Գլխավոր Լրահոս

«Թուրքիան ճանապարհ է հարթում Սիրիա ներխուժելու համար»

«Թուրքիան ճանապարհ է հարթում Սիրիա ներխուժելու համար»

Քուրդ մարտիկ

Ռուսաստանը խոստացել է օգնել Սիրիայի քուրդ մարտիկներին, եթե Թուրքիան ցամաքային գործողություններ սկսի Սիրիայում՝ քայլ, որը կհանգեցնի մեծ պատերազմի. Bloomberg-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Մոսկվայում Արևմտյան Քրդստանի [Սիրիական Քրդստան - ՍիվիլՆեթ] ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:

«Մենք այս սպառնալիքին շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ Թուրքիայի իշխող կուսակցությունը պատերազմի կուսակցություն է,- ասել է Օսմանը: - Ռուսաստանը կարձագանքի, եթե միջամտություն լինի: Սա միայն քրդերին չի վերաբերում. նա կպաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»:

Քրդական ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերը սատարում են քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի շրջանում, փորձում են առաջանալ դեպի Թուրքիայի սահմանը: Օսմանի խոսքով՝ առաջխաղացումն ավելի արագ կլիներ, եթե Թուրքիան չհակազդեր:

Bloomberg-ը մեջբերում է նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին պետ Նիկոլայ Կովալյովին, որն ասել է, որ Սիրիա մտնելու դեպքում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ուժերը «կարող են ենթարկվել ՌԴ օդուժի հարվածներին»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Թուրքիայի՝ Սիրիա հնարավոր մուտքը, հայտարարել է, որ այն կլինի «ապօրինի»:

«Ցանկացած ներխուժում ինքնիշխան պետության տարածք ապօրինի է: Դա հայտնի ճշմարտություն է,- ասել է գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:- Սիրիան արդեն բարձրացրել է թուրք-սիրիական սահմանին իրավիճակի հարցը, համապատասխան քննարկումն արդեն անցկացվել է»:

Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դրա հետևում Սիրիայի քրդական զինուժի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) հետ կապ ունեցող սիրիացի է, որին օժանդակել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

«Հաստատվել է ուղիղ կապը հարձակման և YPG-ի միջև»,- ասել էր Թուրքիայի վարչապետը:

Սիրիայի քրդերը հերքում են մեղադրանքները

Արձագանքելով Դավութօղլուի մեղադրանքներին՝ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մուսլիմը հայտարարել է, որ կառույցը պատասխանատու չէ և առնչություն չունի տեղի ունեցած պայթյունի հետ:

«Մենք կտրականապես հերքում ենք դա,- Reuters-ին ասել է Մուսլիմը:- Կարող եմ հավաստիացնել, որ «Ժողովրդական պաշտպանության ուժերը» [PYD-ի ռազմական թևն է - ՍիվիլՆեթ], գեթ մեկ փամփուշտ չեն արձակել Թուրքիայի վրա, նրանք Թուրքիային թշնամի չեն համարում»:

Հերքող հայտարարությամբ է հանդես եկել նաև բուն YPG-ն: Ինչպես տեղեկացնում է Kurdish Question կայքը, խումբը վստահեցրել է, որ որևէ կապ չունի Անկարայի ահաբեկչության հետ:

«Մենք կապ չունենք ահաբեկչության հետ: Ոչ միայն այս մեկի, այլ ընդհանրապես Թուրքիայի դեմ որևէ հարձակման մեջ ներգրավված չենք եղել: Իր հայտարարությամբ Դավութօղլուն ցանկանում է Սիրիայի վրա հարձակման համար ճանապարհ հարթել և քողարկել իր կապը «Իսլամական պետության» հետ»,- ասված է YPG-ի հայտարարության մեջ:

***

Փետրվարի 17-ին Անկարայում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն 28, վիրավորվել՝ մոտ վեց տասնյակ մարդ:

Թուրքիան փետրվարի 13-ից հրետակոծում է Սիրիայի հյուսիսում քրդական զինուժի դիրքերը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել, սակայն այդ հարցում կոալիցիայի ներսում համաձայնություն չկա:

Թուրքական որոշ աղբյուրների, մասնավորապես, Sondakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հետ սահման տեղակայել է զինտեխնիկա` Fırtına տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում: Ըստ որոշ հաղորդագրությունների՝ սահմանին տեղակայցված են նաև մեծաթիվ զորքեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում