Գլխավոր Լրահոս

Թեհրանը պնդում է, որ Վրաստանին գազ կմատակարարի Հայաստանի տարածքով, Թբիլիսին ասում է՝ «որոշում չի կայացրել»

Թեհրանը պնդում է, որ Վրաստանին գազ կմատակարարի Հայաստանի տարածքով, Թբիլիսին ասում է՝ «որոշում չի կայացրել»

Կախա Կալաձեի և Բիժան Նամդար Զանգանեի հանդիպումը, Թեհրան, փետրվարի 16

Վրաստանը դեռ որոշում չի կայացրել իրանական գազի տարանցման վերաբերյալ, քանի որ գազի մատակարարման տեսանկյունից Վրաստանի համար ռազմավարական դաշնակից է Ադրբեջանը. այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ իրանական գազը ավելի թանկ է, քան ռուսականը կամ ադրբեջանականը:

«Եթե չհաջողվի ամբողջությամբ յուրացնել ադրբեջանական ռեսուրսը գնի և ծավալների առումով, բնականաբար, Իրանը դիտարկվում է որպես հավելյալ հնարավորություն: Իրանական գազը տվյալ պահին ավելի թանկ է, քան ադրբեջանականն ու ռուսականը: Իրանական գազի գինը մեծամասամբ կախված է նավթի գներից, հետևաբար մենք կարծում ենք, որ ավելի ողջամիտ կլինի կոմերցիոն մանրամասները դիտարկել այն բանից հետո, երբ իրանական բնական գազը դառնա միջազգային արտադրանք»,- Interpressnews-ի հաղորդմամբ՝ ասել է Վալիշվիլին:

Ուշագրավ է, որ օրեր առաջ պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելիի, հայտարարել էր, որ Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում Վրաստանին 200 մլն խմ իրանական գազի մատակարարման շուրջ, և տարանցման ուղին, ըստ հայտարարությունների, Հայաստանն է լինելու:

«Վրաստանի պետական և մասնավոր սեկտորի ձեռնարկությունները շահագրգռված են իրանական գազի ձեռքբերմամբ»,- նշել է Քամելին Թեհրանում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի բանակցությունների ավարտին: Պաշտոնյան տեղեկացրել է, որ ակնկալվում է՝ գազի մատակարարումը Վրաստան կսկսվի իրանական տոմարով նոր տարում (մարտի 21-ից):

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանը «դեռ պետք է ստանա Հայաստանի թույլտվությունը հարևան այդ երկրի տարածքով գազի տարանցում իրականացնելու համար»:

Մինչդեռ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունվարի կեսին, ասել էր, որ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել:

«Հայաստանի հետ նման բանակցություններ չեն տարվել»,- ասել էր Զախարյանը:

Ադրբեջանական մամուլի արձագանքը վրաց-իրանական բանակցություններին

Վրաստանի բանակցություններն Իրանի հետ ադրբեջանական մամուլը որակել է «Թբիլիսիի դավաճանություն Բաքվի նկատմամբ»: Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում լույս են տեսնում հոդվածներ՝ հետևյալ վերնագրերով՝ «Իրանն ու Վրաստանը գնացին Ադրբեջանի դեմ. գազը կմատակարարվի Հայաստանի տարածքով» կամ «Դավաճանությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հիմքեր» և այլն:

Sputnik-ի ադրբեջանական ծառայությունն իր «Այսպես Վրաստանի ղեկավարությունը գնահատեց Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանում կարծիք է շրջանառվում, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը կարող է կրկին բարդացնել այնտեղ ապրող ադրբեջանցիների կյանքը: Ինչպես հայտնի է, Վրաստանը վերջերս ձգտում է Իրանի հետ համագործակցության սերտացման. վերացվել է երկու երկրների միջև այցագրային ռեժիմը, Թեհրանին առաջարկվել է ներդրումներ անել, բանակցություններ են սկսվել բնական գազի մատակարարման շուրջ: Այդ ամենը չի կարող չհարուցել Ադրբեջանի անհանգստությունը գոնե այն պատճառով, որ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետությունն ի վիճակի է բավարարել ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ Եվրոպայի գազի պահանջարկը, սակայն դա չի խանգարում վրացական իշխանություններին շարունակել բանակցությունները մատակարարումների դիվերսիֆիկացիայի շուրջ»:

Անցյալ տարվա նոյեմբերին պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն ունի գազի մեծ պաշարներ, ինչը նշանակում է, որ երկիրը «անգամ 100 տարի անց կբավարարի ոչ միայն սեփական, այլև հարևանների և Եվրոպայի գազի պահանջները»:

Վրաստանը վերացրեց այցագրային ռեժիմը Իրանի հետ

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո Թբիլիսին խորացնում է համագործակցությունը Թեհրանի հետ: Փետրվարի 15-ից Վրաստանը վերացրեց այցագրային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար:

Վրաստանը Իրանի քաղաքացիների համար 2011թ. հունվարից գործող անայցագիր ռեժիմը չեղյալ էր հայտարարել 2013թ. գարնանը: Վրաստանի այդ ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պարզաբանելով Թբիլիսիի այս քայլը, ասել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները նախկինի պես շարունակում են բարիդրացիական մնալ, և Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը պայմանավորված է ՄԱԿ-ի հանձնարարականներով:

Վրաստանի քաղաքացիները Իրան կարող են մուտք գործել առանց վիզայի 2015թ. ամառվանից:

Համաձայն Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011թ., երբ Իրանի քաղաքացիների համար գործել է անայցագիր ռեժիմ, Վրաստան է այցելել 60 հազ. իրանցի, 2012թ. այդ թիվը աճել է` հասնելով մոտ 90 հազ-ի: 2013թ. Վրաստանի կողմից վիզային ռեժիմ սահմանելուց ի վեր` Իրանի քաղաքացիների այցելությունների թիվը Վրաստան աստիճանաբար նվազել է` 2013թ. կազմելով ավելի քան 85 հազ., 2014թ.` մոտ 48 հազ., 2015թ.` ավելի քան 25 հազ.:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում