ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, այսօրվա խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին:
Սերժ Սարգսյանը դիմել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին` խնդրելով հանգամանալից զեկույց ներկայացնել այդ երկրի հետ Հայաստանի այսօրվա հարաբերությունների վիճակի և այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը:
«Կցանկանայի, որպեսզի Դուք մեզ տեղեկացնեք հետևյալ խնդիրների մասին. առաջին՝ բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նախկինում գործադրված պատժամիջոցները կամ խոչընդոտները վերացնելուց հետո մեծ հնարավորություններ են բացվում, և բազմաթիվ ոլորտներում նախանշվում են նոր ծրագրեր: Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին: Ակնհայտ է, որ այստեղ մենք մեր անելիքը պատկերացնում ենք, ոչ միայն պատկերացնում ենք, այլ սկսել ենք նաև շատ գործնական քայլեր: Մեր ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացրել ենք հարյուրավոր միլիոններ, որպեսզի կարողանանք մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ, և այն ճանապարհը, որ այսօր մեր տրանսպորտն անցնում է հինգուկես ժամում՝ երկու անգամ կկրճատվի: Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետև, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Երկրորդ խնդիրը, որ կցանկանայի ուշադրության արժանանար՝ մեր համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: Անշուշտ, այդ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, բայց հիմա մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կոնկրետությունը մեծ է և շատ խոստումնալից: Այստեղ ևս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես և նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով:
Հաջորդ հարցը, որ կցանկանայի Ձեր զեկույցի ուշադրության կենտրոնում լիներ՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններն են, առավել ևս, որ Հայաստանը միակ ԵՏՄ անդամ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ էլ պետք է հասկանանք՝ որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության գործարար շրջանակների ակնկալիքները, մենք հավելյալ ի՞նչ պետք է անենք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու և իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՏՄ և նաև՝ ԵՄ տարածքներում իրացնելու, որովհետև մենք ունենք շատ նպաստավոր առևտրային ռեժիմներ:
Հաջորդ հանգամանքը, որ մեզ համար դարձյալ կարևոր է՝ ապրանքների և տրանսպորտի անարգել մուտքն է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ 80-միլիոնանոց մեծ հնարավորություններով վճարունակ շուկա: Դա մեզ համար կարող է լինել շատ մեծ խթան ոչ միայն Հայաստանի գործարարների, այլ նաև արևմտյան երկրների գործարարների համար: Ընդ որում` արևմտյան երկրների գործարարները, ովքեր պետք է ներդրումներ կատարեն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ունեն նաև հնարավորություններ Հայաստանը որպես հանգրվանային հարթակ դիտարկելու և իրենց գործունեությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս ՀՀ արտգործնախարարը կունենա տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով:
Դեսպան Արտաշես Թումանյանը նշել է, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը եղել են մշտական հսկողության տակ, և այս պահին դրանց մի մասը կատարման ընթացքում է:
«Առաջինը նշեմ, որ կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը, որը մեզ համար համակարգային նշանակություն ունի ամբողջ էկոնոմիկայի, էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալի աշխատանքի համար՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումն է, որի ֆինանսավորման հարցը լուծվել է նաև Ձեր ջանքերով: Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ է, և 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի: Սա մեզ համար կարևոր նորություն է:
Հաջորդ խնդիրը կապված է մեր տրանսպորտային միջանցքի հետ: Այն մեզ համար արմատական նշանակություն ունի: Երբ վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, զանգվածային լրատվության միջոցների առջև պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: Դա կարևոր հայտարարություն էր, որը նաև տեղավորվում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ»,- ասել է դեսպան Թումանյանը:
Civilnet











