Գլխավոր Լրահոս

«Բլդուխի» զոհը

«Բլդուխի» զոհը

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասում է՝ «վերևում» քննադատությունից վախեցող չկա։ Հենց սրանից էի վախենում։ Մարդը ամբիոն է զբաղեցնում, որպեսզի ասի՝ վերևներում վախեցող չկա։ Թվում է, թե այդ մարդն ամբողջ կյանքում տանուլ է տվել «բլդուխ» խաղը։ Եվ ամբողջ կյանքն առիթ է փնտրել ասելու՝ վախեցող չկա։

Դուք, մարդ Աստծո, Ղարաբաղի պատերազմի եք մասնակցել, ձեր հնարավորություններով մենք նույնիսկ հաղթանակներ ենք գրանցել, դա ի՞նչ արտահայտություն է՝ վախեցող չկա։ Մենք պետությու՞ն ենք կառուցում, թե՞ «բլդուխ» ենք խաղում։ Առաջին չվախեցողը պետք է լինի քաղաքացին։ Դուք վերջինն եք էս պետության մեջ, որի անվախությունը պետք է լինի քննարկման թեմա։ Դուք առաջին վախկոտը պետք է լինեիք, եթե իշխանություն չեք զավթել։ Առավելևս, եթե զավթել եք: Որովհետև մի օր ձեր հետևից գալու են հասկանալու համար, թե երկու «սռոկ» նախագահելուց հետո ինչի՞ գոնե կես խոստում չկատարեցիր։

Էդ արտահայտությունից հետո քանի՞ կոպեկ արժե մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսքը։ Նրանք էլ չեն վախենում։ Որովհետև ումի՞ց պիտի վախենան։ Ընդհանրապես, եկեք էդ հարցը պարզենք՝ ումի՞ց պետք է վախենա վերևը։ Աստծուց վախենալը դնում ենք մի կողմ, մենք մարդու մասին ենք խոսում, որը պետական դիմադրողականության համակարգեր պետք է ունենար։ Չունեցողն է ասում՝ վախեցող չկա։ Որովհետև ունեցողի մասին հրապարակախոսները չեն գրում, թե 10 մարդու արյուն կա քեզ վրա, հոկտեմբերի 27-ի մասին էլ չենք խոսում։ Իշխանությունը վերցնում են ծրագրերով, որպեսզի եթե ամբողջ կյանքդ «բլդուխից» քաշված էլ լինես, քո տեսլականները դրանից չտուժեն։ Որովհետև ծրագրերն իրականացնում են թիմով, իսկ «բլդուխը» պարտվում են միայնակ՝ պարզ ինտուիցիայի բացակայությունից։

Պետական դիմադրողականության համակարգի մեջ ինձ վախեցնող հրեշը միայն ես կարող եմ լինել, որովհետև համակարգը թույլ չի տա, որ իմ հրեշությունը տարածվի իր վրա, ես միայն ինձ կարող եմ վնասել: Իսկ երբ հրեշը նստած է հենց պետական դիմադրողականության պռնկին, մենք, այո՛, վախենալու բան ունենք, և դուք, այո՛, կարող եք ասել՝ վերևներում վախեցող չկա: Վատ խոստովանություն չէ: Մենք պատրանքներ չենք ունեցել, որ վերևում պետական խնդիրներն ընկալող մարդ է նստած, բայց որ նա արդեն կարող է հոխորտալ ազատ և անկախ հեռուստաընկերություն չունեցող երկրում, դա արդեն վախի և անվախության թեմա չէ: Դա թեմա է հոգեբուժական մի երևույթի, որտեղ հրապարակախոսությունն ավարտվում է և սկսվում է այլ զրույց: Եվ այս ամենը,- կողմնորոշվենք,- «բլդուխի» արդյու՞նք:

Մեր հակառակորդը 29 000 քառակուսի կիլոմետրի մեջ է, անուններն էլ գիտենք՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյաններ, Սամվել Ալեքսանյան, Գագիկ և Սուրիկ Խաչատրյաններ, Հովիկ Աբրահամյան, Գագիկ և Խոսրով (թող լինի) Հարությունյաններ, Միհրան Պողոսյան։
Եվ պարզ կիսատղամարդու հարց է առաջանում՝ եթե «բլդուխն» այդքան խոր հետք է թողել, դուք ինչպե՞ս եք զինվորներ առաջնորդել պատերազմի դաշտ։ Բայց պետության ղեկին, ՀՀ քաղաքացիների հետ խոսելիս, դուք զորահրամանատար չեք, դուք նախագահի աթոռ եք զբաղեցնում։ Իհարկե, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն արհամարհեք, կդառնաք զորահրամանատար, գուցե՝ ցմահ։ Որովհետև արհամարհանքը սահմանադրական կատեգորիա չէ։ Ես ինձ թույլ չեմ տա կասկածել զորավարի ձեր ունակություններին, սակայն,- մի անգամ էլ չհիշե՞նք,- մենք հայրենակիցների հետ ենք խոսում, Հայաստանի քաղաքացիների, նրանց մեջ ազգությամբ ոչ հայեր էլ կան, մենք ներքին խնդիրների մասին ենք խոսում, մեր հակառակորդը 29 հազար քառակուսի կիլոմետրի մեջ է, անուններն էլ գիտենք՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյաններ, Սամվել Ալեքսանյան, Գագիկ և Սուրիկ Խաչատրյաններ, Հովիկ Աբրահամյան, Գագիկ և Խոսրով (թող լինի) Հարությունյաններ, Միհրան Պողոսյան։ Շատ առողջ հակառակորդներ են։ Բայց դուք էլ եք վերևում, սրանք էլ։

Մենք էլ ենք ՀՀ քաղաքացի, այս մարդիկ էլ։ Պետք է կողմնորոշվենք՝ դուք ումի՞ց չեք վախենում։ Մենք պետք է վերակազմակերպվենք էս հարցի պատասխանից։ Որովհետև ձեր արտահայտության մեջ պատերազմի հայտարարում կա, վերջապես դուք հնարավորություն ունեք հաղթելու կոնկրետ մարդկանց։ Բայց, չի երևում, որ էդ կոնկրետ մարդիկ վերը թվարկված անուններն են։ Որովհետև էդ անունները վաղուց պետք է ոչ թե հայտարարագրեր լրացնեին, այլև ճաղերի մյուս կողմից նամակներ գրեին իրենց հարազատներին, կոնկրետ խոստովանություններ պետք է անեին։

Ուրեմն դուք մեզ՝ խիստ շարքային ՀՀ քաղաքացիներին եք պատերազմ հայտարարում։ Այնպես չէ, որ առաջին անգամ եք դա անում, մենք նույնիսկ մեր և ձեր միջև հրադադարը կարգին չենք տարբերել ձեր և ձեր թիմի միակողմանի կրակոցներից։ Մենք, ըստ էության անզեն ենք, ընկեր։ Որովհետև, եթե վախ չունեք, ուրեմն ինչպես ցանկացած վախկոտ մարդ, վախ չունեք հատկապես այն ժամանակ, երբ ձեզ ոչինչ չի սպառնում։ Ու չի սպառնում մեզանից։ Եվ վախկոտ մարդը հատկապես այդ ժամանակ է հայտարարում, որ վախ չունի: Եվ մի՞ թե մենք մեր անկախության պատմության վերջին 25 տարին ենք գլորում ձեր ղեկավարությամբ: Որովհետև, եթե դուք վախ չունեք, ուրեմն ես պիտի ունենամ: Որովհետև դուք զորահրամանատար չեք Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք զորահրամանատար չեք նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի մասին խոսելիս: Դուք քաղաքական գործիչ եք, որն իրավունք չունի փակելու նրանց հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Եթե փակում եք այդքան հրապարակավ, ուրեմն, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Իսկ եթե պետք է պատրաստվենք պատերազմի, դուք արդեն ազդակ եք տալիս ՀՀ քաղաքացուն՝ տեսնելու իր գլխի ճարը: Ու երբ դուք ՀՀԿ՝ «բլդուխի» կիսամեռ ձեր ընկերներով հավաքվում եք Մելիք-Ադամյանում, այս ամենի անունը դնում եք քաղաքականությու՞ն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում