Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստին 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8.5%:
ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն` 2016թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: ԿԲ-ն նշում է, որ գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ և արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ:
«Արտաքին հատվածում վերջին շրջանում արձանագրված միտումներն էապես չեն փոխվել. համաշխարհային տնտեսությունն աճել է համեմատաբար դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է գների նվազումը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչը ներքին գների վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ-ում նշում են, որ 2015թ. տնտեսական աճը գնահատվում է 3.2%-ի շրջանակներում, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը:
«Չնայած տարվա ընթացքում Կենտրոնական բանկը և կառավարությունն իրականացրել են խթանող քաղաքականություններ, այնուամենայնիվ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում ՀՀ տնտեսությունից և արտաքին հատվածից գնաճային էական ճնշումներ չեն ակնկալվում, որի ներքո կպահպանվի թույլ գնանկումային միջավայրը: Ներկա տնտեսական իրավիճակում ցածր գնաճը կնպաստի եկամուտների գնողունակության պահպանմանը, ինչպես նաև գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:
Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Ընդ որում, դեռևս պահպանվող համեմատաբար բարձր գնաճային սպասումների պարագայում` նվազման ուղղությամբ գնային կոշտությունների և դոլարայնացման ավելացման ռիսկի ներքո ԿԲ խորհուրդը կարևորում է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կպահպանվի ցածր գնաճային միջավայր, այնուհետև, պայմանավորված 2015թ. շարունակվող դրամավարկային պայմանների զգալի թուլացմամբ` այն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային ցուցանիշին:
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով` մինչև 8.75%, իջեցրել էր 2015թ. դեկտեմբերի 22-ին:
Civilnet











