Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու գործընթացի շրջանակում փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնակել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը:
Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության` բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների և ուղղությունների շուրջ, մասնավորապես` ապրանքների և ծառայությունների առևտուր, առևտրի պաշտպանական միջոցներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ և կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն և դրանց պաշտպանություն, վեճերի կարգավում և այլն:
Բանակցությունների առաջին փուլը բավական ընդգրկուն է, բանակցությունների լիագումար նիստերից բացի` նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն համապատասխան ուղղությունների տեքստերի նախագծերը:
***
2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը պետք է Եվրոպական Միության հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությանը (ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական միություն): Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ շուրջ չորս տարի բանակցված փաստաթղթերից:
Երկու տարի անց` 2015թ. դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում ազդարարվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը:
Civilnet











