Գլխավոր Լրահոս

Թուրքիան հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

Թուրքիան հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

Թուրքիան փետրվարի 13-ին սկսել է հրետակոծել Հյուսիսային Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD), ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ հարվածները հասցվել են «անդրսահմանային սպառնալիքներին արձագանքման շրջանակում»:

Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը, հարվածները շարունակվել են նաև կիրակի օրը. «քրդերին պահանջ է ներկայացվել նահանջել սահմանամերձ իրենց դիրքերից, ինչին ի պատասխան նրանք հայտարարել են, որ դիմակայելու են հարձակումներին»:

Սիրիայի պետական SANA գործակալությունը վկայակոչել է երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ 12 մեքենաներից բաղկացած շարասյուն, բեռնված խոշոր տրամաչափի գնդացիրներով, անցել է Սիրիայի տարածք՝ հատելով Թուրքիայի սահմանը: Հաղորդագրության մեջ նշված չէ, թե որ ուղղությամբ է շարժվել շարասյունը, տեղեկությունը որևէ անկախ աղբյուր չի հաստատել:

Քրդական Kurdish Question կայքը գրում է, որ հասցված վնասների արդյունքում քաղաքացիական բնակչության շարքերում կան վիրավորներ, գյուղերին հասցվել է մեծ վնաս:

Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV ալիքը, երկու օրում թուրքական հրետանին 100 հարված է հասցրել Սիրիայում մոտ 50 թիրախի: «Մանաղ» ավիաբազան, ըստ որոշ, այդ թվում՝ քրդական աղբյուրների, մի քանի օր առաջ անցել է PYD-ի ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) վերահսկողության տակ: YPG-ի առաջխաղացումը կանխելու նպատակով էլ Թուրքիան հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրն «այլևս չի լռելու և արձագանքելու է Սիրիայի քրդերի յուրաքանչյուր քայլին»:

Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանն ասել է, որ Թուրքիան «այլևս պաշտպանական դիրքորոշում չի զբաղեցնելու և հետապնդելու է իր ազգային անվտանգության շահերը»:

«Կարո՞ղ է որևէ թիմ, անընդհատ վարելով միայն պաշտպանական մարտավարություն, հաղթել որևէ խաղում… Դուք չեք կարող հաղթել այդպես և կկորցնեք ունեցածը: Տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, և պետք է պատշաճ կերպով գնահատել այն»,- ասել է Աքդողանը՝ շեշտելով, որ ով էլ լինի՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), «Իսլամական պետությունը» (ԻՊ) կամ Սիրիայի վարչակարգը, «բոլորն էլ խնդիրներ և սպառնալիքներ են առաջացնում Թուրքիայի համար»:

Թուրքիայի փոխվարչապետը, սակայն, վերապահում է արել, որ «սխալ կլիներ այս զարգացումները մեկնաբանել որպես վկայություն, որ Թուրքիան պատերազմ է սկսում»:

Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի ցամաքային ուժերի տեղակայմանը, ապա, ըստ այդ երկրի պաշտպանության նախարարի, նման հարց չի դիտարկվում:

Սաուդյան Արաբիան օդանավեր է տեղակայել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում

Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան օդանավեր է տեղակայել Ադանայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում: Փետրվարի 14-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Սաուդական օդուժը, ըստ հայտարարությունների, ներգրավվելու է ԻՊ-ի դեմ պայքարում:

Բաշար Ասադի վերջը եկել է. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Եթե Սիրիայում քաղաքական կարգավորումը չհանգեցնի այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականին, նա ուժով կտապալվի. այս մասին օրերս CNN-ի Քրիստիան Ամանպուրի հետ զրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ Ալ Ջուբեյրը:

«Ես կարծում եմ՝ Բաշար Ասադը թույլ է և կարծում եմ՝ նրա վերջը եկել է»,- ասել է Ալ Ջուբեյրը:

Վերջինս հայտարարել է նաև, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ցամաքային ուժեր ուղարկել Սիրիա, սակայն «միայն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շրջանակում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում