկանդալային պատմության մեջ, որի բացահայտման մեջ դերակատարություն է ունեցել ՀՅԴ-ն:
Պարզվել է, որ Հունաստանում գողացված մի թանկարժեք ավտոմեքենա Ինտերպոլը հայտնաբերել է Հայաստանում: Գողացված ավտոմեքենան ոստիկանությունը առգրավել է՝ այն հեռացնելով տուգանային հրապարակից: Գողոնը Վրաստանի տարածքով՝ նավահանգստով, հասցվել է մինչև Ռուսաստան: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2004թ. նոյեմբերի 8-ին պետքարտուղարություն հղած հեռագրում գրում է, որ այս պատմության մեջ Պետրոսյանի ենթադրյալ ներգրավման մասին Քոչարյանը տեղեկացել է մի քանի աղբյուրներից՝ տեղական Ինտերպոլի գրասենյակից, հունական ապահովագրական ընկերությունից և Հայաստանում կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՅԴ-ից, որը Հունաստանում կապ է հաստատել գողացված մեքնայի տիրոջ հետ: Դաշնակցականների գանգատները լցրել է Քոչարյանի համբերության բաժակը, և նա հեռացրել է Պետրոսյանին:
Նախքան Պետրոսյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը (1995-1999), որին այդ պաշտոնին նշանակել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա՝ վերանշանակել Քոչարյանը:
Սարգսյանից առաջ կառույցը ղեկավարել են Դավիթ Շահնազարյանը (1994-1995), գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը (1993-1994), գեներալ-մայոր Վալերի Պողոսյանը (1992-1993) և գեներալ-մայոր Հուսիկ Հարությունյանը (1991-1992):
Շահնազարյանը Տեր-Պետրոսյանի նախկին խնամին է, որևէ առնչություն չուներ ոլորտի հետ: Էդուարդ Սիմոնյանցը մահացել է տարիներ առաջ: Հուսիկ Հարությունյանը 2006-ի մայիսի 3-ին դարձավ Երևան-Սոչի օդանավի աղետի զոհ: Վալերի Պողոսյանը, ով նույնպես Տեր-Պետրոսյանի շրջապատից էր, երկար տարիներ՝ 1996-ից մինչև 2014-ը, Սահմանադրական դատարանի անդամ էր: Նրա մասին ևս Վիկիլիքսը ունի սկանդալային պատմություն:
Այսպես, 2008-ի մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը գաղտնի կերպով կապ է հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ Քոչարյանը նախապես կանխորոշել է Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող Սահմանադրական դատարանի վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասել է, որ ինքն անձամբ, ինչպես նաև իր գործընկերներից ոմանք, ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Նա նշել է, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն», և ավելացրել, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետևանքներ»: Նա ամերիկացիներին զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին և կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որևէ հույս:
Սերժ Սարգսյանը, ԱԱԾ նոր տնօրենին ներկայացնելով կառույցի ղեկավար կազմին, ասել է, որ պարոն Կուտոյանը սկզբունքային է, հետևողական, աշխատասեր և իր ու իր ենթակաների նկատմամբ խստապահանջ է:
«Հայկական ժամանակն» ընդգծում է, որ Կուտոյանն իր ենթակայության տակ ունի չորս գեներալ-լեյտենանտ և առնվազն հինգ գեներալ-մայոր:
Թաթուլ Հակոբյան











