Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է Սիրիայի քրդական զինուժի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) հետ կապ ունեցող սիրիացի, որին օժանդակել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:
«Հաստատվել է ուղիղ կապը հարձակման և YPG-ի միջև»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել ինը կասկածյալ, նախաքննությունը շարունակվում է:
Տեղեկացնելով, որ զոհված 28 անձանցից 27-ը զինծառայողներ էին՝ Դավութօղլուն խոստացել է ահաբեկչության կազմակերպիչների մասին տվյալները կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների հետ:
Թուրքիայի ղեկավարը հորդորել է «զերծ մնալ Թուրքիայի թշնամուն» ուղղակի կամ անուղղակի աջակցություն ցուցաբերելուց՝ շեշտելով, որ դա կվտանգի այդ երկրների բարեկամ լինելու կարգավիճակը:
«Ճիշտ այնպես, ինչպես Ալ-Կաիդան կամ ԴԱԵՇ-ը [«Իսլամական պետություն» խմբավորման արաբերեն հապավումը - ՍիվիլՆեթ] տեղ չունեն սեղանի շուրջ, ահաբեկչական խմբավորում հանդիսացող YPG-ի համար նույնպես տեղ չի կարող լինել»,- ասել է Դավութօղլուն՝ վերահաստատելով իր դիրքորոշումը Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններում YPG-ի մասնակցության վերաբերյալ:
Արձագանքելով Դավութօղլուի մեղադրանքներին՝ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մուսլիմը հայտարարել է, որ կառույցը պատասխանատու չէ տեղի ունեցած պայթյունի համար:
Վաշինգտոնը Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն ու դրա ռազմական թևը՝ YPG-ն, չի ճանաչում որպես ահաբեկչական և սատարում է նրանց՝ համարելով Սիրիայում կռվող արդյունավետ ուժ:
***
Փետրվարի 17-ին Անկարայում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն 28, վիրավորվել՝ մոտ վեց տասնյակ մարդ:
Թուրքիան փետրվարի 13-ից հրետակոծում է Սիրիայի հյուսիսում քրդական զինուժի դիրքերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել, սակայն այդ հարցում կոալիցիայի ներսում համաձայնություն չկա:
Թուրքական որոշ աղբյուրների, մասնավորապես, Sondakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հետ սահման տեղակայել է զինտեխնիկա` Fırtına տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում: Ըստ որոշ հաղորդագրությունների՝ սահմանին տեղակայցված են նաև մեծաթիվ զորքեր:
Civilnet











