Համաշխարհային բանկը Հայաստանին 55 մլն դոլար գումարի չափով վարկ կտրամադրի:
Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան վարկային համաձայնագիրը փետրվարի 23-ին ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը:
Վարկը կտրամադրվի 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:
«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը: Ծրագիրը կօժանդակի ընտրված մարզերում զբոսաշրջության մասնակցության աճին, որը տեղի կունենա ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքային վերածննդի, մշակութային ժառանգության վերականգնման, ինչպես նաև` մասնավոր հատվածի ներդրումների խթանում ապահովող համալիր մոտեցման իրականացման միջոցով»- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Civilnet











