Վերջին օրերին Թուրքիան հրետակոծում է Հյուսիսային Սիրիայում քրդական զինուժի դիրքերը:
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և որոշ եվրոպացի դաշնակիցներ ցանկանում են ցամաքային ուժեր մտցնել Սիրիա, սակայն կոալիցիայում այդ հարցի շուրջ համաձայնություն չկա. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Reuters գործակալության հետ զրույցում:
«Որոշ երկրներ, ինչպես օրինակ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և արևմտայն մի շարք դաշնակիցներ հայտարարում են, որ ցամաքային գործողությունններ են հարկավոր… Սակայն դա ակնկալել միայն Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Կատարից ոչ ճիշտ է, ոչ էլ՝ իրատեսական»,- ասել է Չավուշօղլուն:
Վաշինգտոնը մինչև այս պահը բացառել է Սիրիա ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, մինչդեռ սուննիական Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ցամաքային ուժեր ուղարկելու պատրաստակամություն են հայտնել՝ պայմանով, որ Վաշինգտոնը առաջատար դեր ստանձնի օպերացիայում:
«Անշուշտ, օդային հարվածներ կլինեն, սակայն ցամաքային զտում նույնպես անհրաժեշտ է: Ես ամեն հանդիպման ժամանակ պնդում եմ, որ ԴԱԵՇ-ին [«Իսլամական պետության» արաբերեն հապավումը - ՍիվիլՆեթ] հնարավոր չէ ոչնչացնել կամ կանգնեցնել օդային հարվածներով»,- Reuters-ին ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարի պնդմամբ՝ Թուրքիան Սիրիայում քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կողմնակից է, սակայն դրանք «ոչ մի արդյունք չեն ունենա, եթե Սիրիայի կառավարական ուժերը չդադարեցնեն ռմբահարությունները»:
Չավուշօղլուն նաև խոսել է Վաշինգտոնի և Անկարայի՝ Սիրիայի քրդական զինուժի դերի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների մասին: Թուրքիան վերջին օրերին հրետակոծում է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) ու դրա ռազմական թևի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) դիրքերը, մինչդեռ ԱՄՆ-ը PYD-ին համարում է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող արդյունավետ ուժ:
Ուշագրավ է, որ օրեր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիա ցամաքային ուժեր ուղարկելու մտադրություն չունի:
Թուրքական որոշ աղբյուրներ, մասնավորապես, Sondakika կայքը, հաղորդում են, որ Թուրքիան սահման է ուղարկել զինտեխնիկա` Fırtına տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում:
Civilnet











